Ստրասբուրգում հայ խորհրդարանականները Ադրբեջանի նախագահին հակահայ շոուի շանս չեն տվել

EXXVԵվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը վստահ է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հարց ուղղելը տակտիկապես սխալ կլիներ, քանի որ այն ևս մեկ հնարավորություն կտար ադրբեջանական կողմին հակահայկական պրոպագանդայի, հակահայկական շոուի նոր արարի, որին վստահաբար ձգտում կամ սպասում էր Ադրբեջանի ղեկավարը: <<Հայաստանի այս պատվիրակությունը աչքի է ընկնում նրանով, որ մեծ մասը ԵԽԽՎ-ում 5,8,10 և ավելի տարիների աշխատանքային փորձ ունեն և այդ տարիների ընթացքում նման իրավիճակների մեջ հայտնվել են, փորձարկել են նման իրավիճակներ: Այնպես, որ համաձայնության եկանք պատվիրակության բոլոր անդամներով և կայացրինք նման որոշում: Մեր պատվիրակության անդամները պատրաստել են ելույթներ, որոնց տեքստերը կցվել են վեհաժողովի արձանագրությանը: Դրանցում մենք ներկայացրել ենք մեր եվրոպացի գործընկերներին՝ շեշտելով Ադրբեջանի պահվածքը, անհարիր լինելը նախագահողի դիրքին>>:

Հերմինե Նաղդալյանն ասաց, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված և շարունակելու է ակտիվ ու աշխույժ աշխատանքն առաջիկա վեց ամիսներին, այսինքն՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահության ժամկետում:

“Կարելի էր և բոյկոտել, և աղմկել, և թողնել հեռանալ, ընդհանրապես դահլիճ չգնալ, սակայն նախընտրեցինք մնալ և աշխատել դահլիճում: Դահլիճում մնալով` մենք հետևում ենք տարբեր պատվիրակների հակազդեցությանը, նրանց արձագանքներին: Դա ևս օգնեց` հասկանալու, թե ինչ բնույթի քայլեր ենք անելու: ԵԽԽՎ-ի աշխատանքներն այդ 30 վայրկյանանոց հարցի մեջ չեն, մանավանդ որ դու հետագայում չունես արձագանքելու հնարավորություն”,-նշեց Նաղդալյանը՝ իրենց հետագա աշխատանքում կարևորելով եվրապատգամավորների հետ անհատական աշխատանքը առանձին հարցերի ուղղությամբ:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանը ևս, անդրադառնալով Ալիևին հարցեր չուղղելու վերաբերյալ դիտարկմանը, ասաց, որ հարցեր չհնչեցնելու նպատակներից մեկն էլ այն էր, որպեսզի հնարավորություն չտրվի հակառակորդ երկրին թեմայից շեղվելու, իր խնդիրներից չխոսելու և նեգատիվն ուղղելու մեր հիմնախնդիրներին: <<Այն ցինիզմը, բացասականը, ագրեսիան, որ Ադրբեջանը պատրաստել էր մեր հարցերին պատասխանելու համար, ուղղեց եվրոպացի պատգամավորներին, ինչով կարծիքը լուրջ փոխվեց և բացասական կարծիք ստեղծվեց Ալիևի մասին”,-ասաց պատգամավորը:

ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ևս ընդգծեց, որ հակառակորդ երկրին հարց ուղղելով՝ հնարավորություն կտրվեր նրան եվրոպական բարձր ամբիոնից հնչեցնել այն, ինչն այլ կերպ չէր կարող ասել:

 

Անկախ

Tags: , , , ,