Լավրովը եկավ ու գնաց` իր հետ բերելով բազմաթիվ հարցեր ու տանելով անկատար հույսեր

լավրով-սարգսյանՀունիսի 17-18-ը երկօրյա պաշտոնական այցով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նա ուշագրավ հայտարարություններ արեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի և տարածաշրջանային հարաբերությունների վերաբերյալ:

Նախ` ինչպես հաղորդեց ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, Սերգեյ Լավրովը Բաքվում հերքեց բոլոր խոսակցություններն այն մասին, թե Ռուսաստանն Ադրբեջանին հրավիրել է ԵՏՄ:

«Ադրբեջանին որևէ ֆորմալ կամ պաշտոնական առաջարկ Եվրասիական տնտեսական միություն մտնելու վերաբերյալ չի արվել»,- Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Լավրովը: Միաժամանակ ընդգծեց, որ իրենք դրական են նայում Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի ԵՏՄ մտնելու փաստին, և հավելեց, որ կառույցը բաց է Ռուսաստանի բոլոր գործընկերների համար:

Իսկ Լավրովի այցից առաջ Ադրբեջանի տարբեր հասարակական-քաղաքական շրջանակներում կարծիքներ էին շրջանառվում, թե Լավրովը Բաքու է տանելու ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հրավերը:

Բաքվում Լավրովի արած երկրորդ կարևոր հայտարարությունը վերաբերվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծեց, որ ԵՏՄ-ն այդ հիմնախնդրի հետ որևէ առնչություն չունի: «ԵՏՄ-ն հիմնել են Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը: Շուտով դրան կմիանա նաև Հայաստանը: Ղարաբաղը միջազգային բանակցությունների առարկա է: Այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա: Հայաստանը հայտարարել է, որ Առևտրի համաշխարհային կազմակերպություն է մտել միջազգային մակարդակով ճանաչված սահմաններով: Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով»,- Բաքվում հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ադրբեջան այցի ժամանակ արած այն հայտարարությանը, թե Հայաստանը ԵՏՄ կմտնի ՄԱԿ-ի ճանաչված սահմաններով, լրագրողների հետ զրույցում վերլուծաբան Շուշան Խաթլամաջյանը վստահեցրեց, որ ՌԴ արտգործնախարարն ընդամենը դադարեցրեց շահարկումները. «Սերգեյ Լավրովի հայտարարությունը, իմ խորին համոզմամբ, ուղղված էր այս հարցով շահարկումների դադարեցմանը: Դա ոչ մի տեսանկյունից պետք չէր ո՛չ Հայաստանին և ո՛չ էլ Ռուսաստանին: Իսկ ի՞նչ էինք մենք սպասում: Նա ընդամենը բաժանեց Մաքսային միության և Լեռնային Ղարաբաղի հարցերը: Այս տեսանկյունից ես այս հայտարարությունը որոշ առումով դրական եմ գնահատում»:

Ինչևիցե: Ադրբեջան այցից հետո` արդեն հունիսի 22-ին, Սերգեյ Լավրովը երկօրյա այցով ժամանեց Հայաստան, ինչը հայ վերլուծական հանրությունում մեկնաբանվեց, թե այդ քայլով Մոսկվան ցանկանում է ընդգծել, որ իր համար կարևոր են նաև հայ-ռուսական հարաբերությունները:

Հունիսի 23-ին Երևանում Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները հանդես եկան միացյալ ասուլիսով, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բազա գոյություն ունի, նկատի ունեմ համանախագահող երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հայտարարություններում վերջին 4-5 տարիներին հնչեցրած սկզբունքները: Խնդիրն այդ սկզբունքները փաստացի իրագործելն է»,- Երևանում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը:

Սերգեյ Լավրովը, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությանը` կազմակերպել ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, նշեց նաև, որ ՌԴ-ն աջակցում է ցանկացած ջանքի, որը կհանգեցնի կամ կմերձեցնի ղարաբաղյան հակամարատության կարգավորմանը: Ըստ նրա` ինչքան պարբերական լինեն Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները, այնքան գործընթացը մեծ թափ կստանա:

«Ես իրականում չեմ կարծում, թե այդ այցերն ընդհանրապես շրջադարձային են. ժամանակ առ ժամանակ Լավրովը կատարում է և՛ տարածաշրջանային այցեր, և՛ առանձին այցեր կա՛մ Հայաստան, կա՛մ Ադրբեջան: Կարծում եմ` ուշադրությունն ավելի շատ կապված է ավելի լայն գործընթացների հետ` Եվրասիական տնտեսական միության, Ռուսաստան-Արևմուտք համատեքստի, ուստի հասարակությունը, կարելի է ասել, չափից ավելի է ուշադրություն դարձնում այս այցերին»,- Լավրովի Հայաստան ու Ադրբեջան կատարած այցերն ամփոփելով` նշեց քաղաքագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը:

