«Dasaran.am» ցանցում են ՀՀ բոլոր 1400 դպրոցները

20140409_152943 «Dasaran.am» կրթական ծրագիրը չորս տարվա համառ աշխատանքի արդյունքում այսօր արդեն իր ցանցում ընդգրկում է ՀՀ բոլոր 1400 դպրոցները: Կրթական ծրագրի ցանցից օգտվում է 843.300 մարդ (տնօրեններ, ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ):

Այս անգամ «Dasaran.am» կրթական ծրագրի աշխատանքային թիմն այցելեց Շիրակի և Տավուշի մարզեր՝ տեղի գյուղական համայնքներիի դպրոցների շուրջ 200 ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացն իրականացնելու նպատակով: Այն միտված էր օպերատորների, ուսուցիչների և դպրոցների տնօրենների շրջանում Ծրագրի էլեկտրոնային գործիքների վերաբերյալ հմտությունների զարգացմանը:

Ինտերակտիվ մեթոդով իրականացվող վերապատրաստման ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվում ոչ միայն մանրամասն ծանոթանալ կրթական ծրագրի կողմից ստեղծած էլեկտրոնային գործիքին (ինտերֆեյսին), այլև տեղում՝ համակարգիչների առջև, գործնական առաջադրանքների միջոցով ամրապնդել ստացած տեսական գիտելիքները: Կրթական ծրագիրը տրամադրում է նաև  «Dasaran.am»-ից օգտվելու մանրամասն ուղեցույց, ինչպես նաև ապահովում ծրագրի հետագա աշխատանքների սահուն ու անխափան ընթացքը:

Վերապատրաստումներին արդեն իսկ մասնակցել են Երևան քաղաքի և ՀՀ 10 մարզերի շուրջ 36.000 օպերատորներ և ուսուցիչներ:

Հիշեցնենք, որ «Dasaran.am» կրթական ծրագիրը վայելում է ՀՀ ԿԳ նախարարութան և Երևանի քաղաքապետարանի աջակցությունը, իսկ մարզերում համապատասխան գործունեությունն իրականացվում է ՀՀ վարչապետի հավանությամբ: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցության շնորհիվ ծրագիրը գործում է անվճար հիմունքերով:

Tags: