Մայրական և մանկական մահացությունների թիվը նվազում է. Կարինե Սարիբեկյան

Կարինե Սարիբեկյան«Հայաստանի Հանրապետությունում մայրական մահացությունների թիվն ընդգծված կերպով նվազման միտում ունի», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը:

Մայրական մահացություն է համարվում կնոջ մահը հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և դրանից հետո 42 օրվա ընթացքում: Պատճառները կարող են լինել 2-ը. մանկաբարձական  և էքստրագենետալ պաթոլոգիաների` տարբեր տեսակի հիվանդությունների պատճառով: «Անցյալ տարվա ընթացքում մայրական մահացության 8 դեպք է գրանցվել, իսկ այս տարի` առաջին վեց ամիսների ընթացքում միայն 1: Սակայն դա դեռ չի նշանակում, թե անցյալ տարվանից ցուցանիշը կրճատվել է.  պետք է սպասել վերջնական արդյունքներին», – ասաց Կարինե Սարիբեկյանը: Այս թվերի վրա ազդեցություն են ունենում տարբեր պատճառներ, այդ թվում` սոցիալ-տնտեսական պայմանները, վատ սովորությունները:  Ամենազարգացած երկրներում էլ լինում են նման ողբերգական դեպքեր և երբեմն դրանցից խուսափել պարզապես չի լինում:

«2011-2013 թվականների ընթացքում այդ թիվը կազմել է 19.2 դեպք: ԱՊՀ երկրների միջին ցուցանիշը  29,3 է ` 100.000 կենդանի ծնունդին, եվրոպական երկրներում միջինը 8 է, այսինքն ՝ մենք մեր ջանքերը պետք է շարունակենք այդ թիվը կրճատելու համար: Ցանկացած դեպք ողբերգություն է. դա պարզապես մեկ կնոջ մահը չէ, դա ողբերգություն է ամուսնու, երեխաների, հարազատների և ամբողջ համայնքի համար», – նշեց Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետը ` հավելելով, որ ցուցանիշների նվազումը տեղի է ունենում մանկաբարձական խնդիրները լուծելու հաշվին, իսկ էքստրագենետալ պատճառների դեմ ավելի դժվար է պայքարելը:

Անդրադառնալով մանկական մահացությունների թվին, Սարիբեկյանն ասաց, որ ամեն տարի ամբողջ աշխարհում առնվազն 8 մլն երեխա է մահանում, որոնց 2/3-ը՝ նորածնային շրջանում: ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը մանկական մահացություն  գրանցած ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրների քառյակում է՝ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից հետո:

Անկախ

Tags: , ,