Վազգեն Մանուկյանը՝ ՌԴ դեսպանի հայտարարության և ՀԽ արձագանքի մասին

Վազգեն Մանուկյան-Պարո՛ն Մանուկյան, երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է Հայաստանում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը, ըստ որի «պետք է նոր մեթոդներ գործադրել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու ցանկություն ունեցող ոչ կառավարական կազմակերպությունները չեզոքացնելու համար»՝ դեսպանի հայտարարությունն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի: Նախ ինչո՞ւ էր այն ոչ կոռեկտ:

- Ռուսաստանի դեսպանը, ինչպես և Միացյալ նահանգների դեսպանը, որպես մարդ, իրավունք ունեն ցանկացած կարծիք ունենալու, և եթե մենք գտնում ենք, որ  կարծիքների բազմազանությունն ու ազատ արտահայտումը արժեք է, ապա ֆորմալ տեսակետից զարմանալի է, թե այդ դեպքում ինչո՞ւ ենք վրդովվում, որ Ռուսաստանի դեսպանը այս հայտարարությունն արեց կամ ԱՄն-ի դեսպանը հայտարարեց, որ այդ կուտակային համակարգը ճիշտ է:

Սակայն  պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. դիվանագետները, որ գտնվում են տվյալ երկրում, պետք է ավելի զգույշ լինեն իրենց արտահայտություններում և որոշակի սահմանափակումներ դնեն իրենց խոսքում՝ հատկապես, որ դրանք մեծ երկրների դեսպաններ են փոքր պետություններում: Փոքր ժողովուրդներն ու  պետությունները շատ զգայուն են խոշոր պետությունների դեսպանների արտահայտությունների նկատմամբ, քանի որ երբեմն տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են կառավարել մեր ներքին կյանքը, ինչը հակասում է մեր ազգային, մարդկային արժանապատվությանը:

Չնայած պետք է ասեմ, որ և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի դեսպանի դեպքում եղել է կարծիքների անկեղծ արտահայտում, ոչ թե նպատակ է հետապնդել թելադրել ինչ որ բան: Պետք է նաև նշեմ, որ արհեստական ուռճացում էլ եղավ հանրության կողմից: Սակայն, կրկնում եմ, դա նրանից, է, որ ցանկացած երկրի դեսպան  ունի որոշակի սահմանափակումներ իր հայտարարություններում: Դա է, որ մենք անվանում ենք ոչ կոռեկտություն:

-Իսկ ինչո՞ւ էր այն անընդունելի:

-Անընդունելին արդեն այլ հարց է: Ընդհանրապես, չկա բարիք, առանց չարիքի: Երբ որ դու ազատ հասարակություն ես ստեղծում, առաջ են գալիս երևույթներ, որոնք շատերի համար անընդունելի են: Համացանցով, մամուլով, հասարակական կազմակերպություններով երբեմն քարոզվում են մեզ համար ոչ ընդունելի  գաղափարներ ու սկզբունքներ, երբեմն էլ, առիթից օգտվելով, առանձին մարդկանց խմբեր թշնամական նպատակներից ելնելով՝  քո երկրի ներսում կարող են ստեղծել քարոզչություն: Բայց եթե դու սկսես թեկուզ բարի նպատակներով սահմանափակումներ մտցնել, վերջիվերջո կդառնաս տոտալիտար պետություն: Դեպի դժոխք տանող ճանապարհը սալապատված է բարի նպատակներով: Այստեղ իսկապես կա պրոբլեմ, բայց ես կարծում եմ, որ պրոբլեմի լուծումը հետևյալն է. դու այնքան առողջ, ամուր ու վստահ հասարակություն պետք է ունենաս, այնքան ամուր արժեհամակարգ, որ այդ քարոզչությունները փոքր կղզյակներից ավելին չկարողանան դառնալ և չվտանգեն քո ներքին կյանքը: Կա նաև միջազգային պրոբլեմ այդ հարցերի վերաբերյալ՝ ահաբեկչություն, բարոյականության հետ կապված հարցեր և այլն: Դրանք միջազգային խնդիրներ են, և մենք տեսնում ենք, որ տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներ մտցնել իրենց երկրներում դրանց դեմ պայքարելու համար: Սակայն այս գլոբալ կոմունիկացիաների աշխարհում մի երկրի սահմանափակումն ազդեցիկ չի կարող լինել, փոխարենը լուրջ ազդեցություն կունենա այն, որ բոլոր երկրների կոնսենսուսով որոշակի սահմանափակումներ մտցվեն որոշակի քարոզչությունների դեմ: Իսկ արանքում մնում է, որ դու ատամներդ սեղմած պաշտպանես ազատությունը՝ չնայած այդ ազատության վրա երբեմն չար ծաղիկներ են աճում:

Հիշեցնենք, որ երեկ Հանրային խորհուրդն արձագանքել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Ի. Վոլինկինի հայտարարությանը՝ այն համարելով ոչ կոռեկտ ու անընդունելի:

Անկախ 

Tags: , ,