Էրդողանի հայտարարությունը թակարդ է. քաղաքագետ

Հրանտ Մելիք-Շահնազարյան«Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի ապրիլի 23-ի հաղորդագրությունը բոլորի համար անսպասելի էր, և այդ մոտեցմամբ Թուրքիան փորձում է որդեգրել Ցեղասպանությունը ժխտելու նոր գործիքակազմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է ավելի լավ ուսումնասիրել թուրք պաշտոնյայի հաղորդագրության բոլոր դրույթները. «Այն ունի հստակ ուղեգծեր, որոնք Թուրքիան փորձելու է գործի մեջ դնել մոտակա մեկ տարվա ընթացքում»:

Ըստ քաղաքագետի` Թուրքիան այս նոր քաղաքականությամբ փորձում է Ցեղասպանությունը կապել առաջին աշխարհամարտի հետ:  «Դա թակարդ է, երբևէ չպետք է թույլ տանք, որ Ցեղասպանությունը կապակցվի Առաջին համաշխարհային պատերազմի հետ, քանի որ այն սկսվել  է առաջին համաշխարհայինից առաջ և շարունակվել դրանից հետո: Այդ քաղաքականությունը նպատակաուղղված է եղել  և սկսվել է հայերին բնաջնջելու, իրենց պատմական հայրենիքից զրկելու համար»,- նշեց  Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Բացի այդ, Թուրքիան փորձում է առաջին քայլը անել և Ցեղասպանության հետ կապված քննարկումները, որոնք մինչև ողբերգության հարյուրամյակը բավականին շատ են լինելու,  ուղղել իրենց ձեռնտու ուղղությամբ:

Թուրքագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հաղորդագրությունը թարգմանված է եղել ութ լեզուներով, այդ թվում` արևելահայերեն և արևմտահայերեն: «Դա ցույց է տալիս, որ հաղորդագրության հասցեատերերը հայերը չեն, այլ միջազգային հանրությունը: Եթե հասցեատերը լինեին հայերը, առնվազն հայերեն տեքստը գրական կլիներ, ոչ թե Google translate-ով կամ նման ինչ-որ արհեստական միջոցով թարգմանված. վերջին հաշվով խոսքը  վարչապետի հաղորդագրության մասին է, այն էլ՝ «աննախադեպ»»,- ասաց Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը կարծում  է, որ Թուրքիայի իշխանություններն առաջիկա տարվա ընթացքում նման հայտարարություններով հանդես կգան՝ միջազգային հանրությանը ցույց տալով խնդրի քննարկման պատրաստակամությունը,  փորձելով փաստացի լղոզել հարցի էությունը. «Բոլորիս համար հասկանալի է, որ Թուրքիան բավականաչափ ժամանակ ուներ իր արխիվները մաքրելու և հնարավորինս մաքուր ներկայանալու աշխարհին: Իսկ ինչ վերաբերվում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծման նրա առաջարկին՝ պետք է ասել, որ հայկական կողմը կարող է համաձայնել դրան, բայց որոշակի պայմաններով. եթե կլինի ճանաչում, և, եթե հանձնաժողովը ուսումնասիրի բացառապես ցեղասպանության կատարման պատճառները, մեխանիզմները, բայց ոչ երբեք կասկածի տակ դնի ցեղասպանության եղելությունը»:

Tags: , , ,