Իսրայելից մեր ծանրորդների վերադարձից հետո` տհաճ անակնկալ և նոր խնդիրներ

Ինչպես հայտնի է, Թել Ավիվում կազմակերպված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում մեր երկրի 10 մասնակիցներից (7 մարզիկ և 3 մարզուհի) գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը, Վանիկ Ավետիսյանը (69 կգ) երկամարտում դարձել են արծաթե մեդալակիր, 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն էլ բրոնզե պարգևի է տիրացել: Մերոնք տուն են վերադարձել 7 մեդալով` ևս 4-ին արժանանալով առանձին վարժություններում:

Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) պոկում վարժությունում տիրացել է ոսկե մեդալի, Մարգարյանը ոսկե մեդալի է արժանացել հրում վարժությունում, Ավետիսյանը, Ալեքսանյանը նույն վարժությունում դարձել են արծաթե մեդալակիր: Վերջին շրջանում Հայաստանի ծանրորդների անհաջողություններից հետո այս ամենն այնքան տպավորիչ է, որ Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը, ընդունելով մեր երկրի պատվիրակներին, գոհունակություն հայտնեց: Չէին եկել միայն Մարտիրոսյանը և նույն քաշային կարգում ոչնչով չուրախացրած, 10-րդ տեղը գրաված, Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանը: Բացակայում էր նաև նրա հայրը` օլիմպիական խաղերի չեմպիոն Օգսեն Միրզոյանը, որը որդու մարզիչն է:

Ի դեպ, Միրզոյանը հայտնել է, որ Առաքելի այդ արդյունքից բավարարված է, նաև նշել է, որ որդին երբեք չի մարզվի հավաքականի անդամների հետ միասին: Ստացվում է, որ ծանրորդը հավաքականի գլխավոր մարզչի ուշադրությունից հեռու պետք է լինի: Իսկ եթե Պողոս Պողոսյանը չվստահի նրան և հավաքականում չընդգրկի՞…

Թեև Իսրայելից վերադարձի ճանապարհին, Մոսկվայից Երևան չվերթ կատարող ինքնաթիռի տեղ հասնելուց հետո մեր պատվիրակները տհաճ անակնկալ ունեցան, այնքան էլ սրտնեղած չէին և սիրով հայտնեցին իրենց տպավորությունները: Իսկ տհաճ անակնկալն այն էր, որ ոչ բոլորի ուղեբեռն էր տեղ հասել, ոմանց ճամպրուկներն էլ լավ քրքրել էին, ամեն ինչ իրար խառնել: Թե ինչու էր այդ վիճակը, պարզ չէ:

Պողոս ՊողոսյանՊողոս Պողոսյան (Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ)

- Ուսումնամարզական հավաքների ժամանակ ծանրորդները լավ մարզավիճակ էին ձեռք բերել, այդուհանդերձ, խոստումներ չեմ տվել: Ասել եմ, որ եթե հնարավորություն լինի, մերոնք կպայքարեն մեդալների համար: Այդպես էլ եղավ: Թիմի ընդհանուր մասնակցությունից գոհ եմ: Խնդիր էր դրված, որ մարզիկները հնարավորինս շատ մոտեցումներ կատարեն ծանրաձողին և այն բարձրացնեն: Բոլորն էլ ցույց տվեցին այն արդյունքները, ինչին պատրաստ էին, և մարզիչներս բավարարված ենք: Մեր գերխնդիրն այն է, որ ավելի լուրջ թիմով և հաջող մասնակցենք նոյեմբերին Ղազախստանում կայանալիք աշխարհի առաջնությանը, քանի որ այն վարկանշային է օլիմպիական խաղերի համար: Անհրաժեշտ է շատ միավորներ վաստակել, որպեսզի 2016-ի օլիմպիական խաղերում 4-5 ծանրորդ ունենանք: 77 կգ քաշային երկու տիտղոսակիր մարզիկ ունեինք: Նրանցից մեկը Հայաստանի առաջնությանը կիսատ էր մասնակցել, մյուսը` բաց էր թողել այն, այնուամենայնիվ. երկուսին էլ հավաքականում ընդգրկել էինք: Օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանի մրցելույթը նորմալ եմ համարում: Նա երկար ժամանակ մրցահարթակ դուրս չէր եկել: Դա զգացնել տվեց, թեև երկամարտում Տիգրանը 4-րդն էր, բայց պոկում վարժությունում ուժեղագույն ճանաչվեց: Իհարկե, նրանից ավելին էինք սպասում, բայց եղածն էլ այժմ բավարար է: Ինչ վերաբերում է Եվրոպայի նախկին չեմպիոն Առաքել Միրզոյանին, ապա նա նույնպես երկար ժամանակ մրցման չէր մասնակցել: Ինքս դժգոհ եմ նրա մրցելույթից, սակայն ավելի լավ է այդ մասին նրա անձնական մարզիչը և հայրը` Օգսեն Միրզոյանը պարզաբանում տա:

Քաշային կարգեր կային, որոնցում Եվրոպայի առաջնությունում երկուական մարզիկ ունինք: Եթե հույսեր ներշնչող մարզիկներ ենք ունենում, ապա չենք խուսափում, որ նրանք նաև միմյանց հետ մրցեն ներկայացուցչական ստուգատեսներում: Երկամարտում 4-րդ տեղ գրաված 85 կգ քաշային Աղասի Աղասյանը պոկում վարժությունում թերացավ, չկարողացավ հաղթահարել այն ծանրությունը, որին ի վիճակի է: Բայց հրում վարժությունում գոհացրեց: Նույնը կարելի է ասել 105 կգ քաշային Հայկ Հակոբյանի մասին: Նա ուսումնամարզական հավաքի վերջում ոտքի վնասվածք ուներ, մրցման օրն էլ կոտրվածք ստացավ, այդ է պատճառը, լիովին չդրսևորեց իրեն: Գերծանրքաշային Ռուբեն Ալեքսանյանը ևս 2010-ից հետո ոչ մի խոշոր միջազգային մրցաշարի չէր մասնակցել, բայց նա կարողացավ կենտրոնանալ, պատկառելի ծանրություններ բարձրացնել: Ռուբենն արեց ավելին, քան մարզումների ժամանակ էր հաղթահարում: Նա աճելու տեղ ունի, պարզապես դրա համար պետք է նպատակաուղղված մարզվի: Հայաստանում հույսեր ներշնչող մարզիկներ կան: Հավաքականի դռները բաց են, այնպես որ լավ արդյունք ցույց տվողները թիմում իրենց տեղը կգտնեն: Մասնավորապես, Արա Խաչատրյանը մարզվում է, և երբ իր լավագույն մարզավիճակը վերագտնի, անպայման հավաքականի կազմը կհամալրի:

Արտաշես Ներսիսյան (Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ)

- Հռիփսիմե Խուրշուդյանը մայր դառնալուց հետո երկար ժամանակ չէր մարզվել և միջազգային մրցումների չէր մասնակցել: Նրա մրցելույթից գոհ ենք, նպատակ ունեինք, որ նա հնարավորինս շատ մոտեցում կատարի: Ծանրորդուհին երկու-երեք ամիս էր մարզվել և չէր կարող իր նախկին արդյունքները ցույց տալ: Աշնանը Խուրշուդյանն ավելի լավ մարզավիճակում կլինի, իսկ 2015-ի այս մրցահատվածում նախատեսվում է, որ գերազանց պատրաստվածություն ունենա: Նա պետք է իր քաշն ավելացնի, դա կօգնի, որ ուժեղ մրցակիցների հետ հեշտ պայքարի: Նրա քաշի պակասը գլխավոր խանգարող հանգամանքն է: Մյուս մարզուհիները ևս` Էլեն Գրիգորյանը, Աննա Գովելյանը, երկար ժամանակ միջազգային մրցահարթակ դուրս չէին եկել, նրանք էլ պետք է փորձեին շատ մոտեցումներ կատարել: Մելինե Դալուզյանն էլ առողջական խնդիր ուներ, մրցավայր չեկավ: Կարող էինք նրան տանել, բայց փորձեցինք զերծ մնալ բարդություններից, ավելորդ համարձակ քայլերից:
Մարզուհիները խնդիր ունեն, պետք է քաշային կարգերը փոխեն: Աշնանն ամեն ինչ պարզ կլինի, աշխարհի առաջնության վարկանիշային մրցաշարին բոլորն էլ պետք է նորմալ մասնակցեն, ավելացնեն իրենց արդյունքները: Նախատեսում ենք, որ օլիմպիական խաղերի 2-3 ուղեգիր կունենանք: Դրա համար պետք է պայքարենք:

