Ենթագիտակցությամբ կատարված բացահայտումներ

Tesla_circa_1890Ենթագիտակցությունը ոչ միայն մեր ողջ կյանքն է կառավարում, այլև օգնում է կատարելու գիտական խոշորագույն բացահայտումներ: Բազում օրինակներ են հայտնի, երբ ենթագիտակցությամբ այնպիսի բացահայտումներ են կատարվել, որոնք մարդկության պատմության ընթացքն են փոխել:
Գիտնականներից շատերին է հայտնի ենթագիտակցության կարևորագույն դերը: Շատերն այն այսօր էլ են գործի դնում: Էդիսոնը, Մարկոնին, Քեթերինգը, Պուանկարեն, Էյնշտեյնը ու շատ շատերը վստահել են իրենց ենթագիտակցությանն ու գիտակցաբար կիրառել են դրա ազդեցությունը: Դրա շնորհիվ մշակվել են մեթոդներ ու հնարքներ, որոնք ընկած են բոլոր մեծագույն նորամուծությունների ու ժամանակակից գիտության ու արդյունաբերական բացահայտումների հիմքում: Ուսումնասիրություններն ապացուցեցին, որ մեծ գիտնականների ու հետազոտողների հաջողություններն ամենաանմիջական կապ ունեն ենթագիտակցության հետ:
 Բոլորին չէ, որ հայտնի է, թե ինչպես անվանի քիմիկոս Ֆրիդրիխ ֆոն Կիկուլեն ենթագիտակցության օգնությամբ լուծեց դժվարին գիտական խնդիրը: Երկար ժամանակ նա լարում էր ուժերը` պատկերացնելու ածխածնի ու ջրածնի 6 ատոմների դիրքը բենզոլի բանաձևում: Կրկին ու կրկին նրա առջև անհաղթահարելի դժվարություններ էին առաջանում, ու հասկանալու համար ոչ մի կերպ մատչելի բացատրություն չէր գտնվում, այնպես, որ նա վերջիվերջո խնդիրը «հանձնարարեց» իր ենթագիտակցությանը: Կայծակի բռնկման նմանվող փայլատակումը եղավ այն պահին, երբ նա նստեց լոնդոնյան ավտոբուս ու հանկարծ մտքում օձ տեսավ, որն իր իսկ պոչի հետևից էր ընկել ու սեփական առանցքի շուրջ պտտվող անվի էր նման: Նրա ենթագիտակցությունը գտավ լուծումն ու խորհրդանշական եղանակով ցույց տվեց ատոմների շրջանաձև դասավորությունը, որն այսօր ամենուր հայտնի է որպես «բենզոլային օղակ»:

