Հավատարմագրում. Փորձագետները կայցելեն ՀՀ պետական կառավարման ակադեմիա և Երևանի գյուղատնտեսական համալսարան

expertsԱյսօր մեկնարկում է փորձագիտական երկու խմբերի այցը Երևանի գյուղատնտեսական համալսարան և ՀՀ պետական կառավարման ակադեմիա:

Հավատարմագրման գործընթացի շրջանակներում փորձագիտական խմբերը մայիսի 12-16-ը երկու բուհերում հանդիպում-քննարկումներ կունենան բուհերի ռեկտորների, փոխռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:

Գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամը:

Մինչ այս բուհերն, ըստ Կառավարության կողմից հաստատված պետական հավատարմագրման կարգի, արդեն ներկայացրել են ինքնավերլուծություն, որն էլ փորձագետներն ուսումնասիրել են: Այցի ավարտից հետո փորձագիտական խմբի ղեկավարը կամփոփի փորձագետների եզրակացությունները և կներկայացնի վերջնական զեկույց: Դրա հիման վրա կմշակվի բուհի հետագա բարելավման պլանը:

Փորձագիտական խմբում ընդգրկված են հայաստանյան փորձագետներ, մեկ միջազգային փորձագետ և մեկ ուսանող:

Երևանի գյուղատնտեսական համալսարանի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՏՀ  տնտեսագիտության ամբիոնի դոցենտ  Աղավնի Հակոբյանը: Միջազգային փորձագետը Նիդեռլանդների Ուտրեխտի համալսարանի  ընդունելության գործընթացի ղեկավար, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Թեո Վաբելսն է:

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի փորձագիտական խմբի ղեկավարն է ՀՊՄՀ պրոֆեսոր   Սամվել Պիպոյանը: Միջազգային փորձագետը Իսպանիայի  Վալենսիայի տեխնոլոգիաների համալսարանի ռեկտորի  ինստիտուցիոնալ և միջազգային զարգացման գծով խորհրդական Գայ Հագն է:

Նշենք, որ ներկայում  ինստիտուցիոնալ հավատարմագրում է իրականացվում հինգ բուհերում: Մինչ այս փորձագիտական խմբերն արդեն այցելել են Երևանի «Հայբուսակ» համալսարան, «Մխիթար Գոշ»  հայ-ռուսական միջազգային համալսարան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան:

Tags: , ,