Մարտունիում առաջնորդվում են փողն է ծնում իրավունք կարգախոսով

hatakagicՄարտունիում ազգաբնակչություն-փող հակամարտությունում կարծես թե հաղթող է դուրս գալիս երկրորդը:

Չնայած 250 բնակիչ դիմում-բողոքներ է հղել Մարտունու քաղաքապետին, Գեղարքունիքի մարզպետին, Տարածքային կառավարման նախարարին և Հանրային խորհրդի նախագահին, հարցը դեռ լուծված չէ: Առաջին երեք դիմումները մերժվել են այն պատճառաբանությամբ, թե տվյալ տարածքով որևէ փաստաթղթով ճանապարհ նախատեսված չէ: Իսկ հակառակն ապացուցող փաստաթղթերի մասին թե՛ քաղաքապետարանի, թե՛ մարզպետարանի ներկայացուցիչները միաձայն նշում են` մենք նման փաստաթղթից տեղյակ չենք, նման բան չկա:
Այժմ բնակիչները սպասում են Հանրային խորհրդի արձագանքին: ՀԽ նախագահը մարտունեցիների խնդիրը ներկայացնող նամակ է ուղարկել վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետի աշխատակազմից, սակայն, նամակին դեռևս չեն պատասխանել:
Մարտունու բնակիչները խոստացել էին, որ խնդրին դրական լուծում չտալու դեպքում կփակեն Երևան-Մարտունի մայրուղին` իրենց խնդիրը բարձրաձայնելու համար: Սակայն այս ընթացքում ոչ միայն խնդիրը չի լուծվել, այլև ակտիվիստներին առանձին-առանձին ՆԳՆ են հրավիրել, հետները «զրույց ունեցել» և անգամ հեռախոսահամար տվել, որ ճանապարհը փակելու դեպքում իրենց նախապես տեղեկացնեն, որպեսզի «կոորդինացնեն» աշխատանքները: Արդյունքում ամեն մեկը վախեցած իր գործին է անցել`պատճառաբանելով, թե «իբր երբ են ազատ ժամանակ ունենում, որ մի հատ էլ Սևանա լիճ գնան»: Մի քանի ակտիվիստներ են, որ դեռ շարունակում են պայքարը, այն էլ հարց է, թե դեռ ինչքան միայնակ կպայքարեն:
Դեռ մայիսին «Անկախը» գրել էր, որ Մարտունուց դեպի Սևան ազգային պարկ տանող ճանապարհը փակվել է բնակիչների համար: Քաղաքի և Սևան ազգային պարկի միջև ընկած է արտադրական տարածք, որը հիմա նոր սեփականատեր ունի: Նա արտադրական տարածքով անցնող ճանապարհն է փակել, իսկ արդեն հաջորդող գոտում էլ հողը գնած սեփականատերն է ճանապարհը փակել` մեծ ջրանցք փորելով: Սկզբում երկու սեփականատերերն էլ բնակիչներին կտրուկ մերժում էին: Աղմուկ բարձրանալուց հետո ամեն սեփականատեր բնակիչներին մյուսի մոտ է ուղղորդում: Բնակիչների պնդմամբ` արտադրական տարածքի սեփականատեր Արմեն Ղուկասյանը բազմիցս բանավոր ասել է, որ ինքը թույլ կտա` իր տարածքով բնակիչներն անցնեն, եթե կարողանան երկրորդ սեփականատիրոջ հետ լեզու գտնել և ջրանցքի վրայով ճանապարհ բացել: Քաղաքապետարանից էլ պնդում են, որ երկրորդ սեփականատերը` Հրաչիկ Կարապետյանը, բնակիչներին ճանապարհ կտա, եթե առաջինը թողնի իր տարածքով անցնել: Իրականում ոչ մեկն էլ մտադիր չէ ճանապարհ բացել, պարզապես բնակիչների աչքում իրավիճակի մեղավոր ուզում են մյուսին ցույց տալ:
«Անկախը» կապ հաստատեց Արմեն Ղուկասյանի հետ, որը հերքեց, թե երբևէ բնակիչներին խոստացել է ճանապարհ տալ իր տարածքով: «Որտեղով որ իրենք ցանկանում են ճանապարհ անցկացնել, իմ սեփական հողն է: Կարծում եմ` իմ հողի միջով ճանապարհ թողնելը տրամաբանական չէ»,- ասաց նա:
կանալՄեր նկատառմանը, թե ըստ փաստաթղթերի` այդ հատվածով ճանապարհ է անցնում, Ղուկասյանը նշեց, որ ինքն էլ է օրենքից հասկանում ու առքուվաճառքի ժամանակ գլխավոր հատակագծով նայել է և համոզվել, որ տվյալ տարածքով ճանապարհ չի անցնում:
