Սպանված ուսանողի հայրը փորձում է պարզել ողջ ճշմարտությունը.Փաստինֆո

դատարանԵրևանի Տերյան փողոցում ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց տուժողի հայրը, տուժողի իրավահաջորդ Պատվական Հայրապետյանը: Նա հայտարարեց, որ դեպքի վերաբերյալ իր տրամադրվածությունը մեկն է՝ պարզել ողջ ճշմարտությունը, հաղորդում է Փաստինֆոն:
Տուժողի իրավահաջորդը նշեց, որ դեպքից առաջ հեռախոսով խոսել է որդու հետ, նա նորմալ վիճակում է եղել, ապա ավելի ուշ որդու հեռախոսից իրեն զանգահարել են հիվանդանոցից, ասել, որ իր որդին դանակահարվել է:
Տուժողի հայրը նշեց, որ իր որդու ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի հորից է լսել, որ իր որդու մահվան հանգեցրած դանակի հարվածը հասցրել է ոմն Հայկը Կոմիտասից, ով, ինչպես իրեն հայտնի է դարձել հետագայում, ամբաստանյալ Հայկ Աղամալյանն է:
Նա հայտնեց, որ որդին գտնվել է վիճաբանության վայրում ընկերոջ՝ Ռոբերտ Խաչատրյանի պատճառով, իր հարցին, թե «եթե դու այնտեղ չլինեիր, Տիգրանն այնտեղ կլինե՞ր», Ռոբերտ Խաչատրյանը բացասական պատասխան է տվել:
Ըստ սպանվածի հոր՝ Ռոբերտ Խաչատրյանի  վնասվածքները մտացածին էին և նպատակ ունեին իր մոտ խղճահարություն առաջացնել, պատահական չէ, որ դատական բժիշկը չի նկատել, մասնավորապես, փորի վնասվածքը:
Տուժողի հայրը կարծում է, որ բժիշկը չի նկատել, քանի որ վնասվածք չի եղել:
Կասկածի տեղիք է տալիս նաև Ռոբերտ Խաչատրյանի հայտարարությունը. «Հիշողությունս կորցրել եմ, բան չեմ հիշում»:
Ռոբերտ Խաչատրյանն է, որ իրեն սոցցանցերով ցույց է տվել Հայկ Աղամալյանի լուսանկարները, սակայն վերջինիս ճանաչման ներկայացնելու ժամանակ,   Ռոբերտ Խաչատրյանն ասել է իրեն. «Չգիտեմ՝ ինչ կատարվեց, այդ պահին չճանաչեցի»: Իբր ճանաչումից հետո է միայն «հիշել», որ «նա էր Հայկը», ինչի մասին ասել է քննիչին, նա էլ ասել է, թե «արդեն ուշ է, դու չճանաչեցիր, ճանաչումն ավարտվել է»:
Ըստ Պատվական Հայրապետյանի՝ իր որդու ընկերոջ ու նրա հոր գործողությունները մեկ ուղղվածություն ունեին՝ «այդ ամենից հեռու պահել Ռոբերտ Խաչատրյանին»: Ավելին, նրանք իրենց գործողություններով մի պահ շեղել ու երկարացրել են նախաքննությունը:
Տուժողի հայրն անդրադարձավ նաև ամբաստանյալ Հայկ Աղամալյանի մոր ֆեյսբուքյան հայտարարությանը: Ըստ այդմ, «անմեղ մարդ է դատվում», իսկ ով մեղավոր է, հայտնաբերված չէ: Իսկ ԶԼՄ-ի հետ հարցազրույցում ամբաստանյալի մայրը հայտնել է, որ «խմբի մեջ եղել են ոստիկանության աշխատակիցների տղաներ, որոնք քննությունից դուրս են մնացել»:
Տուժողի իրավահաջորդը չհամաձայնեց պաշտպանական կողմի այն դիտարկման հետ, թե Ռոբերտ Խաչատրյանի նկարագրությունը չի համապատասխանում Հայկ Աղամալյանի արտաքին տվյալներին: Տուժողի հայրը նշեց, որ Տիգրանի աջ կողմում գտնվող անձի նկարագրությունը լիովին համապատասխանում է Հայկ Աղմալյանի արտաքին տվյալներին՝ նիհարակազմ, 170 սմ հասակով: Պատվական Հայրապետյանը միաժամանակ նկատեց, որ իր որդին մահացու հարվածը ստացել է աջից:
Հայկ Աղամալյանի պաշտպան Սեյրան Գրիգորյանը միջնորդեց 10-15 օրով հետաձգել դատաքննությունը, որպեսզի ինքը հնարավորություն ունենա նոր ապացույցներ, այդ թվում՝ ականատես վկաներ ներկայացնել դատարանին: Դա հնարավորություն կտա, ըստ պաշտպանի, ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Դատարանը դատաքննությունը հետաձգելու միջնորդությունը մերժեց՝ անհիմն լինելու պատճառով, սակայն պարզաբանեց, որ պաշտպանական կողմը կարող է դատերից ազատ ժամանակ գտնել այդ ապացույցները և միջնրոդություն ներկայացնել՝ դրանք հետազոտելու համար:
Այսօրվա դատական նիստում ավարտվեց գործի գրավոր ապացույցների հետազոտումը: Հաջորդ դատական նիստում ցուցմունքներ կտան ամբաստանյալները:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: , ,