Արամ Մանուկյան. «Սերժ Սարգսյանը ձեռքը կկտրի, բայց այդ նախագիծը չի ստորագրի»

Արամ Մանուկյան (1)ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀԱԿ օրակարգում չի փոխվել ու չի փոխվելու իշխանափոխության պահանջի հարցը, քանի որ իրենք երկրում փոփոխությունների միակ ելքը համարում են դա: Միաժամանակ նա խոսոտավանում է, որ ժամանակն աշխատում է ի վնաս իրենց. «Այսինքն, եթե ժամանակը երկար գնաց, մարդիկ արտագաղթեցին, պայքարող էլ չմնաց, ո՞վ է սրանց հախից գալու»,-հարցնում է Մանուկյանը:

Նրա կարծիքով` իշխանությունները հենց դրա ուղղությամբ էլ աշխատում են. ինչքան ուշ հասնի իշխանափոխության պահանջը, էդքան քիչ կլինի պահանջողը:

Այնուամենայնիվ, ՀԱԿ պատգամավորը հույս ունի, որ սեպտեմբերի վերջին իրենց կմիանան նաև շատ այլ ուժեր: Ավելին` նա վստահ է, որ մի օր Հանրապետականից էլ կանցնեն ընդդիմության շարքերը, Սերժ Սարգսյանից երես թեքողներ էլ կլինեն` հատկապես  սահմանադրական բարեփոխումների նախագիծը չանցնելու դեպքում:

Մանուկյանը հիշեցնում է, որ ՀԱԿ-ը խորհրդարան է մտել 7 ձայնով, սակայն այսօր ունի 50-55 ձայն` շնորհիվ մյուս քաղաքական ուժերի հետ համախմբման. «Սա դանդաղ արդյունք է, բայց արդյունք է»,-կարծում է նա:

Ինչ վերաբերում է «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հայտարարություններին, ՀԱԿ պատգամավորը գտնում է, որ դա համարժեք պատասխան էր Հայաստանին. «Ով էր տեսել նման բան, ամոթ չէ՞ր, էդ «համմերով» եկել-կանգնել էր Ազգային ժողովի աստիճաններին, պառկած խոսում էր, է, հետո՞…»,-վրդովմունքը չթաքցրեց պատգամավորը,-ո՞ր երկիրը թույլ կտա, որ այլ երկրի որևէ քաղաքացի իր երկրում նման լկտի ձևով հանդես գա, էդպիսի պոռոտաբանությամբ զբաղվի: Էն ի՞նչ դաս էր մեզ տալիս: Դահլիճից մեկն արձագանքեց՞…»:

Անդրադառնալով քառյակի կողմից ներկայացված 12 պահանջներին` Արամ Մանուկյանն ասաց, որ դրանք կատարելու դեպքում իշխանությունները լուրջ խնդիրներ կունենան. օրինակ` ԱԺ 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելը և ընտրությունների հենց հաջորդ օրը ցուցակների հրապարակումը. «Սերժ Սարգսյանն իր ձեռքը կկտրի, բայց չի ստորագրի մի օրենք, որով հաջորդ օրը կտպվեն ընտրողների ցուցակները»,-ասաց նա:

Պատգամավորը նաև համոզված է, որ իշխանությունները չեն գնա անգամ 12 կետերի  պահանջի կեսի կատարմանը. «Եթե ուզենան, իհարկե, կգնան, բայց էդ ուզելը նշանակում է` զրկվել սեփական թիմից, սեփական փողերից և սեփական աջակցող օլիգարխներից: Այդ դեպքում լուրջ քանդուքարափ է լինելու Հանրապետական կուսակցությունը: Թող հիմա իրենք որոշեն` կամ փրկելու են Հանրապետական կուսակցությունը, կամ էլ երկիրը»:

 

Անկախ

Tags: , ,