Հարավկովկասյան երկաթուղում ստուգվում է անվտանգության նորմերի պահպանումը

հկեՄայիսի 13-ից ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության, Ճանապարհային ոստիկանության և “Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ կողմից ձևավորված համատեղ հանձնաժողովը ստուգում է երկաթուղային գծանցներում երթևեկության անվտանգության նորմերի պահպանումը:

Մայիսի 21-ին հանձնաժողովի անդամները ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության Երկաթուղու վարչության պետ Արսեն Մկրտչյանի գլխավորությամբ ստուգեցին Աբովյան-Վարդենիս երկաթուղային հատվածը:

Ինչպես ստուգայցում մասնակցող լրագրողներին հայտնեց Արսեն Մկրտչյանը, նման ստուգումները պլանային են և նպատակ ունեն հիշեցնել երկաթուղում անվտանգության պահանջները ոչ այդքան ուշադիր կատարող քաղաքացիներին երկաթուղային տրանսպորտի վտանգի մասին:

- Հանձնաժողովը կոչված է աջակցել տարբեր գերատեսչությունների գործունեության համակարգմանն ու արդյունավետությանը, որոնք պատասխանատու են երկրում երկաթուղային հաղորդակցության անվտանգության և դժբախտ պատահարների թվի կրճատման համար, որոնք տեղի են ունենում հետիոտնների և վարորդների կողմից երկաթուղային ուղիների հատման կանոնների խախտման պատճառով, – ասաց Արսեն Մկրտչյանը:

Երկաթուղու վարչության պետը հերթական անգամ հիշեցրել է, որ վտանգի դեպքում երկաթուղային տրանսպորտը չի կարող անգելակել և կանգնել միանգամից. գնացքի արգելակման ուղին կազմում է առնվազն 800 մետր:

“ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ, գնացքների անվտանգ երթևեկության գծով գլխավոր վերահսկիչ Լևոն Հակոբյանն իր հերթին նշեց, որ հետիոտների, վարորդների, երկաթուղու մոտակայքում գտնվող տների բնակիչների կողմից անվտանգության նորմերի պահպանումն ավելի արդիական են դառնում գնացքների արագությունների և բեռնվածության աճի պարագայում: Մասնավորապես, ինչպես հայտնեց Լևոն Հակոբյանը, ՀԿԵ-ում արդեն գործում են երկաթուղային հատվածներ, որտեղ արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ: Այս տեսակետից առավել վտանգավոր հատվածների շարքում պրն. Հակոբյանը նշեց Մասիս-Արմավիր, Երևան-Գյումրի, Դալարիկ-Արտենի-Քարակերտ հատվածները:

ՀԿԵ ներկայացուցչի խոսքերով, ռիսկի խմբում են այն հետիոտներն ու վարորդները, ովքեր հատում են երկաթուղային ուղիները չսահմանված վայրում, ինչպես նաև հովիվները։

- ՀԿԵ-ն իրականացնում է անվտանգության նորմերի պահպանման համար բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկաթուղային կայարաններում տեղադրված են զգուշացնող նշաններ, տեղեկանքներ բնակչության համար, համապատասխան ձևով կահավորված են գծանցները:

Սակայն գնացքների արագությունների և բեռնվածությունների աճի պարագայում դժբախտ պատահարների վիճակագրությունը դեռ աճի միտում ունի: Եթե 2008 թ.–ին գրանցվել է 19 դեպք, 2010 թ.–ին` 29 դեպք, 2012-ին՝ 47 դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն գրանցվել է 25 դեպք, – տեղեկացրեց  գլխավոր վերահսկիչը՝ պարզաբանելով, որ այս թվերում ներառված են ավտոտրանսպորտի, հետիոտների, ինչպես նաև տնային անասունների վրա գնացքների վրաերթերը:

Երկաթուղային գծանցների զննումը շարունակվելու է մինչև մայիսի վերջ:

Tags: ,