Ռուբեն ԱլեքսանյանՌուբեն Ալեքսանյան (2014-ի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր)

- Վերջին անգամ մրցահարթակ դուրս էի եկել 2011-ի աշխարհի առաջնությունում և ձախողվել էի` չբարձրացնելով պատվիրած ծանրությունը, ստացել էի 0: Մարզումների ժամանակ բարձր կիլոգրամներ էի հաղթահարել և վաստահ էի ուժերիս: Թել Ավիվում պոկում վարժության կատարման ժամանակ վնասվածք ստացա, դա էլ խանգարեց հրում վարժությունն ավելի լավ կատարել: Եվրոպայի առաջնությունում կշռում էի 147 կգ: Սովորաբար 150 կգ քաշ եմ ունենում, բայց մրցումներից առաջ մի փոքր քաշ եմ գցում: Անձնական ծանրությունն ինձ չի նեղում, նորմալ եմ զգում: Առանձին սննդի ռեժիմ չեմ պահպանում: Դժվարանում եմ ասել, թե օրական ինչքան միս եմ օգտագործում: Աշխարհի առաջնությանը կփորձեմ հնարավորինս լավ մասնակցել, խաղարկված պարգևներից անմասն չմնալ: Գլխավոր նպատակը 2016-ի օլիմպիական խաղերին հաջող մասնակցելն է: 24 տարեկան եմ, չեմ շտապում ընտանիք կազմել, ընկերուհի չունեմ: Այդ ամենի մասին կմտածեմ օլիմպիական խաղերից հետո: Առայժմ, բացի մարզումներից և մրցումների մասնակցելուց, չեմ ցանկանում այլ խնդիրներով զբաղվել:

Հռիփսիմե Խուրշուդյան (օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր)

հռիփսիմե խուրշուդյանԿարոտով վերադարձա մրցահարթակ: Անձնական քաշս չի բարձրանում, նպատակ եմ դրել, որ կիլոգրամներս ավելացնեմ: Միայն դրանից հետո կկարողանամ մեդալների համար պայքարել Չինաստանը և Ռուսաստանը ներկայացնող հիմնական մրցակիցներիս հետ: Նրանք անձնական քաշերով ինձ զգալիորեն գերազանցում են: Եվրոպայի առաջնությունում կաշկանդվածություն չէի զգում: Շատ կարոտում էի որդուս` Աշոտին, որին տանն էի թողել: Բացը լրացնելու համար անընդհատ հեռախոսակապ էի պահպանում: Նա ինձ արդեն ճանաչում է, ուրիշ ոչ ոքի մոտ չի ցանկանում մնալ: Օլիմպիական խաղերում առնվազն կփորձեմ կրկնել իմ նախորդ հաջողությունը, բրոնզե պարգևի արժանանալ: Իսկ աշխարհի առաջնությունում խնդիր ունեմ պայքարել մեդալի համար:

Փաշիկ Ալավերդյան (Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար)

Փաշիկ ԱլավերդյանԵվրոպայի առաջնության սկզբում անսպասելի բաներ կատարվեցին: Մասնավորապես, սխալ կշռաքարեր էին տեղադրվել, և մրցելույթ ունեցած մարզիկը երջանիկ պատահականությամբ վնասվածք չստացավ: Համակարգչային համակարգն էր խափանվում, թյուրիմացություններ էին առաջանում: Իսրայելի ներկայացուցիչները մեղք չունեին: Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան էր այդ ամենի պատասխանատուն: Մնացած ամեն ինչ նորմալ էր:

Tags: ,