“Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները ստացան իրենց մրցանակները (լուսանկարներ)

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված “Կենգուրու” միջազգային մաթեմատիկական մրցույթի այս տարվա արդյունքներին: ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը, “Կենգուրու” ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը խոսեցին մրցույթի արդյունքների մասին, ներկայացրին հաղթողներին:

Ասուլիսին ներկա էին մրցույթի 8 հաղթողները`

1. Զարուհի Հակոբյան, 4րդ դաս., Երևան, Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 դպրոց

2. Զինա Ղազարյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Մղարթի հիմնական դպրոց

3. Նաիրա Շահբազյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Մեծավանի թիվ 2 միջնակարգ դպրոց

4. Էրիկ Մելիքյան, 4րդ դաս., Լոռու մարզ, Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 միջնակարգ դպրոց

5. Մերի Ավետիսյան, 4րդ դաս., Շիրակի մարզ, Գյումրու Ֆ. Վերֆելի անվան թիվ 40 հիմնական դպրոց

6. Ալբերտ Գևորգյան, 11-րդ դաս., Երևան, “Քվանտ” վարժարան

7. Էդուարդ Միհրանյան, 12-րդ դաս., Երևան, “Այբ” ավագ դպրոց

8. Տիգրան Շախկյան, 12-րդ դաս., Երևան, ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

ԿենգուրուԿենգուրու 2014

Ծրագրի ղեկավար Շուշան Կարապետյանը, ներկայացնելով հաղթողներին, նշեց, որ այս տարի մրցույթին մասնակցել է 44000 աշակերտ` Հանրապետության  1040 դպրոցներից:  Մրցույթին բավականին մեծ ակտիվությամբ են մասնակցում հատկապես մարզերի դպրոցների աշակերտները: Մրցույթի 44000 մասնակիցներից 16.200-ը գյուղերից են:

“Սա յուրօրինակ կրթական շարժում է, որ իրականացվում է Հայաստանում արդեն 6 տարի. Հայաստանը մրցույթին սկսել է մասնակցել 2009 թվականից”,-նշեց “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը: “Կենգուրու” ծրագրի ղեկավարը տեղեկացրեց, որ բարձր դասարանի հաղթողները` Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Միհրանյանը և Տիգրան Շախկյանը  ստացել են միջազգային ճամբարի մասնակցելու հնարավորություն, սակայն աշակերտներից մեկն ընդունվել է Մոսկվայի տնտեսագիտության բարձրագույն դպրոց և պետք է շուտով մեկնի, իսկ մյուսը վաղը  մասնակցելու է միջազգային մրցույթի մաթեմատիկայից,  ուստի, ճամբարին մասնակցելու փոխարեն հաղթողները ստացան այլ մրցանակներ;

Կենգուրու

Իսկ կազմակերպիչները նշում են, որ մրցանակները խրախուսական են, խթանիչ բնույթ ունեն. սա ընդունված է ողջ աշխարհում, իսկ նպատակն է խուսափել գայթակղիչ մրցանակներից, որոնք մասնակիցներին կարող են դրդել մասնակցելու մրցույթին:

Կենգուրու

 

IMG_1294IMG_1297“Անկախ”-ի այն հարցին, թե կա ՞ որևէ վիճակագրություն, թե մասնակից 70 երկրների աշակերտներից հատկապես որ ՞ երկրների աշակերտներն են առավել բարձր ցուցանիշներ գրանցում, “Այբ” կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը պատասխանեց, որ նման վիճակագրություն չկա, քանի որ ծրագիրը փորձում է զերծ մնալ համեմատականներից. նման տվյալները կարող են խոչընդոտել աշակերտների ազատ մասնակցությունը:

Կենգուրու 2014

Իսկ մրցույթի առաջադրանքները կազմվում են տարբեր երկրների մասնագետների կողմից. Ստեղծվում է մասնագետների յուրատեսակ “համայնք”, որ ողջ տարին աշխատում է, ամբողջացնում խնդիրները, այնուհետ ամենամյա գագաթաժողովի ընթացքում ընտրվում են մրցույթի խնդիրները:

Առաջադրանքները դուրս են կրթական ծրագրից, քանի որ դրանք տրամաբանական են և սահմաններ չեն ճանաչում: “Սա շնորհալիների մրցույթ է, ովքեր հատուկ ունակություններով են օժտված և հետևաբար, առաջադրանքներն էլ դուրս են կրթական ծրագրի սահմաններից”,-նշեց ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Իսկ հաղթողներից Նաիրա Շահբազյանը /4-րդ դաս./ “Անկախ”-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում մրցույթին, մրցանակ է ստացել պլանշետային համակարգիչ և հաճույքով մյուս տարի էլ կմասնակցի մրցույթին:

Tags: , , ,