Վելիկոռուսական շովինիզմով տառապող «լժե-վերլուծաբանը» և խաշած ժպիտներով հայ պատգամավորները

Նաիրա ԶոհրաբյանՀունիսի 11-ին ԱԺ նիստից հետո ստեղծված աժիոտաժը խորհրդարանում հենց սկզբից է զարմացրել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին: «Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ Ազգային ժողովի շենք Դալայ Լաման էր մուտք գործելու, և երբ ես հարցրեցի, թե ում եք այսպես սրտատրոփ սպասում, պարզվեց` մի վերլուծաբանի, որի քծնանքը առ Պուտին ավելի նողկալի է, քան երբևէ ժամանակին մենք սովետպրոպագանդայի ժամանակ տեսնում էինք առ Չեռնենկո, Անդրոպով և Բրեժնև»,-ասաց նա` ի պատասխան Անկախ-ի հարցին, թե ով է պատասխանատու և մեղավոր, որ ռուսաստանցի մի լրագրող Հայաստանում նման հայտարարություններ է անում:

Պատգամավորի կարծիքով, երբ դու թույլ ես տալիս, որ քո երկրի խորհրդարանում «թքեն քո երեսին», ապա դրանում մեղավոր ենք մենք բոլորս. «Եթե դու նման հնարավորություն տալիս ես ինչ որ մի «լժե-վերլուծաբանի», ապա միշտ էլ կգտնվի այն անկիրթ, անդաստիարակը, որը իրեն թույլ կտա Հայաստանի Հանրապետության խորհրդարանում մեզ դաստիարակելու և սովորեցնելու»:

Ըստ Զոհրաբյանի, պատասխանատուն ու մեղավորը նաև նրանք էին, ովքեր «խաշած ժպիտներով նստած էին այդ նիստին և թույլ էին տվել, որ ինչ որ մի տեսաբան, որը տառապում է վելիկոռուսական շովինիզմով, անարգի Հայաստանի Հանրապետությունը»:

 

Անկախ

 

 

Tags: , ,