 Նիկոլա Տեսլան, որին պարտական ենք մի շարք սենսացիոն հայտնագործությունների համար, հրաշալի ուսումնասիրող էր համարվում էլեկտրատեխնիկայի բնագավառում: Երբ նրա գլխում մի նոր գաղափար էր ծնվում, սովորաբար շարունակում էր այն զարգացնել ու մշակել իր երևակայության մեջ` գիտենալով, որ իր ենթագիտակցությունը կհուշի մանրամասն այնպիսի դետալներ, որոնք անհրաժեշտ են գաղափարի գործնական իրականացման համար:
Շնորհիվ այն հանգամանքի, որ գաղափարը լրիվ հասունանում էր մտքում, նա կարող էր ինժեներներին հայտնել դրա կառուցվածքը` կատարելագործված մանրագույն դետալների մակարդակով` ինչն այլևս ստուգման կարիք չէր զգում:
 Ամերիկացի ականավոր բնախույզ պրոֆեսոր Ագասիսն իր մեջ հայտնաբերեց անդադրում գործող ենթագիտակցություն, որը շարունակում էր գործել անգամ, երբ ինքը քնած էր:
Գիտնականի կյանքի ուղու մասին նրա կնոջ հրատարակած հուշերում նկարագրվում է հետևյալ միջադեպը. «Արդեն երկու շաբաթ նա փորձում էր վերստեղծել ոչ լրիվ, լղոզված գծագրությամբ, մինչպատմական ձկան քարացուկը: Հոգնած ու հուսահատված` նա վերջապես մի կողմ դրեց քարացուկն ու ինքն իրեն ստիպեց դրա մասին այլևս չմտածել: Դրանից հետո նա գիշերվա կեսին արթնացավ երջանիկ հուզմունքով. երազում տեսել էր ձուկն ամբողջական:Բայց երբ փորձեց վերարտադրել տեսածը, այն անընդհատ անհետանում էր հիշողությունից: Առավոտյան նա մեկնեց կենդանաբանական ինստիտուտ` հուսալով այնտեղ տեսնել ինչ- որ բան, որը կարող էր վերակենդանացնել երազում տեսածը: Իզուր. հիշողությունը նրան դավաճանում էր: Հաջորդ օրը նա կրկին երազում տեսավ այն: Սակայն մանրամասները հիշել, ավաղ, չստացվեց:
Հուսալով, որ երրորդ անգամ դա իրեն կհաջողվի` գիտնականը հետը մատիտ ու թուղթ վերցրեց, որ ձեռքի տակ լինեն:
Եվ իսկապես էլ, առավոտյան ձկան պատկերը կրկին հայտնվեց նրա երազներում. սկզբում` աղոտ, ապա բյուրեղյա հստակությամբ, այնպես, որ մասնագետը կարող էր անգամ մանրուքները նկատել: Կիսաքուն վիճակում նա լրիվ մթության մեջ, թղթի կտորի վրա նկարեց քարացուկի պատկերը: Իսկ առավոտյան, հիացմունքով հայտնաբերեց իր գծանկարում որոշակի կենսաբանական առանձնահատկություններ, որոնք երբևէ չէր էլ ենթադրում հայտնաբերել մինչպատմական այդ էակի մոտ: Առավոտյան նա շտապեց ինստիտուտ, ու գծագրության համաձայն` նրան հաջողվեց նուրբ բրիչով հանել քարացուկի վերին շերտը տարբեր հատվածներում ու կարողացավ այն տեսնել ամենայն մանրամասներով: Քարացուկային վերին շերտից ազատված ձուկը հենց այն տեսքն ուներ, ինչ գիտնականը նրան երազում էր տեսել: Այն բացարձակ համընկնում էր նաև գծապատկերին: Դա օգնեց պրոֆեսորին ճիշտ դասակարգելու այդ քարացուկ ձուկը:
 40 և ավելի տարի առաջ կանադացի անվանի վիրաբույժ Ֆրեդերիկ Բախթինգն իրեն նվիրեց շաքարային դիաբետի կործանարար ազդեցության ուսումնասիրությանը: Այն ժամանակ բժշկությունն այս միջոցները չուներ, որ կարողանար կանխել հիվանդությունը: Դոկտորն իր յուրաքանչյուր ազատ րոպեն էր նվիրում փորձերին ու արտասահմանյան մասնագիտական գրականության ընթերցմանը: Մի անգամ, երբ նրա աչքերը հոգնածությունից փակվում էին` գնաց քնելու: Երազում հանկարծ մի գաղափար հղացավ` ոգեթուրմ պատրաստել շան ենթաստամոքսագեղձից: Այդ նյութից է ստացվել ինսուլինը, որն այն ժամանակներից մինչև հիմա միլիոնավոր մարդիկ են օգտագործում:
Հետաքրքրական է, որ դոկտոր Բախթինգը տևական ժամանակ էր փորձում գտնել այդ խնդրի լուծումը, մինչև ենթագիտակցությունը հուշեց ճիշտ ուղին:
Սակայն միշտ չէ որ փայլատակումը կատարվում է առաջին իսկ գիշերը. երբեմն դրա համար բավականին երկար ժամանակ է պահանջվում:
 Ինչպե՞ս է կառուցված կարի մեքենան: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես է, որ հարթ ու համաչափ կար է ստացվում: Կարի մեքենայի բացահայտման պատիվը պատկանում է Էլիաս Հոուին: Ամերիկացի տեխնիկ ու ձեռներեց Հոուն պատանության տարիներին աշխատում էր կարի ֆաբրիկայում, ու բնականաբար զարմանալի չէ, որ նա է կարի մեքենան մտահղացել: 1845-ին նա ներկայացրել է կարի մեքենայի առաջին մոդելը: Իսկ մինչ այդ մի լավ տանջվել է, քանի որ ոչ մի կերպ չէր կարողանում տեղադրել ասեղի անցքը, որպեսզի թելը հակառակ երեսից դուրս գար: Նա շատ փորձարկումներ արեց ու մի օր երազ տեսավ, իբր իրեն վայրի ցեղերն են շրջապատել, որոնց մոտ գերի է ընկել: Շուրջպարի ժամանակ նրանք բրերն էին ճոճում, ու գերյալին հաջողվեց նկատել բրերի սուր անկյան տակ ասեղի անցքը: Երբ Հոուկն արթնացավ ու կրկին փորձ արեց, այս անգամ այն հաջողությամբ պսակվեց, ու նա հասկացավ, որ խնդիրը լուծել է:

 Դեղագործ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օտտո Լևին երազում է տեսել սրտային իմպուլսների նյարդային փոխանցումը. «Զատկին նախորդած շաբաթը ես արթնացա, միացրի լույսը և իսկույն թղթի կտորի վրա բան նկարեցի ու կրկին քնեցի: Առավոտյան ժամը 6-ին հայտնաբերեցի, որ այդ գրառումները չափազանց կարևոր են:Բայց ոչ մի կերպ չէի կարողանում իմ իսկ ձեռագիրը վերծանել: Հաջորդ գիշերը գաղափարը կրկին վերադարձավ ժամը 3-ին: Դա փորձի մոդել էր, որի նպատակն էր հաստատել կամ հերքել քիմիական հաղորդման մասին վարկածը: Այն ես դեռևս 17 տարեկանում էի առաջ քաշել, ու ինչպես հետո հաստատվեց, ճիշտ էր: Իսկույն վեր կացա, լաբորատորիա գնացի, մեկ-միակ փորձ կատարեցի գորտի սրտի վրա ճիշտ գիշերը երազումս տեսած մոդելի պես:

