Ուկրաինացիները ռուսներին կարող են դիմակայել միայն քաղաքներում երկարատև պայքարի միջոցով. Բժեզինսկի

536529ee5c1e1_image1ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական և «Ռազմավարական տեսլական. ԱՄՆ-ն և համաշխարհային իշխանության ճգնաժամը»  (Strategic Vision: America and the Crisis of Global Power) աշխատության հեղինակ Զբիգնև Բժեզինսկին, խոսելով ուկրաինական ճգնաժամի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի գործողությունների մասին, նշել է.

  «Նախագահ Բարաք  Օբաման պետք է որքան հնարավոր է շուտ և հստակ հայտնի ամերիկացիներին, որ ուկրաինական ճգնաժամը դարձել է Սառը պատերազմից հետո միջազգային անվտանգության համակարգի համար ամենալուրջ սպառնալիքը:

Արդեն մեկ ամիս է անցել այն պահից, երբ ռուսները Ռուսաստանին  են միացրել Ղրիմը, և վերջին իրադարձությունները միայն բարդացրել են ճգնաժամը. որոշ տվյալներով ուրբաթ օրը ռուսամետ զինյալները երկու ուկրաինական ուղղաթիռ են ոչնչացրել անջատողականների հսկողության տակ գտնվող Սլավյանսկում: Այնուամենայնիվ, նախագահ  Օբաման դեռևս հանդես չի եկել այս հակամարտության մեջ իրական սպառնալիքների մասին սպառիչ հայտարարությամբ.    ինչու՞ ենք բախվել այս խնդրին, ինչու՞ է մեր շահերից  բխում ռուսների հետ այս խնդրի համատեղ լուծումը, և ինչու ՞ ենք մենք պարտավոր օգնել Ուկրաինային, եթե բանակցություններն անօգուտ լինեն: Նախ, Օբաման պետք է բացատրի, թե ինչու մենք չենք կարող համակերպվել նման միջազգային համակարգի հետ, որի պայմաններում ավազակները գրավում են այլ երկրներ, իսկ վերջիններիս սահմաններում իրավիճակը կարող է անկայունանալ դրսից, և ինչու ՞  ենք այս ամենի համար պատասխանատվություն կրում ոչ միայն մենք, այլ նաև մեր գործընկերները, ինչպիսին է օրինակ՝ Չինաստանը, որի խաղադրույքը կայունության մեջ պետք է լինի նույնքան մեծ, որքան մերն է:

Ընդհանուր առմամբ, աջակցում եմ մինչ այս նախագահ Օբամայի նախաձեռնած բոլոր քայլերը: Հաշվի առնելով այն դեմոկրատական դաշինքը, որն ունենք, կարծում եմ՝ նա հիմնականում վարվել է այնպես, ինչպես հնարավոր էր տվյալ իրավիճակում: Բայց մեղադրում եմ նրան այն հարցում, որ նա պետք է հրապարակայնորեն հայտներ ամերիկացիներին այս խնդիրների մասին: Նա բնակչությանը ոչ մի լուրջ հայտարարությամբ չի հայտնել միջազգային այս ճգնաժամի պոտենցիալ ռիսկերի մասին: Նա ամերիկացիների աջակցության կարիքն ունի: Ուստի, նա պետք է համոզի ժողովրդին, որ սա կարևոր է, արժանի ազգային աջակցության և ըմբռնման:

Օբաման նաև պետք է Արևմուտքում ձևավորի այս ժգնաժամի հարցում մեր բոլորի պատասխանատվության մասին համոզմունք, իսկ Մոսկվային համոզի, որ մենք լուրջ ենք տրամադրված: Եթե մենք ցանկանում ենք զսպել Ռուսաստանի գործողությունները, պետք է համոզենք նրան, որ այս ագրեսիան կհանգեցնի բազում բացասական հետևանքների:  Բայց սա տեղի կունենա այն պարագայում միայն, եթե ուկրաինացիները ընդդիմանան: Այսուհանդերձ,  մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն նրան, որ Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ և, միաժամանակ, պետք է նշել, որ օգնելու ենք ուկրաինացիներին պաշտպանել իրենց քաղաքները հնարավոր հարձակման դեպքում: Ուկրաինացիները կկռվեն,  եթե հստակ իմանան, որ, վերջիվերջո, ստանում են Արևմուտքի աջակցությունը. մասնավորապես՝ կարող ենք օգնել քաղաքների պատշաճ պաշտպանության համար անհրաժեշտ զենքի մատակարարման միջոցով:  Ուկրաինացիները չեն կարող կոտրել ռուսներին բաց տարածքներում, որտեղ կարելի է կռվել հազարավոր տանկերով: Նրանք կարող են դիմագրավել ռուսներին միայն  քաղաքներում երկարատև դիմակայության միջոցով: Բայց քաղաքը պաշտպանելու համար պետք է ունենալ հակատանկային զենք, շարժական հրթիռներ, համապատասխան կազմակերպական կառուցվածք»:

 

Tags: ,