Էրդողանը պնդում է, որ Ցեղասպանություն չի եղել, քանի որ ոչ բոլոր հայերն են սպանվել

էրդողանՄի քանի օր անց ապրիլի 23-ի խորամանկ հայտարարության հրապարակումից հետո, որը մի քանիսին մոլորության մեջ էր գցել, թե իբր Թուրքիայի վարչապետ Էրդողանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, նա փոխեց իր դիրքորոշումը ամերիկյան հեռուստածրագրում, պնդելով, որ 1915 թվականի հայերի զանգվածային սպանությունը ցեղասպանություն չէր:

Վաստակավոր լրագրող Չառլի Ռոզի այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է Թուրքիայի վարչապետի համար այդ սպանությունները բնորոշել որպես ցեղասպանություն, Էրդողանը ծիծաղելի պատասխան տվեց. «Հնարավոր չէ, քանի որ եթե ցեղասպանություն եղած լիներ, հայեր կապրեի՞ն այս երկրում [Թուրքիայում]»:

Անհավատալի է, որ Թուրքիայի նման խոշոր երկրի ղեկավարն անտեղյակ է ցեղասպանության աշխարհով մեկ ընդունված սահմանումից: Արտգործնախարար Դավութօղլուն (նախկին պրոֆեսոր) և այլ զարգացած թուրքեր հավանաբար շատ ամաչեցին տեսնելով, թե ինչպես է իրենց վարչապետը խայտառակվում՝ բացահայտելով իր անգրագիտությունը միլիոնավոր հեռուստադիտողների առջև:

1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու» կոնվենցիայի 2-րդ հոդվածը ցեղասպանություն է համարում «այն գործողությունները, որոնք կատարվում են մի որևէ ազգային, ցեղային կամ կրոնական խմբի լիակատար կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»։

Պետք չէ ցեղասպանագետ լինել հասկանալու համար, որ պարտադիր չէ ոչնչացնել որոշակի խմբի ամեն մի անդամի՝ ցեղասպանության իրականացման մեջ մեղադրվելու համար: Արդյոք Հիտլերը կարողացավ սպանել Գերմանիայի բոլո՞ր հրեաներին: Մի՞թե Էրդողանը կհանդգներ գնալ ամերիկյան հեռուստաընկերություն և նման մի վիրավորական կարծիք հայտնել հրեաների Հոլոքոստի վերաբերյալ, պնդելով, թե դա ցեղասպանություն չէ, քանի որ այսօր էլ բազմաթիվ հրեաներ են ապրում Գերմանիայում: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արժանի պատասխան տալով հորդորեց Էրդողանին հետևել Գերմանիայի` Հոլոքոստի ընդունման օրինակին՝ «ճանաչելու, դատապարտելու և ներողություն հայցելու» միջոցով: Նալբանդյանը պետք է նաև ավելացներ «փոխհատուցման» պարտադիր պահանջը՝ առանց որի մնացածը սին խոսքեր են:

Էրդողանին պետք է հիշեցնել, որ ընդամենը մի քանի օր առաջ նա կոչ էր անում ստեղծել պատմաբանների համատեղ հանձնաժողով «պատմական փաստերը» ուսումնասիրելու համար: Ի՞նչ իմաստ ունի նման ուսումնասիրություն անցկացնել, եթե նա արդեն եզրակացրել է, որ ցեղասպանություն չի եղել: Վարչապետի առաջարկը ոչ լուրջ է և ոչ էլ անկեղծ …

Չառլի Ռոզի հետ ունեցած իր հարցազրույցի վերջում Էրդողանը լրացուցիչ հակասական հայտարարություններ արեց` ցեղասպանության համար մեղքը բարդելով  օսմանցիների վրա. «Այն տեղի չի ունեցել ներկայիս Թուրքիայի Հանրապետության օրոք: Այն եղել է Օսմանյան կայսրության օրոք…. Եթե փաստաթղթերը ցույց տան, որ մեր նախնիները ինչ-որ սխալ են գործել… եթե  պատմաբանները կարողանան դա ի ցույց դնել, ապա մենք պետք է փոխհատուցենք դրա հետևանքների համար»:

Չնայած Հայաստանում և Սփյուռքում ոչ մի հայ չխաբվեց Էրդողանի կեղծ հայտարարությունից, Թուրքիայի որոշ հայերի արձագանքը հասկանալիորեն ավելի բարյացակամ էր: Պոլսո Հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն իր շքախմբի հետ շտապեց Անկարա՝ Թուրքիայի վարչապետի հետ «հաճելի» զրույցի և արտգործնախարար Դավութօղլուի հետ մտերմիկ Ճաշկերույթի համար: Արքեպիսկոպոս Աթեշյանը շնորհակալություն հայտնեց Թուրքիայի ղեկավարներին նրանց կողմից «ընդհանուր ցավ» արտահայտելու համար՝ վկայակոչելով Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում զոհված հայերին և թուրքերին:

Գովասանքի նման խոսքերը զարմանալի չեն, հաշվի առնելով Թուրքիայի բռնատիրական և դաժան վարչակարգում հայերի՝ որպես պատանդների կարգավիճակը, ինչպես լրագրող Հրանտ Դինքի դեպքում էր, որն իր կյանքի գնով վճարեց Ցեղասպանության մասին ճշմարտությունն ասելու համար: Որոշ թուրքահայեր, սակայն, սովորել են օգտագործել երկրի օլիգարխիկ համակարգն իրենց անձնական շահերն առաջ տանելու համար: Նրանք պատրաստակամ են ընդունելու Հայոց ցեղասպանության թուրքական ժխտողականությունը` հարստություն դիզելու համար մութ գործարքների մեջ մտնելով պետական պաշտոնյաների հետ և/կամ ապահովելու իրենց բարձրաստիճան պաշտոնները հայ համայնքում: Իրոք, մի քանի հանրահայտ թուրքահայեր առաջարկել էին Էրդողանին առաջադրել Խաղաղության Նոբելյան մրցանակի` ապրիլի 23-ի նրա հայտարարության համար… Երկու հայ գործարարներ անգամ ինքնախարազանող հայտարարություններ տեղադրեցին թուրքական թերթերում` շնորհակալություն հայտնելով Էրդողանին և ներողամտություն հայցելով Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական «կորուստների» համար:

Վերջիվերջո, կարևորն այն չէ, թե Էրդողանն իր հայտարարության մեջ կամ Դավութօղլուն The Guardian թերթի իր սյունակում ինչ են ասում կամ չեն ասում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի հիմնարար հարց է` արդյոք թուրք պաշտոնյաները պատրա՞ստ են քավելու հայ ժողովրդի դեմ իրենց նախնիների իրագործած ոճրագործությունների մեղքերը: Հայերի մեծամասնության համար կարևորը փոխհատուցումն ու արդարությունն է,  ոչ թե դատարկ հռետորաբանությունը … Էրդողանի խոսքերը չափազանց անբավարար են և խիստ ուշացած: Նրա հայտարարությունը սոսկ խորամանկ հնարք է վնասի մեղմացման համար, հաշվի առնելով բազմացող միջազգային տրամադրություններն ու կոչերը` պատասխանատվություն կրելու Հայոց ցեղասպանության համար, ինչպես նաև` շեղելու ուշադրությունը Թուրքիայի և նրա վարչապետի շուրջ սկանդալային հորձանուտից:

 

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի

 

Tags: , ,