«Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից». Ալ. Արզումանյան

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովի այս նստաշրջանի վերջին քառօրյայի վերջին նիստը մեկնարկեց պատգամավորների լեզվակռվով: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և գործընկերների ուշադրությունը հրավիրեց նախօրեին Ազգային ժողովում տեղակայված հայ-ռուսական ակումբի նիստում ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովի հանդիպմանը և այդ հանդիպմանը նրա հնչեցրած մտքերին: <<Երեկ անթույլատրելի իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի խորհրդարանում: Ռուսաստանցի լրագրող Դմիտրի Կիսիլյովը հայ-ռուսական ակումբի նիստի ժամանակ անհարգալից տոնով և ենթատեքստով հայտարարություններ է արել ՀՀ-ի, հայ ժողովրդի, հայ ժողովրդի նահատակների և հայոց լեզվի հասցեին: Կարծում եմ՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսիլյովին ՀՀ տարածքում «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ հայտարարելու մասին հարցը: Խստորեն դատապարտում եմ նաև նիստին ներկա ՀՀ պատգամավորների պահվածքը, որոնք չեն գտնվել անհրաժեշտ բարձրության վրա: Կարծում եմ, որ Հայաստանը օտարերկրյա հյուրերին պետք է հստակ ուղերձ հղի, որ նման պահվածք ունեցող յուրաքանչյուր օտարերկրացի արժանանալու է հստակ հակահարվածի>>,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանը, հայոց լեզուն հայ ժողովրդի համար հոգևոր արժեք են, ուստի, եթե նման իրողություններ կան, կքննարկվեն: Անյուհետև վարման կարգով ելույթ խնդրեց ՀՀԿ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, որը երեկվա հանդիպմանը ներկա է գտնվել: Նա հակադարձեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. <<Նման բան, ինչ որ ասաց պարոն Նիկոլը/կողքի պատգամավորին հարցնում է՝ ինչ էր ազգանունը/, հա, պարոն Փաշինյան, նման բան տեղի չի ունեցել ընդհանրապես: Որևէ վիրավորական արտահայտություն մեր ներկայությամբ, իսկ ես այնտեղ ներկա եմ եղել, չի եղել, դա չի համապատասխանում իրականությանը: Եղել է քննարկում, որը վերաբերել է բազմաթիվ հարցերի՝ հարգալից մթնոլորտում, և պատգամավորները, լսելով կարծիքը, ներկայացրել են իրենց կարծիքը>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այլևս չի պատրաստվում որևէ մեկին վարման կարգով ելույթի իրավունք տրամադրել, քանի որ ծավալվում է քննարկում՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում խնդիրը նիստից դուրս լրացուցիչ կքննարկվի:

Այնուհետև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթի իրավունքով ասաց, որ ցանկանում է փարատել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ բոլորի, այդ թվում՝ «լրատվական կորպուսի» ներկայացուցիչների անհանգստությունը: <<Ակումբային հարթակը բանավիճային է, որտեղ պոլեմիկայի, տարբեր կարծիքներ լսելու, այլ արգումենտներ հնչեցնելու հնարավորություն պիտի լինի, և կա այդ հնարավորությունը: Ներկա պատգամավորները, լրատվական ներկայացուցիչները շատ ակտիվ են եղել, այնտեղ չի եղել վիրավորական որևէ խոսք նահատակների հասցեին, վստահ եղեք: Եթե նման լիներ, ապա ինչպես Դուք, այնպես էլ բոլոր ներկաները թույլ չէր տա: Այնտեղ են եղել պարոն Բաբուխանյանը, Տաճատ Վարդապետյանը, Կարինե Աճեմյանը, և բոլորը, պարոն Փաշինյան, իրենց բարձունքի վրա են գտնվել>>:

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը. <<ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է, խնդրում և պահանջում եմ հետայսու ԱԺ-ում տեղի ունեցող որևէ քննարկման ժամանակ պահպանել պետական լեզվի կարգավիճակը՝ ապահովելով թարգմանություն: Եվ հաջորդը. եթե ԱԺ փոխնախագահի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվայում օդակայանից հասնում է հյուրանոց երկուսուկես ժամում, բոլորովին այլ կարգի պատվիրակությունը կարող է Դեմիրճյան փողոցից ոտքով հասնել ԱԺ շենք, սա խնդրում եմ՝ նկատի ունեցեք>>:

Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ, անդրադառնալով նախօրեի քննարկմանը, ասաց, որ բազմակարծություն ապահովելու ահմարա նհրաժեշտ էր հրավիրել տարբերվող կարծիքներով պատգամավորների: <<Որպեսզի եթե վիրավորեն մեր ժողովրդին, կարողանանք պաշտպանել: Պարոն Բաբուխանյանն ուղղակի ստում է: Հանդիպումն ամբողջությամբ համացանցում է, որտեղ հստակ երևում է, որ մեր ժողովրդի հասցեին, մեր պետությանը սպառնացող ցինիկ արտահայտություններ են արվել: Հիշեցման կարգով՝ ցինիկ և կինիկ բառերի արմատը շուն բառն է: Հին Հունաստանում ցինիկ էին անվանում մարդկանց, որոնք շան պես հաշչում էին հասարակության վրա՝ վիրավորելով վերջինիս: Պահանջում ենք՝ հետայսու զերծ պահեք հայոց խորհրդարանը նման հաչոցներից>>:

Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ այսուհետև խորհրդարանական յուրաքանչյուր միջոցառում կընթանա հայոց լեզվով: Արձագանքելով արդեն խոսափողն անջատած, բայց լեզվակռիվը շարունակող պատգամավորներին՝  Գալուստ Սահակյանը ասաց. <<Էստեղ արդեն պատերազմ չենք հայտարարում: Ուշադիր, ուշադիր, կարծում եմ՝ էստեղից է գալիս, որ մեր ժողովուրդը երբեմն մեզ չի ընդունում: Սա խորհրդարանի դահլիճն է, արդեն ասացի, եթե անհրաժեշտ է, ևս մեկ անգամ կքննարկենք իրողությունը>>:

Tags: , , , ,