 Խորհրդային ԱՆ-22 ինքնաթիռը, որը լայնորեն կիրառվել է ԽՍՀՄ ՌՕՈՒ-ում, ստեղծել է ավիակոնստրուկտոր Օ. Անտոնովը: Նա երազում է տեսել ինքնաթիռի պոչային փետրավորումը: Արթնանալով` իսկույն նկարել է տեսածը:
Մեծագույն հայտնագործությունները սկիզբ են առնում վաղնջական ժամանակներից:
 Մեսրոպ Մաշտոցը այբուբենի վրա աշխատելիս ուսումնասիրել է պահլավերենը, հունարենը, եթովպիական գրեր ու գրերի մի շարք այլ համակարգեր: Լեգենդի համաձայն` Մաշտոցը քնի մեջ հրեշտակ է տեսել, որը նրան ցույց է տվել այբուբենի տառերը:

 Դպրոցից գիտենք, որ Մենդելեևը տարրերի պարբերական աղյուսակը երազում է տեսել: Նա մի քանի օր մտածում էր դրա մասին անընդհատ: Երբ մտավոր լարված աշխատանքից հոգնած` քնեց ու երազ տեսավ, հետո դրա մասին գրեց. «Ես պարզ երազում տեսնում եմ աղյուսակը, որտեղ տարրերը դասավորված են ինչպես պետք է: Արթնացա ու իսկույն թղթի կտորի վրա գրեցի ու կրկին քնեցի: Հետագայում միայն մի տեղ էր պետք ուղղում կատարել»:
Ի՞նչ է դա: Ենթագիտակցության աշխատա՞նք, որի մասին Ֆրեյդը գրել է, որ այն ունակ է այնպիսի բաների, որոնց առջև մեր գիտակից մտածողությունը խամրում է:
 Ֆրանսիացի մաթեմատիկոս ու փիլիսոփա Ռենե Դեկարտին մարդկությունը պարտական է վերլուծական երկրաչափության, օպտիկական օրենքների բացահայտման, հանրահաշվի մասին բազմաթիվ աշխատությունների ստեծման համար, որոնք ազդել են մաթեմատիկայի զարգացման վրա:
Նա նաև ֆիզիկայի, մեխանիկայի ու Տիեզերքի մասին մտորումներ ուներ: Նա ձևակերպեց ռեֆլեքսի երևույթը, որը հիմա ժամանակակից բժշկության ու հոգեբանության հիմնարար հասկացողություններից է: Հենց նրան են պատկանում հանրահայտ խոսքերը` «Ես մտածում եմ, հետևաբար գոյություն ունեմ»:
Երազում Դեկարտն իր առջև բացված գիրք տեսավ, որում նա կարդաց ինչ-որ հայեցակետի մասին. այն ապացուցում էր, որ միևնույն մեթոդները կարելի է կիրառել տարբեր գիտություններում: Հետո Դեկարտը երազում ոգի տեսավ, որը նրան մեղադրեց ծուլության մեջ` պատմելով գիտնականի իրական կոչման մասին: Նրան էր վիճակված ապացուցել, որ մաթեմատիկական սկզբունքները կարելի է կիրառել բնությունը ճանաչելու համար` կանոնավորելով գիտելիքները:
 Ֆրիդրիխ Բուրդահը, որը հայտնի է նրանով, որ նրբին վիրադանակով կարողացել է կիսել գլխուղեղն ու ողնուղեղը: Դա նրան հաջողվել է երազի շնորհիվ. «Ես տեսա, որ արյունն ինքնուրույն իր ուժով հոսում ու շարժման մեջ է դնում սիրտը, այնպես որ վերջինը որպես արյան հոսքի պատճառ դիտելը հավասարազոր է ալրաղացը գործի դնող առվակների հոսքը բացատրելուն: 1822-ին հետճաշյա քնի ժամանակ ես մտածում էի, որ երազը ինչպես և մկանների ձգումը, վերադարձ է դեպի քեզ»: Այդ երազին է պարտական արյան շրջանառության գաղափարի ծնունդը:

 Դանիացի ֆիզիկոս, տեսաբան, Նոբելյան մրցանակ դափնեկիր Նիլս Բորը մեծ ավանդ ունի քվանտային մեխանիկայի զարգացման գործում: Նա է ատոմի միջուկի ու միջուկային ռեակցիաների մասին տեսության ստեղծողը:
Ասում են` ատոմի կառուցվածքի մասին մտորումների ժամանակ նա երազում տեսել է Արեգակնային համակարգը` պտտվող մոլորակներով: Այդպես է ծնվել ատոմի միջուկի մոդելը:
Հանճարեղ բացահայտումների պատմություններն ապացուցում են, որ մեր ենթագիտակցությունը քնած ժամանակ արթուն է: Ու նրա հնարավորությունները երբեմն անսահմանափակ են թվում, ուրեմն, թեկուզ դրա համար չպետք է երազները քամահրանքով ընդունել:

Tags: