Ինչո՞ւ Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան

Azerbaijan's Ahmadli wrestles with Bulgaria's Yusein at the Senior Wrestling European Championship in BakuԸմբշամարտը Հայաստանում հենակետային մարզաձև է, սպասելիքները մեծ են: Օդեսայում օրերս կայացած ազատ ոճի ըմբշամարտի «Սև ծով» միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որին մասնակցում էին տասը երկրների պատվիրակներ, մեր ըմբիշներն անմասն չմնացին խաղարկված պարգևներից: Թե ինչքանով են սպասելիքներն արդարացել, խնդրեցինք պարզաբանել միջազգային կարգի մրցավար Լյովա  Վարդանյանին:

- Մրցաշարը գրանցված է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի միջոցառումների օրացուցային ծրագրում: Այդ է պատճառը, որ  բոլոր երկրներից էլ կարողությունները փորձում էին լավագույն ըմբիշները: Պայքարի ոլորտ էին ներգրավվել Գերմանիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Մոլդովայի, Ուկրաինայի,  Ադրբեջանի, Վրաստանի, Ռուսաստանի, Բուլղարիայի և Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանից մրցագորգ դուրս եկած 6 մարզիկներից 3-ը մրցանակակիր դարձան: 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, 96 կգ քաշային Էդգար Ենոքյանը կանգնեցին պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին, իսկ 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլանը բավարարվեց 3-րդ տեղով: Մրցումները բարձր մակարդակով էին, տիտղոսակիրները շատ էին: Ենոքյանը վճռական գոտեմարտում պարտվեց 2012-ին Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալակիր դարձած ուկրաինացի ըմբիշին:

 - Իսկ մերոնցից ովքե՞ր չարդարացրին սպասելիքները:

- 74 կգ քաշային կարգում հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը փորձարկեց Հայաստանի առաջնության 2-րդ մրցանակակիր Վարուժան Կաջոյանին: Նա թրծվելու կարիք ունի: Հայաստանի հավաքականի հնաբնակ, 29-ամյա 74 քաշային Սուրեն Մարկոսյանը (74 կգ) մեկ հաղթանակ տարավ, հետո պարտվեց: Նա վնասվածք ուներ, այժմ ապաքինվել է, փորձում է վերագտնել իր լավ մարզավիճակը: Մուսա Մուրթազալիևն այս քաշային կարգում էր հանդես գաիս, սակայն այժմ ուժերն է չափում 84 կգ քաշայինների պայքարում և 2013-ին դարձել է Եվրոպայի փոխչեմպիոն: Մարկոսյանի հիմնական մրցակիցը Հայաստանի այս տարվա չեմպիոն, 2013-ի Եվրոպայի առաջնությունում 5-րդը ճանաչված Գրիգոր Գրիգորյանն է, որն այս ստուգատեսին չէր մասնակցում: Նա կարողությունները կփորձի մայիսի 20-24-ը Դաղստանում կայանալիք Ալի Ալիևի միջազգային մրցաշարում: Սերգեյ Հովսեփյանը (66 կգ) ևս իր օգտին հաղթանակ գրանցեց, հետո էլ պարտվեց: Գերծանրքաշային ըմբիշ չունեինք: Անդրանիկ Գալստյանը մասնակցել էր Եվրոպայի առաջնությանը և իրեն չէր կարողացել դրսևորել: Այդ է պատճառը, որ նրան նոր մրցաշարում հանդես գալու հնարավորություն չէր տրվել: Մեր մարզիկների հիմնական նպատակն է լավ նախապատրաստվել աշխարհի առաջնությանը, որը կայանալու է սեպտեմբերին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Նրանց համար փորձություն կլինի նաև օգոստոսի 2-4-ը Վանաձորում կայանալիք Ստեփան Սարգսյանի սահմանած մրցանակների խաղարկության միջազգային մրցաշարը:

 - Թբիլիսում 2013-ին կայացած Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբիշներից Դավիթ Սաֆարյանը (66 կգ) դարձել է չեմպիոն, Մուրթազալիևն արծաթե մեդալի է տիրացել: Աշխարհի առաջնությունում մեր թիմի հնարավորություններն ինչպիսի՞ն են:

- Պետք է լրջորեն նախապատրաստվել, նաև լավատես լինել: Ի դեպ, մեր պատանի և երիտասարդ ըմբիշներին ևս առաջիկայում լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին պատանիները Չեռնոգորիայում, հուլիսի սկզբին էլ երիտասարդները  Մակեդոնիայում կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին: Օգոստոսին կայանալու են  պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները: Հոկտեմբերին էլ երիտասարդական հավաքականները մասնակցելու են Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը: Այդպիսի պատվի են արժանանալու Եվրոպայի առաջնությունում տասնյակում տեղ զբաղեցրած թիմերը: Սա նոր մրցաշար է: Այնպես որ, ըմբիշների օրացուցային ծրագիրը հագեցած է:

 - Այժմ շատ է խոսվում այն մասին, որ ըմբշամարտը կարող է դառնալ ոչ օլիմպիական մարզաձև: Հավատո՞ւմ եք, որ այդպիսի բան կկատարվի:

