Ամենակարևոր և բարձր պաշտոնը

Haykuhi-Barseghyan1Հայրենիք, հայրենասիրություն, հայրենի հող. սրանք շաբլոն դարձած բառեր են, որ ամեն օր օգտագործում ենք, հասարակական դիրք ձեռք բերել ցանկացող ամեն մեկն էլ իրեն հայրենասերի մակդիր է կպցնում` հետագայում իր ապազգային քայլերով արժեզրկելով վեհ հասկացությունների էությունը:

Գեղեցիկ բառերն  օգտագործում ենք, բայց հազիվ թե լիովին հասկանում ենք այդ բառերի էությունը: Խոսքս այն մասին չէ, թե մեզ հայրենասեր համարողներս չենք հասկանում հայրենասիրություն ասվածի իմաստը, բնավ ոչ: Պարզապես ավելի հեշտ է լինել «անձնուրաց» հայրենասեր, երբ ապրում ես խաղաղության ու հարմարավետության մեջ` հեռու սահմանից, հեշտ է բոցաշունչ ֆեյսբուքյան ստատուսներ գրել, երբ համակարգչի առջև հանգիստ  նստած ես ու վայելում ես տաք սուրճը կամ թեյը, առավել հեշտ է քննադատել այս կամ այն մարդու գործը, որևէ մեկին հայրենիքի դավաճան հանել կամ խոսել Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման շրջանառվող տարբերակների մասին, երբ միայն խոսում ես, բայց ոչ գործում: Բոլորին է հայտնի` խոսելը հեշտ է, գործելը` դժվար: Մոլի քննադատ ու խոսքով հայրենասերների թիվը կկրճատվեր կամ էլ գոնե լեզուն կկարճանար, եթե նրանք գոնե մի օր սահմանին կանգնեին ու հայրենի հողը թշնամուց պահեին: Այդ ժամանակ միայն մարդ կհասկանա  նախնիների արյունով պահված ու իր իսկ  քրտինքով ջրված հայրենի հողի արժեքը:

Երբ սահմանին ես կանգնած, հայրենիքը ո՛չ պատուհանիցդ երևացող գեղեցիկ համայնապատկերն է, ո՛չ էլ ինչ-որ վերացական անորոշ տարածություն, այլ հողը և խրամատը, որում  հայ զինվորը օրնիբուն զենքը ձեռքին դիմակայում է թշնամուն:  Իրականությունն այլ է.  ո՛չ պոետներին ու նկարիչներին ոգևորող տեսարաններ կան, ո՛չ էլ հարմարավետության սիրահարների համար պայմաններ. հող, փոշի, ցուրտ կամ շոգ, միջատներ ու ամբողջ էությամբ քեզ ատող ու մինչև ատամները զինված թշնամի: Այստեղ ես միայն հասկանում, որ «երկիրը լավ էլ երկիր է», և երկրի նախագահից ու գոյություն ունեցող բոլոր պաշտոններից, իրենց «լավ տղա» համարող, բայց մեկի վրա հազարով հարձակվող  սուտ «գողականներից»  առավել կարևոր ու բարձր է սահմանին կանգնած հայ զինվորը:

Իհարկե, հայրենասիրությունը միայն սահմանին կանգնելը չէ:  Ի վերջո, եթե երկրիդ լավ քաղաքացի ես, լավ ու բարեխիղճ մասնագետ ես, դրանով իսկ արդեն ծառայում ես հայրենիքիդ: Անվիճելի է,   ուսուցիչը, բժիշկը, գիտնականը, լրագրողը, հացթուխը, բոլորը  հայրենիքի զինվորներ ու նվիրյալներ են, եթե իրենց գործը ճիշտ ու ժամանակին են անում: Բայց հայրենիքի իսկական նվիրյալները, բացի մասնագիտությամբ ու գիտելիքով  երկրին ծառայելուց, երկու տարի էլ զենքը ձեռքին են ծառայում: Այլ կերպ` որքան էլ քեզ հայրենասեր համարես, կիսատ կլինես:

