Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցաշարը հնարավոր է դառնա միջազգային

OՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արտաշես Նազարյանը, հանդիպելով լրագրողներին տեղեկացրեց հունիսի 18-19-ը Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում կայացած ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում համարգործակցության խորհրդի նիստի արդյունքներին:

Նիստի ընթացքում, ի թիվս համագործակցության շրջանակներում քննարկվող այլ հարցերի, լսվել է նաև ազգային մարզաձևերի զարգացմանն ուղղված  ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Քննարկման դրված «Քոչվոր ցեղերի» ազգային մարզաձևերի մրցաշարը համատեղ իրականացնելու վերաբերյալ քննարկումների ժամանակ Ա. Նազարյանը ներկայացրել է հատուկ կարծիք` մնալով ձեռնպահ և հանդես է եկել առաջարկով` ՀՀ-ում անցկացվող մարզական-մասսայական ծրագրերից ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի օրինակով անցկացնել ԱՊՀ անդամ երկրների «Լավագույն մարզական ընտանիք» միջազգային մրցաշար: Նախարարի տեղակալի առաջարկն արձանագրվել է և որոշվել է այդ հարցը քննարկել Խորհրդի հաջորդ նիստի ընթացքում:

Արտաշես Նազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրել է 2013 թվականի ընթացքում ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում կատարված աշխատանքները և որպես դրական փաստ նշել, որ մեր երկրում գործում են համապատասխան իրավական փաստաթղթեր, որոնք հնարավորություն են տալիս գնահատել և խրախուսել մարզական հաջողություն գրանցած յուրաքանչյուր մարզիկի և մարզիչի աշխատանքը: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ բավականին լավ է կարգավորված ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտը»,- նշել է փոխնախարարը և ավելացրել, որ ոչ բոլոր երկրներում է, որ այս դաշտի կարգավորման 2 օրենքներ են գործում ինչպես Հայաստանում` «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» և «Մանկապատանեկան սպորտի մասին» ՀՀ օրենքները:

Նշենք, որ նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ 6 երկրներ՝ Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի և Ադրբեջանի հանրապետությունները

Tags: ,