Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի մայիսին. Ռազմինֆո

ՊԲ,պնՌազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի մարտին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 8 զոհի և 20 վիրավորի մասին։

Եթե համեմատենք 2014-ի մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանի հայտարարած զոհերի թիվը 2013-ի նույն ժամանակահատվածի հետ, ապա այն չի փոխվել։
Նկատենք, որ մայիս ամսվա կորուստների շարքում չենք ընդգրկել Ադրբեջանի զինված ուժերի բժշկական ծառայության, պահեստազորի գեներալ-մայոր, 76-ամյա Դաղլար Մամեդ օղլու Աբդուլաևին, որը մահացել էր մայիսի 9-ին:

Բացի այդ, ցուցակում բացակայում է «առաջնագծում սպանված ադրբեջանցի 4 զինծառայողների» մասին մայիսի 11-ին տարածված տեղեկությունը, քանի որ դրա աղբյուրն ադրբեջանական սոցցանցային էջ է, այլ աղբյուրներով լուրը չի հաստատվել, Ադրբեջանի ՊՆ-ն ևս հերքել է տեղեկությունը:

2014-ի 8 զոհերի հետ կապված միջադեպերից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է 6-ը: Հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացված տեղեկություններին՝ 8 զոհերից 2-ը մարտական են՝ Ադրբեջանի ՊՆ-ի պնդմամբ՝ իբր «հայկական կողմի դիվերսիայի պատճառով»: Խոսքը մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմի ձեռնարկած հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձի մասին է, որի հետևանքով ադրբեջանական զինուժն ունեցել է 2 զոհ, 1 վիրավոր:

Հայտնի են զոհված ադրբեջանցի զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։

6 ոչ մարտական կորուստներից 3-ի պատճառը հիվանդությունն է, 2-ինը՝ ավտովթարը, 1-ինը՝ սպանությունը:

Նշենք, որ առողջական խնդիրների պատճառով մահացած զինծառայողներից մեկի ախտորոշման մասին Ադրբեջանի ՊՆ-ն լռում է, մեկը մահացել է անոթների սուր հիվանդությունից, մյուսը՝ սուր մենինգիտից: Հատկանշական է, որ մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանում կրկին գլուխ է բարձրացրել Ադրբեջանի ՊՆ-ի՝ առողջական լուրջ խնդիրներով զինծառայողների բուժումը չհոգալու և նրանց իսպառ անտեսելու թեման:

Ինչ վերաբերում է հայտարարված վիրավորներին, ապա 2013-ի մայիսի համեմատ՝ դրանց թիվը նվազել է մոտ 13 տոկոսով։

20 տուժածներից Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է 10-ը. 4-ը, ըստ պաշտոնական վարկածների, մարտական պայմաններում են՝ «հայկական գնդակից», 11-ը՝ ավտոթարի, 2-ը՝ զորավարժությունների ժամանակ դժբախտ պատահարի, 2-ը՝ զենքի հետ անզգույշ վարմունքի, 1-ը՝ դժբախտ պատահարի (հոսանքահարման) պատճառով:

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն չի մեկնաբանել հենց ՃՏՊ-ների պատճառով վնասվածքներ ստացած զինծառայողների վերաբերյալ տեղեկությունների մեծ մասը:

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն ավելի վաղ ներկայացրել էր ադրբեջանական զինուժի կորուստները 2014-ի ապրիլի ընթացքում. հայտարարվել էր 11 զոհի,13 վիրավորների մասին: Ըստ այդմ, հաշվի առնելով մայիսին հայտարարված 8 զոհերն ու 20 վիրավորները՝ կարող ենք արձանագրել, որ 2014-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության գերատեսչություններն ընդհանուր առմամբ հաղորդել են 35 զոհի, 59 վիրավորի մասին: Ընդ որում, եթե հետևենք ադրբեջանական կողմի պնդումներին, ապա կստացվի՝ 35 զոհերից 11-ը մարտական կորուստ են:

Անկախ

Tags: ,