Չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի. Աշոտ Եղիազարյան

աշոտ եղիազարյան«Էլեկտրաէներգիայի թանկացումները սպառողների վրա կազդեն մոտ ամիսների ընթացքում։ Շուտով մենք էներգետիկ աղքատության ենք բախվելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ-փորձագետ Աշոտ Եղիազարյանը, հավելելով, որ նախատեսվում է էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում սպառողների բոլոր խմբերի համար 3,8-4,3 դրամի սահմաններում։

Աշոտ Եղիազարյանը անդրադարձավ Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից հրապարակված հաղորդագրությանը, որը վերաբերում է սակագների բարձրացման խնդրին։ Նա մատնանշեց երկու հետաքրքիր հանգամանք. «Հանձնաժողովը փորձում է հիմնավորել դա այն բանով, որ 2014-2015 թվականներին էներգետիկ համակարգի ձեռնարկությունների գործունեության վրա կարող են ազդել որոշակի գործոններ՝ ներքին և արտաքին, և երկրորդ , որ համակարգի կայունության և էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման համար անհրաժեշտ են որոշակի միջոցներ՝ մոտ 20 միլիարդ դրամի չափով։ Այսպիսով, անուղղակիորեն խոստովանվում է, որ համակարգում կան բավական լուրջ հիմնախնդիրներ. էներգետիկ համակարգը հիվանդ է և դա գաղտնիք չէ»։

Եղիազարյանն ասաց, որ հետագայում այս թանկացումների հինավորումները կտան պատկան մարմինները, սակայն նրան թվում է` դրա պատճառները մի քանիսն են, որոնցից կարևորագույնը էներգետիկ համակարգը արդիականացնելու անհրաժեշտությունն է։ Ներկայումս ընկերությունները աշխատում են Խորհրդային Միության տեխնոլոգիաներով։ «Մեր ենթակառուցվածքը շատ հին է։ Նախորդ տարիների ընթացքում լուրջ ներդրումներ չեն կատարվել գեներացնող հզորություններում։ Ոլորտը փրկելու համար անհրաժեշտ են լուրջ ներդրումներ։ Մինչև 2016 թվականը նախատեսվում է հազար մեգավատտ, իսկ դա մեր հզորությունների մոտավորապես կեսն է, շահագործման չպետք է ենթարկվի։ Ենթադրվում է, որ պլանավորման մեջ են մոտ 1400 մեգավատտ հզորություններ, որից 1100-ը ատոմակայանի նոր բլոկի  շինարարությունն է, որը այսօր կարող ենք ասել, որ չի լինելու մինչև 2016 թվականը, այսինքն՝ չի բացառվում, որ մենք բախվենք էլեկտրաէներգիայի դեֆիցիտի» , – ասաց տնտեսագետը։

Ըստ նրա՝ սակագների բարձրացման երկրորդ պատճառն այն է, որ ՀՀ էներգետիկ ընկերությունները ռուսական ընկերությունների ճյուղերն են, և սա ևս խնդրի աղբյուր է, քանի որ նրանց նկատմամբ միջազգային կառույցները պատժամիջոցներ են իրականացնում, ինչը ազդում է նրանց ֆինանսական և տնտեսական վիճակի վրա։ «Սրա հետևանքները զգացվելու են նաև Հայաստանում»,- ասաց նա։

Կա նաև 3-րդ պատճառը. Եվրասիական միության նախագծերին մասնակցելով՝ հանրապետության էներգետիկ համակարգը զրկվում է այլընտրանքային տարբերակներից. եթե նախկինում կարելի էր դիտարկել իրանական համապատասխան կառույցների հետ համագործակցությունը, այժմ Հայաստանը այդ հնարավորությունից էլ է զրկվում։

«Այս ամենը շատ մտահոգիչ է, քանի որ էներգետիկ համակարգը տնտեսության ողնաշարն է։ Էներգետիկան ապահովում է  տվյալ ազգային տնտեսության մրցունակությունը, և, բնականաբար, բարձր սակագները հարված են երկրի տնտեսությանը ամբողջությամբ վերցված»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը։

Անկախ

Tags: ,