Այս պարագայում խոսքը 2005-ին կազմված գլխավոր հատակագծի մասին է, որտեղ իսկապես ճանապարհ չկա այդ հատվածում ու չէր էլ կարող լինել, քանի որ հենց համայնքապետարանն է վաճառել այդ հողերի մի մասը: Սակայն «Անկախը» ՀՀ ազգային արխիվից վերցրել է 1981-ի Մարտունու շրջկենտրոնի գլխավոր հատակագիծը, որտեղ ոչ միայն ներկայիս վիճելի տարածքով է ճանապարհ անցնում, այլև այլ ճանապարհներ էլ կան, որոնք հիմա փակվել են տարածքների սեփականատերերի ձեռքով:
Բնակիչների` տարածքային կառավարման նախարարություն ուղարկված նամակը հասցեագրվել է Գեղարքունիքի մարզպետարանին և նաև իրենց ուղարկված նույն նամակի հետ քննարկվել Մարտունու քաղաքապետարանի հետ:
Արդյունքում, մարզպետարանից բնակիչներին հետևյալ պատասխանն են տվել. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ ինչպես Մարտունի քաղաքատիպ ավանի 1982 թ., այնպես էլ Մարտունի քաղաքի 2005 թ. գլխավոր հատակագծերում Մարտունու նախկին արտադրական բազայի տարածքով դեպի «Սևան» ազգային պարկի տարածք ճանապարհ նախատեսված չի եղել, քանի որ արտադրական բազան մեկ ամբողջություն է»:
«Անկախը» կապ հաստատեց մարզպետարանի ներկայացուցիչների հետ պարզելու` ծանոթ են արդյոք արխիվում առկա փաստաթղթին և ինչու են վերոնշյալ պատասխանը տվել արխիվում առկա նման փաստաթղթի առկայության պարագայում:
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սևակ Խլղաթյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ իրականում այս հարցում մարզպետարանը որևէ իրավասություն չունի. մարդն ունի սեփականության վկայական, որը կարող է չեղյալ համարվել միայն դատարանի կողմից: «Մեր մասնագետները գնացել և ուսումնասիրել են. կադաստրի վկայականից դուրս ոչինչ արված չէ, խախտումներ չկան»,- ասում է Խլղաթյանը` հավելելով, որ ամեն դեպքում մարդկայնորեն ճիշտ կլիներ բնակիչներին ճանապարհից չզրկելը:
Իսկ մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Դերենիկ Հովհաննիսյանն «Անկախի» հետ զրույցում նշեց, որ տվյալ տարածքով մինչև արտադրական գոտու կառուցումը ճանապարհ եղել է, իսկ կառուցումից հետո էլ մարդիկ տասնամյակներ շարունակ սովորության ուժով անցել-դարձել են այդ ճանապարհով: «Հիմնարկի միջով ճանապարհ չի կարող լինել, ուղղակի հին ճանապարհն է մնացել, մարդկանց թողել են անցուդարձ անել»,- ասում է նա:
Հովհաննիսյանն ասում է, որ ինքը 1982 թ. գլխավոր հատակագծի հեղինակներից մեկն է, և առնվազն այդ ժամանակից սկսած` հատակագծում վիճելի տարածքով ճանապարհ չի անցնում: Խոսելով արխիվից վերցրած փաստաթղթի մասին` ասում է, որ նման բան չի կարող լինել:
Իսկ Մարտունու փոխքաղաքապետ Արամ Կարապետյանն «Անկախի» հետ զրույցում ասաց, որ խնդրում առաջընթաց չկա: Նրա խոսքով` բնակիչների մուտքն ազգային պարկ որևէ մեկը չի փակել, նրանք կարող են մեքենաների համար թողնված ճանապարհով ազգային պարկ մտնել և լիճ հասնել (նշենք, որ մեքենայի համար նախատեսված երկու ճանապարհներն էլ բավականին հեռու են Մարտունու 5-րդ և 6-րդ թաղամասերից, և բնակիչները սովորականից բազմակի երկար ճանապարհ պետք է անցնեն լիճ հասնելու համար):
Կարապետյանի խոսքով` քաղաքապետարանը, չխախտելով մարդկանց սեփականության իրավունքը, փորձում է արտադրական տարածքի հետևով ոտքի ճանապարհ` նեղ արահետ բացել, որտեղով մարդիկ կկարողանան ազգային պարկ մտնել և Սևանա լիճ հասնել: Ժամկետ նշելու բազմաթիվ պնդումներից հետո Կարապետյանն ասաց, որ մեկ ամսից ճանապարհը բաց կլինի: Իսկ թե որքանով է ասվածը համապատասխանում իրականությանը, պարզ կդառնա ընդամենը 30 օրից:

Tags: , ,