Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են

IMG_3910Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլը շարունակվում է:

Արտաշատ քաղաքում այսօր կայացած հանդիպմանը մասնակցել են   ինչպես տեղական ինքնակառավարման մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մարզի բնակիչներ։

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, խոսելով երկրի զարգացման գործում Սահմանադրության կարևորությունից, նշել է, որ Սահմանադրությունը պետք է  կարողանա ապահովել պետության, հասարակության կյանքի նորմալ կենսագործունեությունը: «Մենք այսօր խոսում ենք դատական համակարգի անկատարությունից, հավաքների ազատությունից և այլն. սրանց լուծման միջոցներից մեկը հենց Սահմանադրությունն է»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Նրա խոսքով Սահմանադրությունը պետք է լուծի մի քանի կարևոր խնդիր՝ մարդու իրավունքների և ազատությունների սահմանում և այդ իրավունքների ու ազատությունների պաշտպանություն, ինչպես նաև դրանց ապահովման իրական մեխանիզմներ: Անդրադառնալով կառավարման ձևի փոփոխությանը՝ Հրայր Թովմասյանը  խոսել է նաև պառլամենտական կառավարման մոդելին անցնելու անհրաժեշտությունից: Ըստ նրա՝ կիսանախագահականի դեպքում, եթե նախագահն ունի պառլամենտական մեծամասնություն, կառավարման ձևը վերածվում է սուպերնախագահականի, իսկ եթե չունի այդ մեծամասնությունը, ապա՝ պառլամենտականի: «Այդ դեպքում մենք ունենալու ենք թույլ նախագահ, ով չի կարողանա արձակել պառլամենտը, ազատել վարչապետին և այլն, հետևաբար` կհասունանա սահմանադրական, քաղաքական ճգնաժամ»,- ընդգծել է Հրայր Թովմասյանը:

Հանձնաժողովի անդամ Գրիգոր Մուրադյանը կարևորել է սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը, նշելով, որ գործող Սահմանադրությունը  չի կարգավորում որոշ դրույթների լեգիտիմության ապահովումը: «Մենք ունենք կայացած իրավական պետություն, կայացած դատական համակարգ, սակայն կան հարցեր, որոնց լուծումը հնարավոր կլինի իրականացնել միայն սահմանադրական բարեփոխումների միջոցով»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Քննարկմանը ներկա հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հարց են բարձրացրել, թե ինչպես են Սահմանադրությամբ ապահովվելու պաշտոնատար անձանց հանրային պատասխանատվության ենթարկելու մեխանիզմները: Հարցին ի պատասխան Հրայր Թովմասյանը նշել է, որ Սահմանադրությամբ պետք է հստակեցվի հանրային պաշտոնատար անձանց լիազորությունների շրջանակը, ներառվի հաշվետվողականության հստակ ընթացակարգեր: «Ստացվում է, որ հանրային պաշտոնատար անձն ունի լիազորություն՝ ընտրություններից առաջ հայտարարություններ անելու, սակայն չունի հանրային պատասխանատվության պարտավորություն: Հետևաբար, սրանք, միանշանակ,  սահմանադրության մակարդակում լուծվող խնդիրներ են»,- ասել է Հանձնաժողովի անդամը:

Հաջորդ հանրային քննարկումը տեղի կունենա հուլիսի 7-ին՝ Արմավիրում:

 

Անկախ

Tags: , ,