Ռազմական առումով այսօր Սիրիայում ամենալարված օրն է. արաբագետ

Արմեն ՊետրոսյանԱյսօր` հունիսի 3-ին, Սիրիայում տեղի են ունենում նախագահական ընտրություններ: Այս առիթով լրագրողների հետ հանդիպեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

Ըստ նրա` Սիրիայում տիրող իրավիճակի պայմաններում ընտրությունների անցկացումը հետապնդում է երկու նպատակ. այս շրջանում, երբ փակուղի է մտել Սիրիայի ճգնաժամի խաղաղ լուծման համար պայքարող ժնևյան գործընթացը( Ուկրաինայում տեղի ուենցող իրադարձությունների պատճառով իրար են բախվել Ռուսաստանը և ԱՄՆ-ը), գործող իշխանությունը փորձում է պահպանել ստատուս քվոն: Ըստ Բաշար ալ-Ասադի` դա անելու միակ ճանապարհը ցույց տալն է, որ իր իշխանությունը լեգիտիմ է:

 

«Երկրորդ. Ասադը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ հակառակ նրանց պնդումներին սիրիացի ընտրողների զգալի մասի աջակցությունը իր կողմն է. նրանք ողջունում են իշխանությունների գործողությունները և հավատացած են, որ իրենց ուժերով ի վիճակի են վերջ դնել երեք տարի շարունակվող հակամարտությանը»,- նշեց արաբագետը: «Ռազմական գործողությունները վերջին շրջանում որակական նոր փուլ են մտել. դա կապված է Հոմս քաղաքի ազատագրմամբ Սիրիական կառավարական բանակի կողմից: Այժմ ռազմական գործողությունները տեղափոխվել են երկրի հյուսիս` թուրք-սիրիական սահմանին գտնվող բնակավայրեր»,-հավելեց նա:

Ընտրություններին առաջադրված է երեք թեկնածու: Բաշար Ասադից բացի, մյուս թեկնածուներին սիրիական  հասարակությունը ճանաչեց միայն նրանց առաջադրվելուց հետո, ինչը միջազգային փորձագետներին հիմք է տալիս պնդելու, որ Ասադը միանշանակ հաղթելու է:

Հակամարտության մյուս կողմը` ապստամբները, չեն ճանաչում ընտրությունների օրինականությունը, և նրանց հովանավորող պետությունները բոյկոտում են ընտրությունները` անվանելով դրանք խեղկատակություն: «Ապստամբները հայտարարել են, որ թույլ չեն տա ընտրությունների անցկացումը. ռազմական առումով այսօր Սիրիայի ամբողջ տարածքում ամենալարված օրն է»,- ասաց Արմեն Պետրոսյանը:

 

Ըստ նրա` միանշանակ հնարավոր չէ ասել, թե երկրի քանի տոկոսն է մասնակցելու ընտրություններին: Պաշտոնական տվյալների համաձայն ընտրությունների կմասնակցեն 13 նահանգներ. չի մասնակցի միայն Ռակա նահանգը, որը ամբողջովին գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

Մայիսի 28-ին Սիրիայի քաղաքացիների մի մասը արդեն քվեարկել է. խոսքը վերաբերում է այն ընտրազանգվածին, որը հայտնվել էր երկրից դուրս ճգնաժամի պատճառով:

 

Արաբագետի կարծիքով` որքան էլ վտանգավոր լինի, Սիրիայի հայ համայնքը կմասնակցի ընտրություններին և իր նախապատվությունը կտա գործող նախագահին

«ՄԱԿ անդամ երկրները հիմնականում չեզոք կմնան ընտրությունները մեկնաբանելու հարցում: 20-30 պետություն բացասական գնահատական կտա»,-ասաց Արմեն Պետրոսյանը:

Պատասխանելով այն հարցին, թե առաջիկայում հնարավոր է արդյոք հակամարտության լուծում, Պետրոսյանն ասաց. «Մինչև ուկրաինական ճգնաժամը գուցե ինչ-որ առումով գոնե քաղաքական դաշտում հնարավոր էր մոտ ապագայում Սիրիայում տիրող իրավիճակը հարթել, սակայն այժմ դա բացառվում է»:

Անկախ

Tags: , ,