Նախկինում, երբ երեխաներին հարցնում էիր, թե ինչ է ուզում դառնալ, պատասխանում էր` տիեզերագնաց, ուսուցիչ, մամա կամ պապա: Այսօր նման պատասխան երևի չեք լսի, ներկայիս երեխաները, հասարակական բարքերով  պայմանավորված, ուզում են դառնալ նախագահ, վարչապետ, տնօրեն, գող ու այսպես շարունակ: Աչքաթող է արված երկրի ամենակարևոր պաշտոնը… Հասարակական բարքերն ու ընտանեկան դաստիարակությունը հանգեցրել են նրան, որ շատ քիչ երեխաներ են մանկուց երազում ամենակարևոր պաշտոնի` հայրենիքի պաշտպանի` զինվորականի ծառայության մասին: Դեռ մի բան էլ ավելին, հաստատ կգտնվեն բազմաթիվ մանկիկներ, որոնք, տպավորված իրենց ծնողների քննարկումներից, կհայտարարեն. «Ես բանակում չեմ ծառայելու, պապան ինձ կազատի ծառայությունից»:

Բայց ամենամեծ աբսուրդն այն է, որ սահման չտեսած ու ծառայությունից խուսափած մարդիկ կկանգնեն ու լուրջ-լուրջ հայտարարություններ կանեն բանակի ու մեր երկրի հզորության մասին, կխոսեն տարածքներ հանձնելու մասին` առանց մտածելու  հայրենի հողի արժեքի ու այդ հողը պաշտպանելու համար թափված արյան մասին: Էլ չասեմ նման հայտարարություններ անելու բարոյական իրավունքի մասին:

Առավել վատ է, երբ նման մարդիկ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում` դառնալով օրինակ աճող սերնդի համար. «Կարելի է չծառայել հայրենիքին, բայց փողոտ ու բարձր պաշտոն ունենալ»:

Կա մարդկային ավելի վատ տեսակ` երիտասարդներ, որոնք սահման են պահել, ծառայել, բայց վերադառնալուց հետո էլի խոսում են հող հանձնելու մասին, թե «իմ տունն ինձ հերիք ա, ինչիս են պետք էդ հողերը»:

Հաճախ կգտնվեն մարդիկ, ովքեր քննադատում են իրենց երեխաներից հրաժարված մայրերին` նրանց համարելով անմարդկային էակներ: Բայց ոչ ոք չի քննադատում վերը նշված մարդկային տիպը: Երբ երկու տարի սահման ես պահում, հայրենի հողն էլ վերածվում է հոգեզավակի, ու եթե հրաժարվում ես դրանից, երեխային մանկատանը ձգող մորից ոչնչով լավը չես, դեռ ավելին, շատ ավելի վատն ես:

Ուզում ենք Եվրոպա լինել, ապրել բարեկեցիկ, բայց չունենք պետական մտածողություն, ամեն մեկի հայրենիքն ավարտվում է իր տան բակով կամ դարպասով, սիրում ենք խոսել, բայց ոչ գործել, գաղտագողի դժգոհել, բայց ոչ պայքարել, մի գլուխ գոռում ենք. « Ի՞նչ է արել էս երկիրն ինձ համար»` մոռանալով մեզ հարցնել, թե «ես ի՞նչ եմ արել էս երկրի համար»: Ժամանակն է, որ մտածողությունը փոխվի, որ սկսենք գործել, պայքարել ու նախ և առաջ հայրենիքի, ոչ թե մեր շահի համար: Երբ այդպիսին լինենք, ոչ միայն կունենանք  բարեկեցիկ ու զարգացած երկիր, այլև կկարողանանք իրականացնել այսօր անիրականանալի թվացողը. վերադարձնել կորսված հայրենիքը և լինել հայրենատեր:

Tags: