Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումը Հայաստանի համար կարճատև պլանով վտանգավոր է.Արտակ Շաքարյան

պուտին, ԷրդողանԹուրքիան մեծացնում է ՌԴ-ից գնվող գազի ծավալները… Ռուս-թուրքական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների մերձեցման ու Հայաստանի վրա դրա ազդեցության մասին այսօր լրագրողների հետ խոսեցին թուրքագետ Արտակ Շաքարյանն ու տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը: “Մի քանի տարի է, ինչ Թուրքիան ու Ռուսաստանը բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ են հաստատել, ունենում են վարչապետի ու նախագահի մակարդակով բազմաթիվ հանդիպումներ: Չնայած սրան, իհարկե, և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան գիտակցում են, որ իրենք առհավետ թշնամիներ են”,- այս մասին լրագրողներին հայտնեց թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա` Ռուսաստանը գիտակցում է, որ թուրքերն իրենց երկրում 5-րդ շարասյուն են հյուսում` թեկուզ թաթարների միջոցով կամ այլ ճանապարհներով:

Բանախոսը նշեց, որ թուրք գործարարները սկսել են Մերձդնեստրի տարածքում ներդրումներ կատարել, ինչը մեծ բարեհաճություն է Ռուսաստանին:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն էլ նկատեց, որ առանց էներգետիկ համագործակցության խորացման էլ ռուս-թուրքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում: Ռուսաստանի համար Թուրքիան երկրորդ առևտրային գործընկերն է, իսկ Թուրքիայի համար Ռուսաստանը` առաջինը:

Տնտեսագետը նշեց. “Ռուսական գազը Թուրքիայի համար այլընտրանք չունի. Հարցն այն է միայն, թե ինչպես է փոխադրվելու ռուսական գազը Թուրքիա”: Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանից գազ է ստանում հիմնականում երկու ուղիով` “Կապույտ ուղղության” գազամուղի միջոցով և տրանսբալկանյան ուղղության գազամուղի միջովով, որն անցնում է Ուկրաինայի տարածքով: Ուկրաինայում առկա անկայունությունն էլ անհանգստացնում է Թուրքիային ու մղում այլընտրանքային ուղու` “Կապույտ ուղղության” գազամուղով մատակարարվող գազի ծավալների մեծացման, քանի որ ի տարբերություն Տրանսբալկանյան ուղու գազամուղի` “Կապույտ ուղղության” գազամուղն աշխարհաքաղաքական ռիսկերից ավելի պաշպանված է: Ռուսաստանից գնվող գազի ծավալների մեծացումն, ըստ նրա, ընթադրում է նաև գազի գների իջեցում Թուրքիայի համար, ինչի շուրջ էլ ընթանում են ռուս-թուրքական բանակցությունները:

Իսկ Արտակ Շաքարյանն ավելացրեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները առևտրով չեն սահմանափակվում. Ռուսաստանը Թուրքիայի համար կառուցում է ատոմաէլեկտրակայան, որը վերջին 60 տարիներին եղել է Թուրքիայի ռազմավարական զարգացման պլաններում: Այն հետագայում միջուկային ծրագրի զարգացման հնարավորություն է ընձեռում ու Թուրքիայի համար նաև միջուկային զենքի ստեղծման ախորժակ բացում: Համակագործակցությունը նաև այլ ոլորտներ է ընդգրկում:

Ըստ նրա, ռուս-թուրքական երկարատև պլանով թշնամական հարաբերությունները Հայաստանի համար, սակայն, կարճատև պլանով վտանգավոր են: Շաքարյանը գտնում է, որ առկա իրավիճակում Հայաստանի խնդիրն է ավելի ուղիղ կերպով խոսել Ռուսաստանի հետ , քննարկելով ՄՄ-ի անդամակցման թե՛ դրական թե՛ բացասական կողմերը, բաց քննարկել իրավիճակը: Եվ այս հարցում ամենակարևորն է, ըստ նրա, ցույց տալ հայ հասարակության վերաբերմունքն այս կամ այն հարցի վերաբերյալ:

Անկախ

Tags: , , ,