Բուհերի աշխատակիցներն որակի ապահովման համակարգի մշակման և բարելավման թեմայով վերապատրաստում են անցել

training (1)Հայաստանյան պետական և ոչ պետական բուհերի շուրջ 400 աշխատակիցներ տեսական ու գործնական հմտություններ են ձեռք բերել բուհերում որակի ներքին և արտաքին ապահովման  համակարգերի ներդրման վերաբերյալ:

Ավարտվեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն»  (ՈԱԱԿ) հիմնադրամի անցկացրած որակի ապահովման համակարգերի մշակում և իրականացում թեմայով  վերապատրաստումների եռափուլ ծրագիրը: Դասընթացի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում մասնակիցները գիտելիքներ են ստացել  որակի ապահովման մեխանիզմների, տվյալների հավաքագրման և ինքնավերլուծություն կազմելու վերաբերյալ, որոնք ամրապնդվել են գործնական առաջադրանքներով: Իսկ երրորդ փուլը եղել է  ուղղորդում բուհերում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են վերլուծություն կատարելու մի շարք գործիքներ, որից հետո, ստացված գիտելիքների հիման վրա,  մասնակիցները համեմատական վերլուծության են ենթարկել իրենց բուհում առկա  գնահատման համակարգը:

Վերապատրաստումներն իրականացվել են «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ ծրագրի շրջանակներում, որի նպատակն է աջակցել ՀՀ Կառավարությանը խթանել բարեփոխումները մասնագիտական կրթության ոլորտում՝ Բոլոնիայի հռչակագրի համատեքստում: Ծրագիրը ֆինանսավորվել է Միջազգային զարգացման ասոցիացիայի կողմից:

Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել են  բուհերի շուրջ 400 որակի ապահովման պատասխանատուներ և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Վերապատրաստումների յուրաքանչյուր փուլի ավարտից հետո մասնակիցները լրացրել են  դասընթացների արդյունավետությունը ստուգող հարցաշարեր, որոնք  վերլուծվել են, և շարունակաբար կատարվել է դասընթացների բարելավում:

Հարցաշարերի վերլուծությամբ պարզվել է, որ մասնակիցները բարձր են գնահատել դասընթացների արդյունավետությունը և նշել, որ ձեռք բերված գիտելիքները կիրառելի են իրենց բուհում:

Tags: ,