«ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈՒՆ 2013» Տարվա լավագույն ուսանող

ansa2Ս.թ. մայիսի 16-ին հայտն դարձան «ԱԶԳԱՅԻՆ ՈւՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈւԹՅՈՒՆ 2013»-ի անվանակարգերի հաղթողները:

Ս. թ. մայիսի 16-ին Հայաստանի Ուսանողական Ազգային Ասոցիացիան «Ջոս» համալիրում անցկացրեց տոնական երեկույթ՝ այսպիսով ամփոփելով իր 10-ամյա գործունեությանը նվիրված հոբելյանական միջոցառումների շարքը: ՀՈւԱԱ-ն, տասը տարի շարունակ ակտիվ և հետևողական գործունեություն ծավալելով բարձրագույն կրթության ոլորտում, էական հաջողությունների է հասել հայաստանյան կրթական համակարգի խնդիրները վերհանելու, լսելի դարձնելու և դրանց համար լուծումներ գտնելու կարևորագույն գործում: ՀՈւԱԱ-ն իր առջև նպատակ դնելով լավագույնս ներկայացնել հայ ուսանողությանը հուզող հարցեր՝ այս համատեքստում նշանակալի աշխատանք է կատարել նաև միջազգային հարթակներում՝ դառնալով հայ ուսանողության յուրատեսակ դեսպանը:

Միջոցառմանը հրավիրված էին ազգային և միջազգային մակարդակում բարձրագույն կրթության ոլորտի կարևոր և կշիռ ունեցող դերակատարներ, մի շարք գործուն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՈւԱԱ-ում լիիրավ անդամ բուհերի ուսանողական ինքնակառավարման մարմինների առաջնորդներ, օտարերկրյա հյուրեր, ինչպես նաև տարբեր տարիներին կազմակերպությունում աշխատած անդամներ: Շնորհավորական խոսքով հանդես եկան ՀՈւԱԱ-ի հիմնադիր նախագահ՝ Աբրահամ Բաղչագուլյանը (ՀՀ ԳՆ Սննդի անվտանգության տեսչության պետ), գործող նախագահ Արմեն Ալեքսանյանը, փոխնախագահներ Սարգիս Ասատրյանցն ու Սևակ Խաչատրյանը, Եվրոպական ուսանողական միության նախագահ Ռոկ Պրիմոժիչը: Հնչեցին նաև շնորհավորական ուղերձներ ու բարեմաղթանքներ՝ ուղարկված Եվրոպայի տարբեր երկրներում աշխատող ՀՈւԱԱ-ի գործընկեր կազմակերոպությունների կողմից:

Երեկոյի ամենահիշարժան պահը դարձավ ՀՈւԱԱ-ի կողմից առաջին անգամ անցկացվող «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի գլխավոր անվանակարգերի հաղթողների՝ «Տարվա լավագույն ուսանողի» և «Գրանտ Պրի» անվանակարգում հողթողների հայտարարումը: Ամիսներ տևած երկար ու բարդ ընտրության արդյունքում «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գավառի պետական համալսարանում բաալարիական և մագիստրոսական կրթություն ստացած, ներկայեումս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ Վարազդատ Ավետիսյանը: Իսկ ահա Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի «Գրան Պրի» մրցանակակիր դարձավ ՀՊՃՀ և զուհգահեռաբար ՀՀ Կառավարման պետական ակադեմիայի մագիստրոս, ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) Ուսանողական խորհրդի նախագահ, ակտիվ ուսանողական առաջնորդ Գոռ Վարդանյանը: Ուշագրավ է, որ Գոռ Վարդանյանը երիտասարդ տարիքում մեծ հաջողությունների է հասել մասնագիտական ինչպես նաև ուսանողների ինքնակառավարման ոլորտներում՝ դառնալով նաև յուրատեսակ գյուտի հեղինակ: Գ.Վարդանյանն ունի գիտական նորույթ պարունակող հետազոտություն` ֆոտոէլեկտրական մարտկոցների ավտոմատ պաշտպանիչ և մաքրող սարքի մշակում թեմայով, որը երաշխավորված է մտավոր սեփականության և հեղինակային իրավունքների պաշտպանության համպատասխան գործակալությունում իբրև նորարական գյուտ գրանցելու: Այս նվաճումները, իհարկե, չէին կարող չգնահատվել խստապահանջ հանձնաժողովի կողմից: Մրցույթի եզրափակիչ փուլ անցած բոլոր 6 մասնակիցները, որոնք ընտրվել էին 52 թեկնածուների շարքից, ՀՈւԱԱ-ի կողմից ճանաչվում են իբրև լավագույններ «ԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ 2013»-ի շրջանակներում: Մրցանակաբաշխության շրջանակներում ՀՈւԱԱ-ի կողմից հատուկ մրցանակ շնորհվեց ԵՈւՄ-ի նախագահ Ռոկ Պրիմոժիչին կազմակերպության զարգացման գործում գնահատելի ավանդ ունենալու համար:

Tags: ,