Իրանի ԱԳՆ. «Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է»

saxteman e vezarat e omur e xarejee iranԻրանի արտաքին գործերի նախարարության կայքը Սիրիայի նախագահի ընտրությունների հետ կապված հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն է:

«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն է: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Սիրիայում ժողովրդի շահերը չոտնահարվեն և երկիրը դուրս գա ճգնաժամից և, ի վերջո, հաստատվի կայունություն ու խաղաղություն»,- ասված է հաղորդագրությունում:

Ուշագրավ է, որ Սիրիայի նախագահի աշխատակազմը ևս նախօրեին այդ երկրում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առթիվ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ընտրություններին բարձր մասնակցությունը վկայում է, որ Սիրիայի ժողովուրդը հաստատակամ է իր հայրենիքը վերակառուցելու հարցում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում անցկացվել են նախագահական ընտրություններ, և վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ երկրի նախագահի պաշտոնի համար պայքարել էին երկու այլ թեկնածու՝ Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի Նուրին։

Եվ, չնայած 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին, քչերն էին կասկածում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին։

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտնվեն այսօր:

Tags: , ,