Փաշիկ Ալավերդյան. «Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում»

2-րդ նյութ 22290 Փաշիկ ԱլավերդյանԼեհաստանի Չեխանովո քաղաքում կայացած Եվրոպայի ծանրամարտի պատանիների և աղջիկների առաջնությունը կարևոր էր այն առումով, որ մեդալներից բացի, խաղարկվում էին նաև այս տարվա օգոստոսին Չինաստանում կայանալիք օլիմպիական պատանեկան երկրորդ խաղերի ուղեգրեր: Եթե մեր պատանիները մինչև այդ մեկնարկն արդեն տիրացել էին երկու ուղեգրի, ապա մեր մարզուհիները պետք է փորձեին նրանց հասնել: Ու թեև ծանրորդուհիների մրցաշարում մեդալակիր չունեցանք, ի վերջո, առաջադրանքը կատարվեց: Թե ինչպես, խնդրեցինք պարզաբանել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, միջազգային կարգի մրցավար Փաշիկ Ալավերդյանին:

- Հայաստանի պատանիները նվաճեցին 2 ոսկե,1 արծաթե, 3 բրոնզե մեդալ: Մերոնք թիմային հաշվարկով, իրենցից առաջ թողնելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին, գրավեցին 2-րդ տեղը: Ընդ որում, նախորդ տարվա ստուգատեսում մերոնք առաջինն էին ճանաչվել: Մարզուհիների առջև խնդիր էր դրվել առնվազն 4-րդ տեղը գրավել: Եվ նրանք 3-րդն էին, ինչն էլ հնարավորություն կտա պատանեկան օլիմպիական խաղերում մրցահարթակ դուրս բերելու երկու մասնակցի: Ավելի վաղ` Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում մեր երկրի պատանիները երկու ուղեգիր են ձեռք բերել:

- Արդեն հայտնի՞ է, թե Հայաստանից ովքեր են մասնակցելու պատանեկան օլիմպիական խաղերին:
- Մասամբ, մարզուհիներից առաջատար է 63 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Եթե անցանկալի որևէ բան չկատարվի, վնասվածքը չխանգարի, նրան կմիանա նաև + 69 կգ քաշային Արփինե Դալալյանը: Պատանիներից երեք մարզիկ է հավակնում Չինաստան մեկնելու: Պատանիների Եվրոպայի չեմպիոն, ծանրքաշային Սիմոն Մարտիրոսյանը հաստատ կմասնակցի խաղերին: Իսկ թե ով նրան կընկերակցի` կորոշի մարզչական խորհուրդը: Արժանավոր մարզիկներ ունենք 69 կգ և 85 կգ քաշային կարգերում: Երեք ծանրորդներն էլ ուսումնամարզական նախապատրաստական հավաքներին մասնաացելու են: Նախորդ պատանեկան օլիմպիական խաղերում ունեցել ենք արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Ծանրքաշային Գոռ Մինասյանը զբաղեցրել է երկրորդ, Սմբատ Մարգարյանը (56 կգ)` երրորդ տեղը:

- Հայաստանի աղջիկների հավաքականը գխավորում էր աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Նա նախկինում սաներ չի աճեցրել, դժվար չէ՞ր միանգամից հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունը ստանձնելը:
- Նազիկ Ավդալյանն աստիճանաբար հունի մեջ կմտնի, ոչ ոք էլ միանգամից բարձրակարգ մարզիչ չի դառնում: Կարևորն այն է, որ Նազիկը ցույց տվեց, որ մարզչական աշխատանքով զբաղվելու հնարավորություններ ունի և իր փորձը կարող է հաղորդել աղջիկներին: Ավդալյանի կողքին փորձառու մարզիչներ են աշխատում` Երվանդ Կիրակոսյանը և Արման Ղազարյանը, կօգնի նաև Ավդալյանի անձնական մարզիչը` Արտաշես Ներսիսյանը:

2-րդ նյութ DSC07905- Մեր ծանրորդներին առաջիկայում ի՞նչ փորձություններ են սպասում:
- Նրանք նախապատրատվում են հունիսի 20-29-ը Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Հավաքականը փոքր կազմով հանդես կգա: 2-3 մասնակից կունենանք, ոչ ավելի: Բանն այն է, որ հանդես են գալու մինչև 20 տարեկանները, իսկ այդ տարիքի մեր մարզիկները զինվորական ծառայություն են անցնում: Ընդ որում, մարզավիճակը պահպանում են միայն նրանք, ովքեր զիվորական վաշտում են և ԲԿՄԱ-ի կազմում են հանդես գալիս: Աշխարհի երիտասարդական առաջնությունում հիմնականում հանդես կգան նրանք, ովքեր Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում են սովորում: Աշխարհի երիտասարդական առաջնությունում ծանրորդուհիներ մրցահարթակ չենք հանի: Նրանք կնախապատրաստվեն Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի մեծահասակների առաջնությանը մասնակցելուն: Այն վարկանիշային է լինելու 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերի համար:

- Խնդիրներ առաջանո՞ւմ են բանակային մարզիկներին ուսումնամարզական հավաքներում ներգրավելու, մրցումների գործուղելու հարցերում:
- Չեմ կարծում, առաջիկայում դա կերևա: Զինծառայությունում գտնվող մեր ծանրորդները համաժամանակ բանակային մարզիկների միջազգային մրցումներ ունեն: Յուրաքանչյուր մարզիկի համար որ մրցումն ավելի կարևոր կլինի, այնտեղ էլ կփորձի կարողությունները: Մեր երիտասարդ հեռանկարային մարզիկներից բանակում են Անդրանիկ Կարապետյանը և Միշա Հարությունյանը: Նրանք նոյեմբերին կարող են օգտակար լինել Եվրոպայի երիտասարդական առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականին:

- Հայաստանի ծանրորդները քանի՞ մեդալ են ընթացիկ մրցաշրջանում միջազգային ստուգատեսներում նվաճել:
- 22 մեդալ, որից 7 ոսկե, 6 արծաթե, 9 բրոնզե: Պարգևներն ավելի շատ կլինեին, եթե, ինչպես նախորդ տարի, առանձին անցկացվեին պատանիների և աղջիկների 13-15, 16-17 տարեկանների Եվրոպայի առաջնություններ: Իսկ այս տարի միայն մեկական թիմ էինք մրցասպարեզ դուրս բերել, քանի որ պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային ստուգատես էր: Փաստորեն,13-15 տարեկանների առաջնությունը չկայացավ: Նպատակն այն էր, որ երկրներն ուժերը նպատակաուղղեին ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությանը նախպատրաստվելուն, քանի որ այն վարկանիշային էր: Ստեղծված իրավիճակում քիչ ֆինանս ծախսվեց, քանի որ առաջնությունում երկուսի փոխարեն մեկ թիմ ունեինք: Ընդ որում, այն լավն էր: Ի դեպ, եթե կրտսեր տարիքի ներկայացուցիչների առաջնություն ևս անցկացվեր, մեր մարզիկները նույնպես անմասն չէին մնա մեդալներից, քանի որ հեռանկարային ծանրորդներ ունենք:

 

Tags: ,