Մեկնարկել են ներբուհական քննությունները

կգնԵրևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում այսօր մեկնարկել են ներբուհական ստեղծագործական քննությունները: <Դերասանի վարպետություն> մասնագիտության քննությանն այսօր ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը զրուցել է դիմորդների և նրանց ծնողների հետ`  հաջողություն մաղթելով բոլորին: Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշել, որ ներբուհական քննությունները ևս անցկացվում են ԿԳՆ-ի հսկողության տակ: «Թատերական ինստիտուտը հետաքրքրություն հարուցող ինստիտուտ է: Ինչքան էլ խոսում ենք, որ մենք հումանիտար ու տնտեսագիտական բլոկում ունենք դիմորդների մեծ քանակ, այնուհանդերձ, արվեստի ու մշակույթի ինստիտուտներն ունենում են իրենց դիմորդները, որոնք սեփական նախապատրաստական աշխատանքներն են տանում այստեղ ընդունվելու համար: Չեմ կարող ասել, որ մրցույթը բարձր է, բայց կարող եմ ասել, որ այս տարի նույնպես հատուկ ուշադրության տակ ենք պահելու մշակույթի, արվեստի բուհերում պետական պատվերի ձևավորման գործընթացը: Եթե լինեն տաղանդավոր դիմորդներ, ապա մենք արդեն իսկ պետպատվերի շրջանակում հատկացված տեղերից, անհրաժեշտության դեպքում կավելացնենք»,- նշել է Ա. Աշոտյանը: ՎԵրջինիս խոսքով` ավարտվել է ընդունելության քննությունների առաջին փուլը և թեստերից ու ընթացակարգերից լուրջ դժգոհություններ չկան:  «Հանրությունն արդեն հանգիստ է ընդունում ընդունելության քննությունները:Արդեն երրորդ տարին է մեզ հաջողվում է քննությունները կազմակերպել այնպիսի մակարդակով, որ չի հարուցում անհանգստություն: Առջևում լրացուցիչ փուլն է՝ հուլիսի 2-ից 8-ը: Այդ փուլին կմասնակցեն այն դիմորդները, որոնք հնարավորություն չեն ունեցել մասնակցել առաջին փուլին՝ բանակից զորացրված երիտասարդները, Ջավախքի ու սփյուռքի դիմորդները, ինչպես նաև հիվանդության պատճառով քննություններին մասնակցելու հնարավորություն չունեցած դիմորդները»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ կանխվել են նորագույն տեխնիկական սարքերի օգտագործման բազմաթիվ փորձեր, որոնց միջոցով դիմորդները պատասխանել են քննության հարցերին: «Այդ դիմորդները հեռացվել են լսարանից, հիմա փորձում են դիմումներ գրել, որ թույլատրենք նորից մասնակցեն: Նախարարության տեսակետն այստեղ շատ խիստ է ու արդար. մենք չենք թույլ տալու նման դիմորդներին նորից մասնակցելու քննություններին, որովհետև հասարակությանը, նախարարությանը, ԳԹԿ-ին խաբելու ցանկությունը չի կարող արդարացված լինել և թող դաս լինի մյուսների համար, ովքեր կցանկանան քննություն ստանալ ոչ իրենց գիտելիքով և, բնականաբար, կզրկվեն ընդունվելու հնարավորությունից»,- նշել է նա:
Նշենք, որ Երևանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտ առաջին փուլին մասնակցելու համար դիմել է 191 դիմորդ:

 

Tags: , ,