Թևան Պողոսյանը հույս ունի, որ աշխարհով մեկ սփռված հայությունը կկարողանա օգնել Քեսաբը վերադարձնել հայերին

թևան պողոսյանՔեսաբահայերի հետ հանդիպած հայ պատգամավորներն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին, որ Քեսաբ վերադառնալու և այն նորից ծաղկեցնելու հույսով են մարդիկ լցված:

ԱԺ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանի խոսքով`քեսաբցիները հասկանում են, որ վերադառնալու դեպքում իրենց տնտեսությունն այն նույն վիճակում չի լինի, ինչ իրենք թողել են:

“Նրանք խնդրում են, որ Հայաստանի Հանրապետությունը, հայկական Սփյուռքը հետագայում ամեն կերպ աջակցեն իրենց` տնտեսությունը վերականգնելու համար”,-ասաց Թևան Պողոսյանը:

Պատգամավորի խոսքով` այս պահին քեսաբահայերի կացարանի հարցը ժամանակավորապես լուծված է, և այժմ նրանք երազում են Քեսաբ վերադառնալու մասին:

“Քեսաբցիներն ասում են, որ, եթե նույնիսկ մեկ-երկու ամիս պետք լինի, իրենք կքնեն քնապարկի մեջ, միայն թե հետո վերադառանան Քեսաբ: Սնունդն ապահովում է համայնքը, եկեղեցին տարբեր պայմաններ է ստեղծում: Պարզապես ուշ, թե շուտ առաջանալու է երեխաների դպրոցի խնդիրը: Այսօրվա դրությամբ ամենաարագ օգնությունը գումարն է, իսկ հետագայի համար պետք է  քննարկել ու ըստ կարիքների` օգնություն տրամադրել”,-ասաց Թևան Պողոսյանը:

Խոսելով սեփական նախաձեռնությամբ Սիրիա մեկնելու և քեսաբահայերին տեսակցելու մասին` Թևան Պողոսյանը նշեց, որ գնալ-տեսնելը շատ կարևոր էր  և’ մարդկային տեսանկյունից, և’ նրանց օգնելու հետագա քայլեր մշակելու տեսանկյունից:

“Մենք որոշեցինք  գնալ, փաստեր հավաքել և հասկանալ, թե ինչպե՞ս կարող ենք այդ ամենի հիման վրա առաջարկությունների ցանկ մշակել, որ Հայաստանը կարողանա տեր կանգնել ցանկացած երկրում վտանգի մեջ հայտնված հայերին»,-ասաց պատգամավորը` հույս հայտնելով, որ քեսաբահայության շուրջ համախմբված հայությունը կկարողանա հասնել նրան, որ Քեսաբը կվերադարձվի հայերին ու էլ երբեք տեղահանության խնդիր չի առաջանա:

Անկախ

Tags: , ,