«Ոսկե Ծիրան»-ը շարունակում է համագործակցությունը դեսպանությունների հետ

Ոսկե Ծիրան 2014«Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն այս տարի ևս կհամագործակցի ՀՀ-ում մի շարք օտարերկրյա դեսպանությունների հետ։ Մասնավորապես՝ փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության  դեսպանության, ՀՀ-ում Լեհաստանի հանրապետության և Իսրայելի Պետության դեսպանության աջակցությամբ։

ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթե ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որի շրջանակում ներկայացվելու է գերմանական արտադրության վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը՝ «Ջեքը», «Աշխարհների միջև», «Սիրո բիֆշտեքսներ»: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 16-ից:

«Այս կինոփառատոնը մեծ իրադարձություն է ոչ միայն Երևանում, Հայաստանում. այն ճանաչված է դրա սահմաններից դուրս։ Ժամանակակից կինոաշխարհում դա մեծ  ձեռքբերում է։ «Ոսկե Ծիրանի» շնորհիվ Հայաստանը մեծ հեղինակություն է ձեռքբերել աշխարհում։ Ես շատ ուրախ եմ, որ գերմանացի ռեժիսորները հենց սկզբից մասնակցել են այս միջոցառմանը»,այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը։

«Կինոյի միջոցով ամուր կապեր են հաստատվել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև»,- իր հերթին նշեց  ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ընդգծելով, որ իր համար՝ որպես Ֆրանսիայի ներկայացուցիչ, մեծ ուրախություն է, որ փառատոնը այս տարի համընկել է Ֆրանսիայի ազգային տոնի հետ։

Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության արդյունքում է, որ այս տարի ևս մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչներ կմասնակցեն  երևանյան փառատոնին։ Մասնավորապես, դեսպանության աջակցությամբ  դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին և պրոդյուսեր Ռոն Դյենը հրավիրված են ներկայանալու փառատոնի միջազգային խաղարկային, Հայկական համայնապատկեր, և «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթների ժյուրիի կազմերում համապատասխանաբար։ Մեր հանրապետություն կժամանեն միջազգային վավերագրական ֆիլմերի մրցույթի մասնակից ռեժիսոր Ջիովանի Դոնֆրանչեսկոն , Ֆրանսիայի կինոկենտրոնի համատեղ արտադրությունների բաժնի ղեկավար Ժուլիեն Էցանոն, պրոդյուսեր և համատեղ արտադրությունների մասնագետ-դասախոս Դան Բուրլաքը և պրոդյուսեր Ալիս Օրմիերը, ով նաև հանդես կգա «Ռեժիսորներ առանց սահմանների» ֆորումի ժյուրիի կազմում։ Բացի այդ, ֆրանսիական արտադրության և համատեղ արտադրության 10 ֆիլմ կներկայացվի մրցութային տարբեր ծրագրերում։

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում իրականացվելու է Հայաստան-Թուրքիա պլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի և անհատական, և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից: Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է տասը նախագիծ՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար դոլարի համարժեք դրամական պարգևի: Ժյուրիի կազմում են լինելու սցենարիտ և ռեժիսոր Գիդեոն Կոպելը (Մեծ Բրիտանիա), Չիգդեմ Մաթերը (Թուրքիա), սցենարի հեղինակ, ռեժիսոր և գրող Մելեք Ուլագայ Թայլանը (Թուրքիա), ռեժիսոր Էմինե Յիլդիրիմը (Թուրքիա), լրագրող Մանանա Ասլամազյանը (Հայաստան), ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության քաղաքական բաժնի ղեկավար Նաիրա Սուլթանյանը և Հայաստանում Եվրասիա հիմնադրամի նախագահ Գևորգ Տեր-Գաբրիելյանը:

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությունն այս տարի նշանավորվելու է հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» միցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին նշեց, որ փառատոնը բավականին հեղինակություն ունի կինոաշխարհում և նա դրա մասին լսել էր մինչև Երևան ժամանելը. «Քշիշտոֆ Զանուսին Լեհաստանի ամենահայտնի կինոգործիչներից է, ով 70-80-ականներին պայքարել է խորհրդային կարգերի դեմ։ Նա կինոփառատոնի երկար տարիների բարեկամն է: Ռեժիսորին կհանձնվի Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Եղիցի լույս» մրցանակը», – ասաց խորհրդականը:

 

 Անկախ

Tags: , , , , , , ,