«Մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք չլուծված հակամարտության խնդիր ունենք». Սեյրան Օհանյան

137531Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բարձրացրեց վերջին շրջանում երկրի սահմաններում տիրող անհանգստության հարցը, որի հետևանքով հայկական կողմը նաև զոհեր ունեցավ:

Պատգամավորը հետաքրքրվեց, թե պաշտպանության նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ այդ հարցի քննարկումն ինչ է տվել և հնարավոր չէ՞ արդյոք մեր սահմաններն այնպես կահավորել, որ հնարավորինս զերծ մնանք նման գործողություններից և խուսափենք մարդկային կորուստներից:

Սեյրան Օհանյանի խոսքով` եթե վերլուծենք այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը և սահմանային իրադրությունը, ապա կգանք այն եզրակացության, որ սահմանին այսօր կայուն լարված իրավիճակ է, ինչը նորություն չէ մեզ համար: «Մենք և մեր հասարակությունը պետք է համակերպվի այն իրավիճակի հետ, որ մենք ունենք չլուծված հակամարտության խնդիր, ուստի մեր հակառակորդի ռազմատենչ եռանդը պետք է լուծենք հակագործողությունների և կանխարգելիչ գործողությունների միջոցով»,-նշեց նախարարը:

Նրա խոսքով` հակառակորդի գործողությունները մեզ ստուգելու դիտավորյալ բնույթ են կրում: «Հարցի լուծման համար մենք պետք է վստահության մթնոլորտ ձևավորենք, իսկ դա կայանում է նրանում, որ զերծ պետք է մնանք դիպուկահարների կրակոցներից, հրադարի ռեժիմը խախտելուց, պետք է կանխվեն դիվերսիոն հետախուզումները և ամենակարևորը` միջազգային հետաքննություն անցկացնել, որի մասին ես խոսել եմ նաև Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպման ժամանակ: Ցավոք, համանախագահները նշում են, որ այսօր պատարստ չեն միջազգային հետաքննություն իրականացնել` կապված ֆինանսական, նյութատեխնիկական, մասնագիտական ռեսուրսների ներդրումների հետ»:

Ինչ վերաբերում է վերջին օրերի ընթացքում Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած դեպքերին, Սեյրան Օհանյանը հավաստիացրեց, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են այն բանին, որ թույլ չտան լարվածության նոր օջախի ստեղծմանը:

Սահմանին տիրող լարվածությանն անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Թևան Պողոսյանը: Նա հետաքրքրվեց, թե նախարարը Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացրե՞լ է արդյոք հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը:

Սեյրան Օհանյանն ասաց, որ նման հանդիպումները շատ անգամ անցնում են փակ ընթացակարգով և ձեռք է բերվում պայմանավորվածություն դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առումով:

Այնուամենայնիվ, նա ասաց, որ այդ նիստի ընթացքում մի շարք կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական ընդհանուր մեխանիզմների ձևավորմանը: «ՀԱՊԿ-ից մեր ցանկությունն այն է, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում,-ասաց նախարարը:

 

Անկախ

Tags: , , , ,