Արա Հարությունյանը և ՀՅԴ ներկայացուցիչները քննարկել են ԼՂՀ բյուջեի կատարողականը

Արա ՀարությունյանԱրցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր ընդունել է ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության անդամներին՝ քննարկելու 2013թ. բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առնչվող որոշ հարցեր:

Վարչապետը ողջունել է իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի միջև պարբերական շփումները՝ աշխատանքների արդյունավետ կազմակերպման և հիմնախնդիրների վերհանման համատեքստում: Կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալ-տնտեսական և կրթական որոշ ծրագրերի իրականացման ընթացքը:

Ա. Հարությունյանը կարևորել է խորհրդարանի դերը պետբյուջեի կատարողականի արդյունավետության բարձրացման գործում՝ ակնկալելով կառուցողական առաջարկներ այդ ուղղությամբ: Վարչապետի խոսքով՝ հանրապետության բյուջեն ուղղված է գլխավորապես սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, և դրա պլանավորումն ու իրագործումը պետք է ելնեն այդ տրամաբանությունից:

Քննարկվել են նաև կրթական համակարգին և կադրերի պատրաստմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը շեշտադրել է տնտեսությունում որակյալ կադրերի սղության խնդիրը և կարևորել իշխանության բոլոր ճյուղերի համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը նշված ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Շուշիի արհեստագործական ուսումնարանի նշանակությանը և նախատեսվող աշխատանքներին, որոնք սկսելու են սույն թվականի սեպտեմբերին: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ֆրանսիական մոդելով աշխատող ուսումնարանն ի վիճակի է լինելու պատրաստել շինարարության բնագավառի որակյալ մասնագետներ:

Հանդիպմանը մասնակցում էր նաև Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: ,