- Ի դեպ, Օդեսայում ցույց կազմակերպվեց` ի պաշտպանություն ըմբշամարտի, որպեսզի այն մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Բողոքի պաստառ պարզվեց. մրցաշարի բոլոր մասնակիցները միասին լուսանկարվեցին, և այդ ամենի մասին տեղեկացվեցին միջազգային մարզական  կազմակերպությունները, լրատվամիջոցները: Ինչպես հայտնի է, մայիսի 16-18-ը Մոսկվայում կայանալու է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը: Անցկացվելու են կազմակերպության նախագահի ընտրություններ: Փոփոխություններ են կատարվելու ըմբշամարտի երկու մրցաձևերի մրցակարգերում: Դիմում է ներկայացվելու Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը, որպեսզի ըմբշամարտը մնա օլիմպիական խաղերի ծրագրում: Ինչպես հայտնի է, ըմբշամարտը օլիմպիական խաղերի անցկացման սկզբից եղել է  ստուգատեսի ծրագրում: Թեև այն հանվել է 2020-ի օլիմպիական խաղերի ծրագրից, բայց հնարավոր է, որ այդ որոշումը վերանայվի: Ոչ ոք չի հավատում, որ ըմբշամարտը կարող է չլինել օլիմպիական խաղերի ծրագրում:

 - Հետաքրքիր է, թե Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի հավակնորդներն ովքեր են: Ֆեդերացիայի այժմ արդեն նախկին նախագահ Ռաֆայել Մարտինետին և՞ս նրանց թվում է:

- Մարտինետին, որը ներկայացնում է Շվեյցարիան, նույնպես նախագահ դառնալու ցանկություն է հայտնել, բայց ընտրվելու ավելի մեծ հնարավորություններ ունի Սերբիայի ներկայացուցիչ, ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նենադ Լալովիչը: Կարելի է ասել, որ տարբեր երկրների ֆեդերացիաների ներկայացուցիչների 70-80 տոկոսը նրան են ցանկանում տեսնել կազմակերպության ղեկավարի պաշտոնում: Հիմնական մրցապայքարը այս երկուսի միջև է ընթանալու: Հնարավոր է, որ տեղում նաև նոր թեկնածուներ առաջադրվեն:

 - Այդուհանդերձ, քանիցս ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ մերկացվել են կոռումպացված լինելու հանցանքում: Հնարավո՞ր է, որ փողեր կորզելու նպատակով է ստեղծվել այս իրարանցումը:

- Թող այդ մասին մտածեն փողեր տվողները և վերցնողները: Հույսներս այն է, որ համարձակություն, ուժ, ճարպկություն պահանջող ըմբշամարտը, որը ոչ միայն տղամարդկանց կողմից է սիրված, այլև գեղեցիկ սեռի ներկայացուցիչների, կշարունակի մնալ օլիմպիական խաղերի ծրագրում:

 - Քանի որ կանանց անդրադարձաք, ապա հետաքրքիր է, թե ինչու Հայաստանում ըմբշամարտով զբաղվող կանայք չկան:

- Հայաստանում կանանց ըմբշամարտի հիմնադիրը ես եմ: 1998-ից մինչև 2003-ը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում 25-30 մարզուհի կար: Բայց երբ մեր երկրի մարզական պետական կառույցում աշխատանքի անցա, փոխարինող չգտնվեց: Փաստն այն է, որ Հայաստանում այժմ ըմբշամարտով զբաղվող մարզուհիներ չկան:

 - Տարօրինակ է, քանի որ մեր սահմանակից Ադրբեջանում և Վրաստանում ըմբշամարտի հավաքականներ կան: Ընդ որում, Ադրբեջանի ներկայացուցիչները պարբերաբար մեդալներ են նվաճում միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներում:

- Բանն այն է, որ Ադրբեջանի հավաքականի կազմում են ուկրաինուհի բարձրակարգ ըմբիշներ: Թիմում միայն մեկ ադրբեջանցի մարզուհի կա: Վրաստանի հավաքականում մի քանի մարզուհի են: 

- Նպատակ չկա՞ դրսից մարզուհիների, նաև նոր մարզիկների հրավիրել Հայաստանի հավաքական:

- Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի ներկայացուցիչներն առաջարկել են, որ իրենց տարբեր քաշային կարգերի 2-3-րդ համարների մարզուհիներին ընդգրկենք Հայաստանի հավաքականում, սակայն դեռ մտածում ենք, չենք կողմնորոշվել, թե այդ քայլն ինչքանով է նպատակահարմար: Եթե դրսից ըմբիշներ հրավիրենք, ապա նրանք կարող են լինել միայն գերծանրքաշայիններ: Առայժմ հարցական է, թե Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Յուրի Պատրիկեևը մրցելույթները կշարունակի՞, թե՞ ոչ: Եվրոպայի առաջնությանը նա չմասնակցեց: Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականում էլ առայժմ հսկա փորձառու մարզիկ չունենք: Ֆինանսական հիմնախնդիրներ չկան: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Կարապետյանը ըմբիշներին, մարզիչներին աջակցում է բոլոր հարցերում: Արդյունքներն էլ ակնառու են: Նախատեսվում է, որ աշխարհի առաջնությանը մեր երկու մրցաձևերի հավաքականներն էլ մարտական կազմերով հանդես կգան, և մեդալներ կլինեն:

 

Tags: ,