Տեղի է ունեցել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննությունը

դատարան«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ընթացքում Սահմանադրական դատարանի նախագահն ու որոշ անդամներ հարցեր ուղղեցին դիմող կողմին:

ՍԴ նախագահն առաջին հարցով շոշափեց սեփականության իրավունքի խնդիրը, որտեղ դիմող կողմը շեշտադրել է Սահմանադրության 31-43 հոդվածները: «Հիմնականում շեշտադրում կատարվեց օրենքի 5, 7, 13 հոդվածների վրա: Օրենքի 76-րդ հոդվածում այս իրավահարաբերությունների շրջանակներում սեփականության տիրապետման, տնօրինման օգտագործման իրավունքի սահմանափակում է նախատեսվում, ընդ որում դա նախատեսվում է իրականացնել վարչական ակտի միջոցով: Դուք այս նյութին չանդրադարձաք: Պարզապես չցանկացա՞ք դա շոշափել, թե այնքան ակնհայտ էր, որ ավելորդ համարեցիք դրան անդրադառնալ»,- հարցրեց ՍԴ Նախագահը:

Հարցին ի պատասխան, դիմող կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը նշեց, որ հոդվածը փոխկապակցված է, և հանգամանքը շատ ակնհայտ է: «Վարչական ակտով միջամտություն չի կարող լինել սեփականության իրավունքի նկատմամբ, դա կարող է արվել բացառապես դատական կարգով, որպեսզի համապատասխանի Սահմանադրությանը: Այն ձևակերպումը, որն առկա է 76-րդ հոդվածում, հակասում է Սահմանադրության հոդվածներին, հակասում է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հաջորդ հարցով Գագիկ Հարությունյանը նկատեց, որ դիմող կողմն ուսումնասիրել է միջազգային փորձը:

Ձեր ուսումնասիրման ընթացքում հանդիպե՞լ եք որևէ երկրի փորձի, որտեղ սոցիալական ապահովության վճարները և հարկերը միավորված լինեն և դրանք դիտարկվեն որպես հարկ հարցին ի պատասխան դիմող կողմի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք իսկապես ուսումնասիրել են մեծաթիվ երկրների փորձեր:

«Երկրներ, որտեղ իրավակարգավորման տեսակետից նախատեսված լինի պարտադիր կեսաթոշակային վճար, որը հետո վերածված լինի հարկի, զուտ այն պատճառով, որն այն համապարտադիր բնույթ է կրում, մենք չենք հանդիպել, բայց արձանագրել ենք մեկ կարևոր հանգամանք, որ ի սկզբանե, որպես կենսաթոշակային ապահովության միջոց, գերակշիռ ուղղություն տրված է եղել կամավոր հատկացումներին»,- պատասխանեց Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ սոցիալական վճարները, դիտարկված երկրներում ի սկզբանե եղել են օրենքի մակարդակով:

Դիմող կողմին հարցեր հղեցին նաև Սահմանադրական դատարանի այլ անդամներ: Ֆելիքս Թոխյանը հետաքրքրվեց, թե որն է հայցի առարկան. նախապես Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի մեջ քննության առարկա է դարձված վիճահարույց օրենքի 8 հոդված, մինչդեռ դատարանում քննության ժամանակ դիմող կողմը կենտրոնացել է պարտադիր բաղադրիչի երեք հոդվածների վրա:  Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ հայցի առարկան չի փոխվել, ավելին, դրանում ավելացել են օրենքի որոշ դրույթներ:

ՍԴ մյուս անդամ Կիմ Բալայանը պատգամավորից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է իրենք կողմ լինեն այլ մեխանիզմների կիրառմանը, որը պարտադիր լինի, բայց ասենք եկամտային հաշվից կատարվի գանձումը: Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ ցանկացած մեխանիզմ ներդնելիս պետք է հաշվի առնել հանրության կարծիքը, ինչը պարտադիր կուտակային բաղադրիչի պարագայում հաշվի չի առնվել: Կիմ Բալայանը փորձեց ճշտել`համակարգի ներդրմանը կողմ է, բայց այս կարգով ներդրմանը դե՞մ է: Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ պարտադրման այս ձևն ու չափն իրենց համար անընդունելի է:

Tags: ,