Գերմանական «Gaffel» գարեջուր արտադրող ընկերությունը կդադարի արտադրել Իրանի դրոշի պիտակով գարեջուր

Գաֆֆել

Գերմանիայում Իրանի դեսպանատան ներկայացուցիչները պահանջել են Բեռլինում գերմանական «Gaffel» գարեջուր թողարկող ընկերությանը դադարեցնել Իրանի դրոշի պատկերով  պիտակով գարեջրի արտադրությունը, քանի որ դա վիրավորում է իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները:

Բեռլինում գերմանական գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով այդ մեղադրանքներին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներողություն են հայտնել և տեղեկացրել, որ այսուհետ կդադարեցնեն Իրանի դրոշը կրող պիտակով գարեջրի վաճառքը:

«Մենք չգիտեինք, որ իրանական դրոշը կրոնական խորհրդանիշ է, և բնավ չէինք ցանկացել վիրավորել իրանցիների կրոնական և բարոյական արժանիքները»,- ասել են գարեջուր արտադրող ընկերության ներկայացուցիչները:

Նրանք հավելել են, որ ընկերությունն արդեն  քայլեր է ձեռնարկել հավաքելու Իրանի դրոշը կրող պիտակներով գարեջրի շշերը և դադարեցրել է դրանց տարածումը:

Տեղեկացնենք, որ գերմանական գարեջուր արտադրող ընկերությունը Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին թողարկել է մասնակից երկրների դրոշները պատկերող պիտակներով գարեջուր:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ»  լրատվական գործակալությունը:

Tags: , ,