Քանի՞ մանկավարժ կկրճատվի Շիրակի մարզում. պարզաբանում է նախարարը

 Արմեն ԱշոտյանԱշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը խոսել է մանկավարժների աշխատավարձերի բարձրացման և սպասվելիք կրճատումների մասին: 2014թ. պետական բյուջեով նախատեսված է մոտ 8-10 տոկոս բարձրացնել մանկավարժների աշխատավարձերը: Այս բարձրացումները նախատեսված են հունիսի 1-ից: Սակայն, նախարարը նշում է, թե Շիրակի մարզում աշխատավարձերի հարցում կա մեկ այլ խնդիր՝ մանկավարժների թիվն ավելի մեծ է, քան աշակերտների:
«Իհարկե, պետք է նաև հասկանանք այն խնդիրը, որ կա Շիրակի մարզում. մենք դպրոցներում աշխատող ավելի շատ մանկավարժ ունենք , քան աշակերտներ: Ավելի շատ մանկավարժներ ունենք դպրոցներում, քան՝ դրույքներն են: Մի կողմից մեզանից ակնկալվում է բարձր աշխատավարձ, բայց մյուս կողմից ուսուցիչների մեծ մասը լիարժեք ծանրաբեռնվածությամբ չի աշխատում», – ասում է Արմեն Աշոտյանը:

Ոլորտի պատասխանատուն ասում է՝ հարցի լուծման համար կան երկու բևեռային ընտրություններ: Ու նախարարությունը դրանցից որն էլ ընտրի, միևնույն է, երկուսն էլ վատ ընտրություն են: Դրանք են՝ կամ գնալ զանգվածային կրճատումների, որն իր հետևից կբերի սոցիալական խնդիրների ավելացում, քանի որ կրթության ոլորտը նաև խոշոր գործատու ոլորտ է, կամ պահպանել մանկավարժների տեղերը՝ նրանց ծանրաբեռնելով փոքր ծավալով:
«Համաձայնեք, որ 4 ժամով տնից դուրս եկող ուսուցչուհին շահագրգիռ չէ իր վրա աշխատելու, շատ պարապելու: Ես չեմ ուզում, որ դպրոց գալը, դաս տալը լինի տնից դուրս գալու առիթ: Հիմա ոչ ճիշտ քայլ է աշխատատեղերի կրճատումը, ոչ էլ աշխատատեղերի ուռճացումը: Մենք փորձում ենք ոսկե միջին գտնել երկու ծայրահեղությունների արանքում՝ կարևորելով կրթության որակի հարցը, նաև գիտակցել, որ կրթության ոլորտը սոցիալական պատասխանատվություն ունի», – նշեց Աշոտյանը:

Tags: , ,