Քննչական կոմիտեի նախագահը կնշանակվի 20-օրվա ընթացքում

28.06.1611Այսօր՝ հունիսի 28-ին, ուժի մեջ մտավ ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքը:
Ըստ այդմ, ներկայումս գործող հինգ քննչական մարմիններից Քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն երկուսը` Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները:
Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ, 20-օրյա ժամկետում կնշանակի քննչական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:
Քննչական կոմիտեում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիքը 60 տարեկանն է: Սահմանային տարիքը լրանալուց հետո քննչական կոմիտեի նախագահը կարող է մինչև 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը:
Քննչական կոմիտեի նախագահի և նախագահի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կարող է երկարաձգվել մինչև 2 տարի ժամկետով:
Քննչական կոմիտեի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությունում քննարկման ներկայացնելու նպատակով, վարչապետին  պետք է ներկայացնի քննչական կոմիտեի և վերջինիս դեպարտամենտի կառուցվածքները, անվանացանկերը և հաստիքացուցակները:
Քննչական կոմիտեի կառուցվածքը, անվանացանկը և հաստիքացուցակը հաստատվելուց հետո՝ 5-օրյա ժամկետում, ՀՀ Նախագահին, նշանակման նպատակով, Քննչական կոմիտեի նախագահը ներկայացնում է իր տեղակալների թեկնածությունները, մեկամսյա ժամկետում նշանակումներ է կատարում քննչական ծառայության մյուս պաշտոններում:
Մինչև քննչական կոմիտեի ծառայող նշանակվելը ոստիկանության և պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչները կշարունակեն նյութեր նախապատրաստել և իրենց վարույթում եղած քրեական գործերով նախաքննություն իրականացնել՝ հանդես գալով համապատասխանաբար որպես ոստիկանության կամ պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի քննիչներ:
Քննչական կոմիտեում որպես քննիչ նշանակվելու պահից քննիչները կշարունակեն իրենց վարույթներում եղած նյութերի նախապատրաստումը և քրեական գործերով նախաքննության իրականացումը, եթե քննչական կոմիտեում իրենց զբաղեցրած պաշտոնում նման լիազորություն  իրենց վերապահված է։ Հակառակ դեպքում՝ քննչական կոմիտեում նշանակվելու պահից նրանք նախապատրաստվող նյութերը և վարույթները կհանձնեն ըստ քննչական ենթակայության:
Քննչական կոմիտեում ծառայության կարող է անցնել Հայաստանում մշտապես բնակվող, ՀՀ-ում բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող ՀՀ այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն՝ բացառությամբ իգական սեռի անձանց կամ «Զինապարտության մասին» օրենքով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ մինչև 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած և պահեստազորում հաշվառված անձանց:
Քննչական կոմիտեում ծառայության անցնող անձին ներկայացվող հիմնական պահանջներից է նաև հայերենին տիրապետելը և քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն չունենալը:
Քննչական կոմիտեում ծառայության չի կարող անցնել վերոհիշյալ հիմնական պահանջներին չհամապատասխանող անձը, նաև այն քաղաքացին, ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ, ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից, ով դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից, ինչպես նաև՝ այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում կամ առկա է ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում:
Քննչական կոմիտեի ծառայողների առաջին ատեստավորումը նախատեսվում է 1,5 տարի հետո։

 «Փաստինֆո»

Անկախ

Tags: