Սոցիալական աջակցությունն ավելի հասցեական կլինի

նիստԱյսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նիստից առաջ վարչապետը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը:
ՀՀ կառավարությունը 2014թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացումներ՝ իր նախկին որոշումներից մեկում, որպեսզի ապահովի մինչև 2014թ. հունվարի 1-ը ծնված 1890 առաջին և երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 355 երրորդ և հաջորդ երեխաների համար՝ 430 հազար դրամ միանվագ նպաստի բնականոն վճարումը ընդհանուր առմամբ մոտ 250 մլն դրամի չափով:
ՀՀ կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից 14-ը, որոնք ապահովում էին «Պետական նպաստների մասին» 2005թ. ընդունված օրենքի կիրառումը: Այդ օրենքը նույնպես ուժը կորցրած է ճանաչվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո՝ 2013թ. դեկտեմբերի 12-ին: Այսպիսով, հստակեցվել է պետական նպաստի նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական դաշտը:
ՀՀ կառավարության 2013թ. օգոստոսի 1-ի որոշմամբ գործադիրը բնակտարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու համար սոցիալական ծառայությունների փաթեթ էր սահմանել: Այժմ, փոփոխություն և լրացում կատարելով այդ որոշման մեջ, կառավարությունը կանոնակարգել է փաթեթի տրամադրման բյուջետային միջոցների որոշման ընթացակարգը և ապահովել «Սոցիալական բնակարանային ֆոնդի սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ-ի բնականոն գործունեությունը:
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Նալբանդյան 128 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից 275 քառ. մետր տարածք է հատկացվել «Հայաստանի բրիտանական բիզնես դպրոց» ՓԲԸ-ին: Դպրոցը նպատակ ունի դառնալ միջազգային ասպարեզի ճանաչված հաստատություն, որն իր ծառայությունները կմատուցի ոչ միայն հայ ուսանողներին, այլև անգլերեն՝ օտարերկրյա քաղաքացիներին:
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում՝ դրանով իսկ ապահովելով կրթական ոլորտի միասնական պետական քաղաքականություն և միասնական չափանիշներ, արտոնագրման պայմանների ու պահանջների հավասար դաշտ:
Գործադիրն ուժը կորցրած է ճանաչել իր 2014թ. փետրվարի 13-ի նիստի N 6 արձանագրության «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ը լուծարելու և գույք հանձնելու 27-րդ կետը:

Ճշգրտվում է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ կենտրոնական բանկի 2013թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում 2013թ. մակրոտնտեսական կայունությունը խաթարող ներքին և արտաքին ռիսկերից առանձնացվել է համաշխարհային և տարածաշրջանային տնտեսական աճի տեմպի դանդաղումը, էներգակիրների թանկացումը, օտարերկրյա և ներքին ներդրումների կրճատումը, վարկավորման աճի տեմպի դանդաղումը, որոնք իրենց դերն են ունեցել գնաճի կառավարելիության հարցում: Սակայն հարկաբյուջետային և դրամավարկային համակարգված քաղաքականության շնորհիվ չի խաթարվել մակրոտնտեսական կայունությունը. 2013թ. 12-ամսյա գնաճը եղել է 5.6 տոկոս՝ գրեթե համընկնելով տատանման թույլատրելի միջակայքի վերին սահմանին, միաժամանակ արձանագրվել է 3.5 տոկոս տնտեսական աճ:
Հաջորդ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել ՀՀ ԿԲ 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությանը: Փաստաթղթում նշվել է, որ 2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական, ուստի ՀՀ ԿԲ-ն պետք է առավել ճկունություն ցուցաբերի տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ: Ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացմանը համահունչ և հնարավորինս ընդլայնող:

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել ԱՊՀ մասնակից պետությունների միջև գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծը հավանություն է ստացել ԱՊՀ տնտեսական խորհրդի 2013թ. դեկտեմբերի 13-ի որոշմամբ և նախատեսում է գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում կամավորության սկզբունքով:
Նիստում համաձայնություն է տրվել «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» նախկին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը պայմանավորված է ԱՊՀ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմը պատշաճ և արդյունավետ կիրառելու անհրաժեշտությամբ:
Գործադրի համաձայնությունն է ստացել ԱՊՀ մասնակից պետությունների միջև տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության համաձայնագրի կնքման առաջարկությունը: Փաստաթուղթը միտված է ոլորտում պետական քաղաքականության և նորմատիվ իրավական կանոնակարգման ներդաշնակեցմանը:

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը քննարկել է «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Պատգամավորի կարծիքով ներկայիս իրավակարգավորմամբ տնտեսական գործունեություն նախաձեռնելիս տնտեսվարող սուբյեկտի համար լրացուցիչ խոչընդոտ ու ավելորդ բեռ է ստեղծվում. այս բացը կշտկվի սույն նախագծի ընդունմամբ: Գործադիրը սկզբունքորեն համաձայնել է նախագծի գաղափարին, սակայն իր հերթին արել է մի շարք առաջարկություններ, որոնք ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը: Օրենքի նախագիծը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:
Ս.թ. մայիսի 28-ին Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման ծախսը փոխհատուցելու նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությանը հատկացրել է մոտ 6 մլն դրամ:
Կառավարության որոշմամբ Սուրեն Քրմոյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Tags: ,