Հրաչյա Հարությունյանի գործով դատարանը որոշում կկայացնի առաջիկա մեկ տարվա ընթացքում

DSC08888«Հրաչյա Հարությունյանի գործով ներկա պահին տեղի է ունենում դատաքննություն: Նա ընդունել է իր մեղքը և պատրաստակամություն հայտնել ամեն կերպ օգնել քննության ընթացքում: Փաստաբանների կողմից ոչ մի խախտում չի նկատվել», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը` խոսելով Նոր Մոսկվայում 18 մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար մեղադրվող Հրաչյա Հարությունյանի գործի վերաբերյալ:

Երանուհի Թումանյանցը հայտնեց, որ գործն ընթանում է ամբողջ հունով. «Ամեն օր նշանակվում են դատական նիստեր, և, բարեբախտաբար, գործընթացը չի ձգձգվում: Ակնկալում ենք, որ դատավորը վերջնական որոշում կկայացնի առաջիկա վեց ամիսների կամ մեկ տարվա ընթացքում»:

Հարությունյանի գործով գլխավոր վկաներն են այն ավտոմեքենայի վարորդը, որն ընթանում էր վթարի ենթարկված ավտոբուսի ետևից, ինչպես նաև մի ոստիկան, ով առաջինն էր ժամանել դեպքի վայր: Ի դեպ, այդ վարորդը հայտարարել էր, որ Հրաչյա Հարությունյանը կեղծ փաստաթղթեր է իրեն ներկայացրել, ինչը, ըստ Թումանյանցի, անհեթեթություն է, քանի որ «վթարի հետևանքով հայ վարորդը դուրս էր շպրտվել ավտոբուսից և որոշ ժամանակ գտնվում էր անգիտակից վիճակում. նա չէր կարող որևէ բան ներկայացնել»:

Թումանյանցը նշեց, որ Հարությունյանին խալաթով դատարան բերելու համար փաստաբանները հայց են ներկայացրել, որն առաջին ատյանում մերժվել է: 2-րդ ատյանում դեռևս որոշում չի կայացվել. Դատավորը նշել է, որ կասեցնելու է գործընթացը` պատճառաբանելով, թե դա քրեական դատարանի խնդիր չէ, սակայն միևնույն ժամանակ հայտարարել է, որ իր դատի ժամանակ նման միջադեպ լինելու դեպքում, նա կդադարեցներ նիստը և կպահանջեր` մեղադրյալին համապատասխան հագուստ տալ: «Փաստորեն դատավորը ընդունել է, որ այդ իրավիճակը ճիշտ չէր», – նշեց Թումանյանցը:

Հրաչյա Հարությունյանի դուստր Լիլիթ Հարությունյանը նշեց, որ հոր ձերբակալվելուց ի վեր չի խոսել նրա հետ, սակայն տեղյակ է, որ նա պատշաճ պայմաններում է գտնվում: Հարությունյանի առողջական վիճակը լավ է ` կայուն: Սակայն, այնուամենայնիվ, ամեն ամիս նա բժշկական զննում է անցնում:

Հայտնի է, որ վթարից տուժածները պահանջել են փոխհատուցում: Լիլիթ Հարությունյանը խոսելով դրանից, ասաց չգիտի կոնկրետ ինչ գումարի մասին է խոսքը. «Դեռ պարզ չէ` ինչպես պետք է վճարենք, արդյոք որոշակի կազմակերպություններ կօգնեն, թե` ոչ»,- նշեց նա:

 Անկախ

Tags: ,