Հարկային օրենսգիրքը` կայուն և կանխատեսելի բիզնես միջավայրի երաշխիք

18_06_2014_3Մեկնարկել են ոլորտի միասնական օրենսդրության մշակման աշխատանքները

ՀՀ ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ ՄԶԳ հարկային բարեփոխումների ծրագրի շրջանակում Երևանում այսօր մեկնարկել է «Միասնական հարկային օրենսգրքի մշակում. փոփոխություններին ընդառաջ» միջազգային համաժողովը: Հայաստանի վարչապետը, ողջունելով ներկաներին, կարևորել է միասնական հարկային օրենսգրքի մշակումն ու ներդրումը մեր երկրի երկարաժամկետ և կայուն զարգացման տեսանկյունից. «Միջազգային լավագույն փորձին համահունչ հարկային օրենսգրքի մշակումը և ներդրումը կարևոր խթան կհանդիսանա մեր երկրի գործարար միջավայրի հետագա բարելավման և ազգային տնտեսության ներդրումային գրավչության բարձրացման գործում»:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի խոսքերով` մտադիր ենք ունենալ երկարաժամկետ հատվածի հարկային օրենսգիրք, ինչը կբխի տնտեսության զարգացման հեռանկարային հայեցակարգից և կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը: Ըստ ֆինանսների նախարարի, ձևավորման ու շարունակական զարգացման ավելի քան 20 տարիների ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել հարկային համակարգում: Շեշտադրելով վերջին տարիներին ոլորտի էական ձեռքբերումները` էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ու տեխնոլոգիաների ներդրումը, հարկ վճարողների սպասարկման ընթացակարգերի բարելավումը, բազմաթիվ բիզնես գործընթացների ավտոմատացումը, հարկային հսկողության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև կադրային ներուժը, Գագիկ Խաչատրյանն ընգծել է, որ այս ամենին զուգահեռ ժամանակակից հարկային համակարգերին հատուկ և առաջադիմական լուծումներով հարկային օրենսգրքի մշակումը և կիրառումը կարևոր ներդրում կլինի հայաստանյան հարկային համակարգի հետագա զարգացման գործում. «Հարկային համակարգը կլինի առավել կայուն, իսկ գործարար միջավայրի ու ներդրողների տեսանկյունից` առավել կանխատեսելի, կապահովվի պետական բյուջեի հարկային եկամուտների անհրաժեշտ մակարդակը: Մեկ փաստաթղթում կհամախմբվեն և կպարզեցվեն հարկային օրենսդրությունն ու հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերը, կվերանան դրանցում առկա կրկնությունները, անհստակությունները, տարընթերցման պատճառ հանդիսացող դրույթները: Օրենսգրքով կամրապնդվեն հարկման հիմնարար սկզբունքները. հարկային քաղաքականությունը կլինի առավել հասցեական ու նպատակային, իսկ վարչարարությունն` առավել թափանցիկ: Կկատարելագործվեն նաև արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու և հարկումից խուսափելու ռիսկերը կառավարելու գործիքները, կամրապնդվի հայաստանյան հարկային համակարգի մրցունակությունը»:
Միջոցառմանը կարևորվել է նաև շահագրգիռ բոլոր կողմերի` պետության, մասնավոր հատվածի, հասարակության և միջազգային փորձագետների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը միասնական հարկային օրենսգրքի մշակման և ներդրման գործընթացին:

Tags: , ,