Թուրքական մամուլի անդրադարձը նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը

mamulԵրեկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը պաշտոնապես Թուրքիայի նախագահին 2015 թվականի ապրիլի 24-ին հրավիրել է Հայաստան: Այս հայտարարությանը, բնականաբար, արձագանքել է թուրքական մամուլը: Մասնավորապես թուրքական «Միլիյեթը» մեջբերել է Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերը՝ «Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»: Այս խոսքերը մեջբերել է նաև «Հյուրիյեթը»՝ անդրադառնալով նաև ՀՀ նախագահի արտահայտած հետևյալ մտքին. «Թուրքիան պետք է գիտակցի, որ Օսմանյան կայսրության հանցակիցը չդառնալու համար պատմության հետ առերեսումը և Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն այլընտրանք չունեն: Այս ամենով հանդերձ, մենք թշնամանք չենք տածում թուրք ժողովրդի հանդեպ: Ավելին, փորձում ենք ստեղծել պայմաններ, որտեղ հայ և թուրք ժողովուրդները կկարողանան շփվել միմյանց հետ՝ գտնելու համար հաշտեցման ուղին: Հենց այդ նպատակով էինք փորձում և հիմա էլ հավատարիմ ենք մնում Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու հայ-թուրքական սահմանի բացմանը, թեև նման ցանկության մասին միայն հայտարարություններ ենք լսում թուրքական կողմից: Եթե ցանկությունն իրոք անկեղծ է, ապա Թուրքիան լավ գիտի Հայաստան-Թուրքիա հաշտեցումը կյանքի կոչելու ուղին»:

«Al Jazeera Turk»-ը ուշադրություն է հրավիրել Սերժ Սարգսյանի հետևյալ խոսքերի վրա. «Պաշտոնական Անկարան նոր քայլեր է անում, որոնք երբեմն աննախադեպ են իրենց ձևի մեջ, սակայն, ցավոք, բովանդակությամբ արտացոլում են Թուրքիայի հարյուրամյա՝ նույն ժխտողական քաղաքականությունը: Դրանք կրկնում են թուրքական հայտնի դիրքորոշումները՝ փորձելով խեղաթյուրել պատմությունը` նույն հարթության մեջ դնելով զոհին ու դահճին, համեմատելով անհամեմատելին»:

«Demokrathaber» կայքն անդրադարձել է նախագահի հայտարարության՝ արխիվների բաց լինելու մասին հատվածին. «Պաշտոնական Անկարան շարունակում է խոսել պատմաբանների հանձնաժողով ստեղծելու և արխիվները բացելու մասին: Նախ և առաջ հայտնի է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել բոլոր այն հետազոտողների համար, ում հետաքրքրել է հարցի գիտական մասը: Բաց են եղել նաև գիտական հաստատություններում և թանգարաններում պահվող նյութերը: Բայց ողջ հարցը նրանում է, որ Հայոց ցեղասպանության ճշմարտությանն առերեսվելու համար արխիվային աշխատանք ընդհանրապես չի պահանջվում»,-մեջբերել է կայքը: ՀՀ նախագահի հայտարարությանը անդրադարձել են նաև «Ակօս»-ը, «Հաբերլերը» և մի շարք այլ լրատվականներ:

Tags: , ,