Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները համագործակցելու են ՆԳՆ հետ

534f4ebf-a503-858e-a503-8581c0fd216b.photo.0.

Պլաստիկ վիրաբուժության կլինիկաները պարտավոր են իրավապահ մարմիններին տեղեկացնելու կատարած վիրահատությունների մասին: Նման առաջարկով է հանդես եկել  ՌԴ պետդումայի պատգամավոր  Վադիմ Սոլովյովը: Կլինիկաների ու իրավապահների միջև պետք է համագործակցություն լինի, քանի որ պլաստիկ վիրահատության օգնությամբ կարող են թաքնվել հետախուզվող անձինք, համոզված է նա:

«Իզվեստիա»-ն նշում է, որ նման առաջարկի համար պատճառ է դարձել օրեր առաջ դաշնային հետախուզման մեջ գտնվող 57-ամյա հանցագործի ձերբակալությունը: Չեչնիացին կեղծված փաստաթղթերով ռուսական բանկերից մեկում 89 մլն ռուբլի վարկ էր վերցրել, դրանից հետո պլաստիկ վիրահատության էր ենթարկվել ու մեկ տարի հետախուզման մեջ էր գտնվում:

«Անձնական տվյալների» մասին օրենքում նման փոփոխությունն ամենևին չի  ազդի քաղաքացիների ու բժշկական գաղտնիքի իրավունքների վրա, նշել է պատգամավորը: Պլաստիկ վիրահատության մասին տեղեկությունները կգրանցվեն ՆԳՆ-ի տվյալների հատուկ  փակ բազայում:

«Արդեն վաղուց են քննարկումներ լինում պլաստիկ վիրահատության նորմատիվ-իրավական ակտ ստեղծելու վերաբերյալ, որի բաժիններից մեկում ենթադրվում է առանձնացնել տեղեկատվական տվյալներ այն կարգի վիրահատությունների մասին, որոնք իրավապահ մարմիններին կհետաքրքրեն,-ասում է անվտանգության ու կոռուպցիային հակազդելու Պետդումայի կոմիտեի անդամ Կոստունովը:-Այստեղ կարևոր է հաշվի առնել,  որ համապատասխան մարմինները պետք է հնարավորություն ունենան նույնականացնելու մարդուն` անկախ այն հանգամանքից, թե որքան է նա փոխել արտաքինը»:

Առաջարկության պատասխանը դեռ չի ստացվել, սակայն հրատարակությունը նշում է, որ նախարարությունում այս հարցը քանիցս բարձրացվել է:

Անկախ

Tags: