Իլյա Կևորկով` «Տուրիզմի ակադեմիկոսը»

կևորկովԱյս տարի` ապրիլի 14-ին, լրացավ խորհրդային ժամանակաշրջանի պետական և հասարակական անվանի գործիչ, Հայաստանում արտասահմանյան տուրիզմի հիմնադիր Իլյա Կևորկովի 100-ամյակը:

Այս անունը երիտասարդներին գուցե ոչինչ չասի, սակայն ավագ սերունդը, մասնավորապես` մտավորականությունն ու պետական պաշտոններ զբաղեցրած անձինք̦ լավ գիտեն նրա արժեքը: Ու այսօր առիթ է երիտասարդ սերուդներին ներկայացնելու պետական-հասարակական գործչի մի կերպար, որը թերևս անհամատեղելի է մերօրյա իրականության հետ, սակայն համեմատելն ու գնահատելը կարևոր է և օգտակար:

1915 թ. կոտորածներից փրկված և Հին Նախիջևանից Ռուսաստան հասած Գևորգյանների ազգանունը ցարական ռուս պաշտոնյաների թեթև ձեռքով վերափոխվեց Կևորկովի, սակայն դա նրանց չխանգարեց լինել ու մնալ իսկական հայ:

Փոքրիկ Իլյան մանկուց աչքի էր ընկնում իր բացառիկ ունակություններով: Աշխատանքային գործունեությունը շատ վաղ հասակից է սկսում` համատեղելով քիմիա-տեխնոլոգիական ինստիտուտում ուսանելու հետ: Եվ պատահական չէր, որ դեռևս 24 տարեկանում նրան են վստահում քիմիական մեծ կոմբինատի տնօրենի պաշտոնը:

scann0001Մասնակցելով ֆիննական, ապա Հայրենական մեծ պատերազմին և պարգևատրվելով ԽՍՀՄ զինվորական բազմաթիվ պարգևներով՝ նա ընդունվում և ավարտում է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Պետանվտանգության մինիստրության կենտրոնական ապարատում աշխատելուց հետո նշանակվում է ՀԽՍՀ նախարարների խորհրդի հատուկ բաժնի պետ, 1951 թ. ընտրվում Վանաձորի քաղկոմի առաջին քարտուղար: Այս վերջին պաշտոնում նրա կատարած գործունեությանը մենք դեռ կանդրադառանք: Իսկ մինչ այդ ներկայացնենք նրա գործունեության ամենակարևոր ժամանակաշրջանը՝ 1955 թ. մինչև կյանքի վերջը` 1977 թ., երբ Իլյա Կևորկովը գլխավորում էր Հայաստանի արտասահմանյան տուրիզմի համակարգը:

Հենց նրա շնորհիվ այդ 22 տարիների ընթացքում զրոյից ստեղծվեց տուրիզմի հզոր նյութատեխնիկական բազա, կառուցվեցին «Արմենիա», «Անի», «Դվին» հյուրանոցները, Սևանի առափնյա մոթելը և այլն:

Scan10023Ստեղծվեց Հայաստանում զբոսաշրջության և սպասարկման դպրոց, մշակվեցին զբոսաշրջային երթուղիներ, որոնք կիրառվում են առ այսօր, ծավալվեց ճանապարհների և տրանսպորտի լուրջ վերահսկողություն, մեծ ուշադրություն դարձվեց պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու վերականգնմանը, կազմակերպվեցին լայնածավալ տուրիստական ցուցահանդեսներ Եվրոպայի և Ասիայի երկրներում՝ ներկայացնելով Հայաստանը: Այս ամենի արդյունքում, 1955 թ. զբոսաշրջային ուղեգիր ունեցող արտասահմանյան զբոսաշրջիկների թիվը 3 հոգուց 70-ական թվականներին հասավ ավելի քան հարյուր հազարի:

Scan10025Կևորկովը մեծ հեղինակություն ուներ ոչ միայն Հայաստանում, այլև Մոսկվայում: ԽՍՀՄ արտասահմանյան տուրիզմի գլխավոր վարչությունում որևէ կարևոր որոշում չէր կայացվում առանց Կևորկովի մասնակցության: Մոսկվայում նրան անվանում էին «Տուրիզմի ակադեմիկոս»:

