ՈԱԱԿ-ն աջակցում է բուհում որակի ապահովման համակարգի կայացմանը

ՈԱԱԿ«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային   կենտրոն» հիմնադրամի  (ՈԱԱԿ) աշխատակիցներն աջակցում են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիային  որակի ներքին ապահովման համակարգի կայացման հարցում:

Բուհում ապրիլի 10-11-ին ընթանում է «Որակի ապահովման ներքին և արտաքին մեխանիզմները» թեմայով  երկօրյա սեմինարը`նախատեսված բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական կազմի համար: Սեմինարին որպես բանախոսներ մասնակցում են նաև ՈԱԱԿ աշխատակիցները:

Երեկ կայացած սեմինարին որպես բանախոս է հանդես եկել ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը, ով ներկայացրել է, թե ինչ է որակի ապահովման համակարգը, ինչու է կարևոր որակի ներքին ապահովման մշակույթի ձևավորումը  բուհում, ինչ  մեխանիզմներ պետք է ներդրվեն, որպեսզի կայանան որակի ներքին ապահովման համակարգի առանձին տարրերը: Այնուհետև Մարզպանյանը պատասխանել է բուհի աշխատակիցների՝ կրթության որակի ապահովման  ներբուհական համակարգի կայացմանն առնչվող բազմաբնույթ հարցերի:

Այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում շարունակվող սեմինարին  որակի ապահովման արտաքին համակարգը կներկայացնեն և հարցերին կպատասխանեն ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի պետ Անուշավան Մակարյանը և բաժնի մասնագետ Հարություն Մարզպանյանը:

Tags: , ,