Ռուսաստանում ՀՀ դեսպանն ու հրեական կոնգրեսի նախագահն անդրադարձել են հայերի ու հրեաների ցեղասպանությանը

g_imageՀունիսի 18-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն ընդունել է Ռուսաստանի հրեական կոնգրեսի նախագահ Յուրի Կաններին և Ռուսաստանում գործող «Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանին:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ մամլո ծառայությունից, զրույցի ընթացքում Դեսպան Եսայանն ընդգծել է հայ և հրեա ժողովուրդների պատմական ընդհանրությունները` անդրադառնալով 20-րդ դարի առավել ողբերգալի իրադարձություններին` հայ և հրեա ժողովուրդների հանդեպ իրագործված ցեղասպանության իրողությանը:

Դեսպանը շեշտել է, որ հայ և հրեա ժողովուրդների` ցեղասպանության դատապարտման և պատմական արդարության վերականգնմանն ուղղված սերունդների առաքելությունը մեր օրերում պետք է առավել մերձեցնի երկու ժողովուրդներին` մարդկության դեմ ուղղված ոճրագործությունների և դրանց սպառնալիքի դեմ համամարդկային պայքարում:

Ռուսաստանում հրեական կոնգրեսի ղեկավար Յուրի Կանները հավաստիացրել է, որ հրեական գիտական շրջանակներում հաստատված է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության` ժամանակին դատապարտման և կատարվածին համապատասխան իրավական, քաղաքական, տնտեսական գնահատական տալու դեպքում հետագայում հնարավոր կլիներ խուսափել նման ոճրագործությունների կրկնումից:

Յուրի Կաններն իր խոսքում կարևորել է ցեղասպանություն վերապրած երկու ժողովուրդների համատեղ ջանքերի գործադրումը միջազգային ասպարեզում 20-րդ դարի հրեշավոր իրադարձությունների մասին իրազեկման, դրանց ճանաչման և դատապարտման շարունակական գործընթացների առավել ակտիվացման շուրջ, որպեսզի միջազգային հասարակական մտածելակերպում ամրանա այն դիրքորոշումը, որ թե՛ Հայոց ցեղասպանությունը և թե՛ Հոլոքոստը միայն առանձին ժողովուրդների ողբերգություններ չեն, և ցեղասպանության երևույթի դատապարտումը կրում է համամարդկային բնույթ:

Ռուսաստանի հրեական կոնգրեսի ղեկավարը կարևորել է Ռուսաստանում հրեական և հայ համայնքային կառույցների միջև համագործակցության նոր ձևաչափերի մշակումը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելեցին ընդառաջ ՌԴ տարածքում համատեղ միջոցառումների կազմակերպման նպատակով:

«Հոլոքոստ» գիտալուսավորչական կենտրոնի տնօրեն Իլյա Ալտմանը դեսպան Եսայանի հետ զրույցում ներկայացրել է ցեղասպանության երևույթի դատապարտման շուրջ իրազեկման բարձրացման ուղղությամբ կենտրոնի կողմից տարված որոշ աշխատանքներ:

Հանդիպմանն ընդգծվել է նաև, որ վերջերս լույս տեսած Հոլոքոստի ռուսալեզու հանրագիտարանում առանձին բաժին է հատկացվել նաև այն հայերին, ովքեր Հոլոքոստի ժամանակ աջակցել են հրեաներին և փրկել կործանումից:

Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել վերջին շրջանում Ռուսաստանի հայ և հրեա համայնքների միջև փոխադարձ շփումների ակտիվացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Անկախ

Tags: , , ,