Շրջանավարտներն ստացան ավարտական վկայականները

003Երևանի քաղաքապետարանի ենթակայության հիմնական և միջնակարգ դպրոցներում ու կրթահամալիրներում հուլիսի 1-ը ավարտական վկայականների հանձնման միասնական օրն էր։ Հիմնական կրթության վկայական է ստացել Երևանի 144 հիմնական դպրոցների 6828 աշակերտ, որոնցից 200-ը՝ հատուկ նմուշի գերազանցության վկայականներ։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ վերջին երկու տարիներին, ըստ գործող կարգի, հատուկ նմուշի գերազանցության վկայականներ հանձնելու գործընթացը խստացվել է։

«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության աշխատակիցերն ուսումնական տարվա սկզբից հետևողական են լինում այն աշակերտների առաջադիմությանը, ովքեր հավակնում են հատուկ նմուշի գերազանցության վկայականներ ստանալուն, ինչի շնորհիվ բավականին կրճատվել է անհարկի հայտերի թիվը։ Հաշվի է առնվում աշակերտի վերջին երկու տարիների առաջադիմությունը, քանի որ միայն ավարտական քննության արդյունքները բավարար չեն երեխայի առաջադիմությունը լիարժեք վերլուծելու, հիմնավորելու համար»,- նշել է Գայանե Սողոմոնյանը։

Միջնակարգ կրթության վկայականներ են ստացել նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության 12-ամյա կրթաշրջանով միջնակարգ դպրոցների և 2 կրթահամալիրների 431 շրջանավարտներ։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում ավարտական քննություններն ընթացել են հունիսի 2-ից 19-ը։ Շրջանավարտները քննություն են հանձնել հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, օտար լեզու, հայոց պատմություն, ինչպես նաև բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) առարկաներից։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարականության հետ կապերի վարչություն

Tags: , ,