«Նա հոյակապ հայր էր,- հիշում է ավագ դուստրը՝ Նինա Կևորկովան,- մեզ՝ երկու քույրերիս, մանկուց վերաբերվում էր որպես իրեն հավասար մարդու: Չափազանց մեծ վստահություն ու հարգանք կար մեր միջև: Հետո եմ գիտակցել, որ դա էր ամենաճիշտ դաստիարակությունը»:

scann0002 (1)Տիկին Նինան հիշում է, որ իրենց տունն իսկական մշակութային կենտրոն էր. մայրը երաժիշտ էր, հայրն էլ մեծ սեր ուներ արվեստի նկատմամբ և բազմաթիվ արվեստագետ ընկերներ ուներ՝ նկարիչ Խաչատուր Եսայան, կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյան, Ղազարոս Սարյան, էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, Ադամ Խուդոյան և ուրիշներ: Իսկ նրա կուռքը քեռորդին էր՝ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, որի հետ նույնպես շատ մտերիմ էր:
«Մեր տանն անընդհատ հյուր կար, անց էին կացվում յուրօրինակ մշակութային երեկոներ, և բոլորի համար շատ կարևոր էր հորս կարծիքը, քանի որ նա խորապես զգում ու հասկանում էր արվեստը»:

Կևորկովը պետական չինովնիկին ոչ բնորոշ այլ հատկանիշներ էլ ուներ: Ֆանտաստիկ հումորի տեր մարդ էր: Մի վայրկյանում կարող էր իր ընկերների, ծանոթների գլխին մի այնպիսի զավեշտալի պատմություն սարքել ու հետո այնքան անկեղծորեն ու լիաթոք ծիծաղել, որ ոչ ոք չէր նեղանում:

scann0006 (1)Անդրադառնալով հոր՝ արտասահմանյան տուրիզմի վարչությունը գլխավորած տարիներին՝ Նինա Կևորկովան նշում է, որ հոր ջանքերով Հայաստանը Մոսկվայից հետո դարձավ Խորհրդային Միությունում երկրորդ քաղաքը, որտեղ արտասահմանցի տուրիստների համար նախատեսված երեք հյուրանոց կար: Դուստրը շատ լավ է հիշում հատկապես «Անիի» կառուցումը, քանի որ անձամբ է մասնակցել մի շարք աշխատանքների:

Անին արդեն կար, սակայն 14 տարի էր անցել, դեռ կիսակառույց էր, միջոցներ չկային ավարտին հասցնելու համար: Իսկ «Ինտուրիստին» օդ ու ջրի պես անհրաժեշտ էր քաղաքի կենտրոնում ունենալ երկրորդ հյուրանոցը «Արմենիայից» հետո:

Կևորկովը դիմում է քաղխորհրդին՝ առաջարկելով իրենց տրամադրել «Անիի» շենքը՝ խոստանալով կարճ ժամկետում հանձել շահագործման: Քաղխորհրդում համաձայնում են, բայց մի պայմանով` եթե նա միջոցներ հայթայթի կառուցելու նաև Երաժշտական կոմեդիայի թատրոնը, որը նախատեսված էր կառավարության ծրագրով, սակայն դարձյալ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հետաձգվում էր: Կևորկովը շտապ մեկնում է Մոսկվա՝ գլխավոր գրասենյակ` համաձայնություն ստանալու, իսկ այնտեղ նրա խոսքը շատ էին հարգում: Նա կարողանում է գումար հայթայթել և՛ «Անիի» համար, և՛ թատրոնի համար: Այդպիսով, Երևանն ունենում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը:

r001-005 copyԻնչ վերաբերում է «Անիին», ապա շատ հետաքրքիր է հյուրանոցի բացմանը նախորդած ժամանակահատվածը: 1970 թվականն էր: «Անին» պետք է բացվեր նոյեմբերի 29-ին: Մնացել էր ընդամենը մեկուկես ամիս, սակայն աշխատանքը հսկայական էր, քանի որ 14 տարի առաջ անցկացված խողովակներն արդեն փտել էին ու ամբողջությամբ պետք է փոխվեին: «Հայրս անելանելի վիճակում էր,- հիշում է տիկին Նինան,- սակայն որոշում էր կայացրել ամեն գնով հասցնել: Ամեն օր բանվորական հագուստով գնում էր հյուրանոց և բանվորների հետ հավասար գործ անում»: Երբ աշխատակիցները դա տեսան, իրենք էլ միացան նրան: Ես այդ ժամանակ նոր էի ավարտել Բրյուսովի ինստիտուտը և աշխատանքի էի անցել «Անի» հյուրանոցում որպես թարգմանիչ: Ես էլ որոշեցի օգնել ու ամեն օր գնում էի հյուրանոց, բանվորական շորեր հագնում և անցնում գործի»:

Հիշում է՝ վերելակը դեռ միացված չէր: Մեկ էլ հայրը 12-րդ հարկից ձայն էր տալիս, թե շուտ արի, էստեղ աղբ է հավաքվել: Դույլը ձեռքին հևալով բարձրանում էր այդ 12 հարկը, մաքրում, իջնում, հետո՝ նորից: Այնքան էր հոգնում, որ երբ հասնում էր տուն, ո՛չ կարողանում էր հաց ուտել, ո՛չ շարժվել, ողջ մարմնի մկանները բռնված էին լինում: Մի օր էլ հյուրանոցի պահակներից մեկը, տեսնելով աղջկա ժրաջան աշխատանքը, չիմանալով, որ նա հենց Կևորկովի դուստրն է ու այդ ամենն անում է հոր համար, ասում է, որ կդիմի Կևորկովին, որպեսզի հատուկ պարգևատրեն:

Ջանքներն ապարդյուն չանցան: Նշանակված օրն «Անին» բացեց դռներն արտասահմանցի հյուրերի առջև:

Scan10031«Հայրս արտակարգ հայրենասեր մարդ էր: Նա համարում էր, որ իր երկիրը գանձ է, և բոլորը պետք է տեսնեն ու ճանաչեն այն: Լինելով շուրջ 60 արտասահմանյան երկրներում՝ նա հասկացել էր, որ ոչ բոլորը գիտեն Հայաստանի մասին, երբեմն հենց իրենից էլ լսում էին, որ նման երկիր կա: Սակայն նա վստահ էր, որ եթե տուրիզմը ճիշտ զարգացնեն, երկիրը կարող է հենց միայն դրանով ապրել»:

Ցավոք, 1977-ին կյանքից հեռանալով, նա չհասցրեց իրագործել մի շարք կարևոր ծրագրեր: Օրինակ` Մոսկվայից հրավիրել էր հատուկ մասնագետների, որոնք մի քանի ամիս Հայաստանում աշխատելով և ուսումնասիրություններ անելով՝ ներկայացրել էին իրենց եզրակացությունը, թե ինչպես պետք է զարգացնել տուրիզմը, ինչ փուլերով, որ ժամանակահատվածում ինչ հաջողություն ակնկալել և այլն: Հետաքրքիր է, որ նրա մահվանից հետո մի տարի այդ պաշտոնում որևէ մեկին չէին նշանակում. համապատասխան մարդ չկար:

Ինչ վերաբերում է 1951 թ. Կիրովականի նորաստեղծ քաղկոմի առաջին քարտուղարի պաշտոնում նրա գործունեությանը, դրա մասին լավագույնս վկայում է 1988-91 թթ. Քաղկոմքարտուղար Կառլեն Դանիելյանը: «Իլյա Կևորկովը, օժտված լինելով կազմակերպչական բացառիկ ունակություններով, ունենալով խոր ու բազմակողմանի գիտելիքներ, տիրապետելով ղեկավարման դժվարին արվեստին, կարողացավ կարճ ժամանակահատվածում աննախադեպ արդյունքներ գրանցել Կիրովականի համար. աննախադեպ արդյունքներ ոչ միայն քաղաքի բարեկարգման, կառուցապատման, այլև մշակույթի, սպորտի բնագավառներում: Ես և իմ սերնդի կուսակցական ակտիվիստերս հպարտ ենք, որ եղել ենք նրա ժամանակակիցն ու հնարավորություն ենք ունեցել նրանից քաղելու ոչ միայն մասնագիտական, այլև կյանքի դասեր»:

Լուսահոգի Արաքսի Սարյանը նրա մասին իր հիշողություններում գրել է. «Բոլորը գիտեին, որ իրենց կյանքի դժվար պահերին Իլյուշան կհասնի, կկարողանա օգտակար լինել: Մարդու բարոյական նորմերի լավագույն չափանիշներով է հիշվում Իլյա Կևորկովը։ Եվ եթե նա այսօր լիներ մեր մեջ, անտարակույս է, որ կհաղորդեր իր շրջապատին գործի նույն իմացությունը, մարդկային փոխհարաբերության և վարքագծի նույն ընդգրկուն կուլտուրան, որի պակասն այնչափ զգալի է այսօր մեր հասարակության մեջ»։

 

 

 

Tags: , ,