Լավրովը Հարավային Կովկաս «մեսիջներ» էր բերել

Անդրադառնալով Լավրովի հայտարարություններին կամ, ինչպես սիրում են նշել մեզ մոտ, «մեսիջներին»` Սերգեյ Մինասյանն ուշագրավ դիտարկում արեց, թե չի կարծում, որ տեսանելի ապագայում ինչ-որ կերպ հնարավոր է Ադրբեջանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Քաղաքագետը նաև չի ակնկալում, որ նույնիսկ տեսականորեն հնարավոր են նոր զարգացումներ արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում` չնայած այն հայտարարություններին, որ հնչել են և՛ Բաքվում, և՛ Երևանում: «Եվ կարծում եմ, որ այն մոտեցումները կամ ռազմավարությունը, որ այս համատեքստում ունի Ռուսաստանը, կարելի է ասել, վերջին 20 տարվա ընթացքում, կպահպանվի»,- շեշտեց Սերգեյ Մինասյանը:

Բայց Լավրովի այցից կարելի է նկատել, որ Ռուսաստանը փորձում է մի մեծ ինտեգրացիոն նախագիծ ձևավորել ու, փաստորեն, փորձում է ամեն ինչ անել, որ այդ նախագծին մասնակցեն նաև Երևանն ու Բաքուն: Ուստի, փորձում է ընդհանուր հայտարար ձևավորել Հայաստանի ու Ադրբեջանի միջև այն խնդիրների վերաբերյալ, որոնք բաժանում են նրանց:

Այս իմաստով ավելի ուժեղ կողմն Ադրբեջանն է, քանի որ որոշակի առավելություններ ունի: Ռուսաստանը, ըստ էության, Ադրբեջանին համոզելու ավելի շատ կարիք ունի, քան Հայաստանին, քանի որ Հայաստանն ամբողջությամբ հանձնվել է Մոսկվային: Այսինքն` Հայաստանն այլևս ասելիք չունի, ու մնում է խնդիրները լուծել Ադրբեջանի հետ: Ադրբեջանը լուրջ ռազմավարական գործընկեր է Արևմուտքի համար, հատկապես` էներգակիրներ տեղափոխելու հարցում, և այս իմաստով, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանի վրա Ռուսաստանի ճնշումները չեն կարող այնպիսի արդյունք ունենալ, ինչպես ունեցան Հայաստանի վրա: Ըստ էության, Լավրովն ուզում էր հասկացնել Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չպետք է կապել ինտեգրացիոն պրոցեսի հետ, և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չի վտանգի Ադրբեջանի շահերը Լեռնային Ղարաբաղի հարցում, չի վնասի ադրբեջանցիներին ու, հետևաբար, ադրբեջանցիների համար էլ է բաց այս համակարգը:
«Եթե ընդհանուր դիտարկենք, ապա Լավրովի այցը Ադրբեջան մի գլոբալ նպատակ էր հետապնդում: Նախ` Ռուսաստան-Արևմուտք գլոբալ հակադրության պարագայում նա փորձում է սիրաշահել Ադրբեջանին` հանգստացնելով, թե այստեղ ինքը Ադրբեջանի հետ պրոբլեմներ չունի, որոնք կարող են հանգեցնել հակաադրբեջանական գործողությունների` կապված ԼՂ հետ: Երկրորդ` նա ըստ էության ասում էր, թե Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն, հատկապես հաշվի առնելով, որ Վրաստանը պատրաստվում է ասոցացվել ԵՄ-ի հետ: Եվ երրորդ` Ռուսաստանը մեսիջ հնչեցրեց, որ եթե Ադրբեջանն ուզի միանալ ԵՏՄ-ին, ապա այնտեղ բոլոր պրեֆերենցիաներից կօգտվի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հարցում: Ահա Լավրովի հիմնական մեսիջները»,- շեշտեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

Այսինքն` Լավրովի հայտարարությունները նպատակ ունեն հանգստացնելու ոչ միայն Արևմուտքին, այլև Ադրբեջանին: Սա մեզ համար, իհարկե, վտանգավոր է, քանի որ Հայաստանը փաստացի իր խաղադրույքներն ամբողջությամբ արել է, այլևս չի կարող վարել կոմպլեմենտար` «և՛-և՛»-ի քաղաքականություն, խուսանավումներ անել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, իսկ Ադրբեջանն այդ հնարավորությունը պահպանել է: Պատկերավոր ասած, եթե Հայաստանն իր առևտուրն ավարտել է` ընտրելով Ռուսաստանին, Ադրբեջանը դեռ իր առևտուրը շարունակելու է Ռուսաստանի ու Արևմուտքի միջև` փորձելով փոքր քայլերով դիրքային առավելություններ ստանալ Լեռնային Ղարաբաղի հարցում: