Մերձավոր Արևելքը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած. արաբագետներ

Syria-Civil-War“Հայությունն այսօր արդեն փորձեր է անում վերադառնալ Քեսաբ, զրոյից սկսել ամեն ինչ և շատ մեծ գործ ունեն անելու։ Հայաստանի Հանրապետությունը ևս անելիք ունի։ Նա պետք է հումանիտար և այլ խողովակներով օգնություն հասցնի քեսաբահայությանը”, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը՝ ընդգծելով, սակայն, որ այնուամենայնիվ, վտանգը դեռ չի վերացել, և դա վերաբերում է ոչ միայն հայերին, այլև Սիրիայի մնացած քաղաքացիներին։

Արաբագետ Սարգիս Գրիգորյանը իր հերթին նշեց, որ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները ուղիղ կապ ունեն Թուրքիայի հետ։ Նա նշեց, որ ծայրահեղականները հենց Թուրքիայի հետ սահմանից էին ներթափանցել Քեսաբ. Այնտեղ կան ռազմական պատրաստվածության ճամբարներ, որտեղից զինյալները պատրաստի մարտիկներ դարձած անարգել մտնում են Սիրիա:  “Թուրքիայի այն հայտարարությունը, թե փակում է զինյալների ճանապարհը, իրականությանը չի համապատասխանում, ընդհակառակը` նա աջակցություն է ցուցաբերել զինյալներին։ Մարտերը Քեսաբին հարակից բարձունքների համար էին մղվում, այդ պատճառով էլ Քեսաբում ավերածություններն ու զոհերը քիչ էին։ Երկու օր առաջ Քեսաբում կռվող զինյալները այն չէին, ինչ մարտի 21-ին մարտնչող զինյալները: Այս անգամ զինյալների թիվն ավելի քիչ էր, նրանց մեծ մասն անցել էր Թուրքիայի սահմանը և մնացել այնտեղ”:  Գրիգորյանը ընդգծեց, որ իրավիճակը վտանգավոր է, քանի որ այդ նույն զինյալները, ովքեր կռվում էին Քեսաբում կարող են անցնել Հալեպ և ավելի վատթարացնել քաղաքում տիրող իրավիճակը. “Հալեպում շատ թաղամասեր, այդ թվում՝ քրիստոնեական և հայկական, զինյալների վերահսկողության տակ են  գտնվում։ Շարունակվում են մարտերը կառավարական զորքերի և իսլամիստների միջև, քաղաքը հրթիռակոծության է ենթարկվում։ Հույս էլ չկա,  որ որևէ հաջողություն կլինի”, – ասաց նա։

 

Ըստ արաբագետի՝ տարածաշրջանը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած: “Տեղի ունեցող իրադարձությունները լուրջ վտանգ են ներկայացնում, դրանք վտանգավոր են ոչ միայն տարածաշրջանի, այլև դրանից դուրս գտնվող շրջանների համար, քանի որ Մերձավոր Արևելքում ծայրահեղականացման միտումներ են նկատվում: Նպատակը Իսլամական պետության ձևավորումն է, որի նախադրյալները այսօր կան Սիրիայում և Իրաքում”, – նշեց նա։

 

 Անկախ

 

Tags: ,