Հանրային քննարկում Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ

հանրային քննարկում-Աֆրիկյանների տուն

Այսօր տեղի ունեցավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հանրային քննարկումը Երևանի պատմամշակութային անշարժ հուշարձաններին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Հանդիպմանը մասնակցում էին «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամները, պատմական հուշարձանների պահպանմամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցինչներ:

«Թրանսփարենսի Ինթերնեշն» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Այվայզյան Սոնան հանդիպումը որակեց գուցե ինչ-որ չափով ուշացած, քանի որ վերջին շրջանում Աֆրիկյանների տան հետ են կապում իրավիճակը, սակայն խնդիրը միայն Աֆրիկյանների տանը չէ, որ վերաբերում է: Խնդիրներն, ըստ նրա, գուցե սաստկացել են դեռ 2000-ական թթ.-ններին, երբ պատմամշակութային հուշարձանների ցուցակը ճանաչվել է ուժը կորցրած, նոր ցուցակ չի կազմվել և դա հանգեցրել է տարիներ շարունակ բազմաթիվ հուշարձանների ոչնչացմանը:  Եվ ինչ՞ հիմքով է խախտվում միջազգային կոնվենցիան, որով արգելվում է հուշարձանների տեղափոխումը:

«Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը բերեց փաստեր՝ ապացուցող, որ խախտումն իրականացնում են իշխանությունները՝ հանձինս Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մշակույթի նախարարության : 2006թ.-ին ՀՀ դատախազության կողմից նրա փաստերով նամակ է ուղարկվել ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ներկայացնելով պատմամշակութային հուշարձանների ցանկի բացակայության մեղավորներին. «Սա նշանակում է, որ 2000-2004թթ.-ին այս հուշարձաններն ծառայել են որպես օբյեկտներ: Իսկ սա հնարավորություն տվեց Հյուսիսային պողոտայի կառուցման ժամանակ ոչնչացնել այդ տարածքի հուշարձանները»,-նշեց Սեդրակ Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ 2004թ.-ին Կառավարության կողմից ընդունվեց պատմամշակութային հուշարձանների ցանկը, որին կից կար նաև հավելված 2. դրանում նշած էին տեղափոխման ենթակա  14 հուշարձաններ: Այդ 14 հուշարձաններից բացի, սակայն, քանդվել են նաև այլ հուշարձաններ:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Լենա Նազարյանը ներկայացրեց պատմամշակութային հուշարձանների հետ կապված ուշագրավ տվյալներ. մասնավորապես, ըստ դրանց՝ Երևանի կենտրոնում կա պատմամշակութային արժեք ներկայացնող մոտ 200 շենք, որից 80-ի վերաբերյալ կազմակերպությունը ուսումնասիրություններ է կատարել. 80 շենքերից 38-ը ներառված են Երևան քաղաքի պատմության ու մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում և ենթակա են պահպանման: 14-ը ենթակա են տեղափոխման, 29-ը ներառված չեն ցուցակում, թեև մասնագետների պնդմամբ՝ ունեն պատմամշակութային նշանակություն: Ապամոնտաժված 23 շենքերից վերականգնվել է 11-ը, սակայն կազմակերպության անդամների պնդմամբ՝ դրանց արտաքին տեսքը և ներքին կառուցվածքը խաթարված է:

Ապամոնտաժված և դեռ չվերականգնված շենքերի վերաբերյալ Քաղաքապետարանի  պարտավորագրերը չի հաջողվել սակայն ձեռք բերել. ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի տվյալների՝ դրանք բացակայում են կամ թերի են, իսկ քանդված քարերը գտնելու ճիգերը մեծմասամբ անհաջող են եղել, քանի որ ապամոնտաժումն իրականացնող կառույցները հրաժարվել են ցույց տալ քարերը կամ պատճառաբանել, որ դրա համար Մշակույթի նախարարության գրավոր թույլտվությունն է անհրաժեշտ, որը հնարավոր չի եղել ձեռք բերել:

«Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանն էլ խոսեց խնդրի իրավական կողմի վերաբերյալ: Ըստ նրա՝ Աֆրիկյանների դեպքը ցույց տվեց, որ օրենքը կիրառող մարմինները կամ չեն պատկերացնում իրենց իրավական պարտավորությունները կամ այն բովանդակ ճիգը չեն գործադրում, որպեսզի փրկեն հուշարձաններ. «Որոշ մասնագետների կողմից արտաբերվող «օտար միջավայր» հասկացությունը չեմ կարողանում հասկանալ. նույն տրամաբանությամբ, հնարավոր է, Օպերայի շենքը շրջապատող սրճարանները ևս  օտար միջավայր ստեղծող հանդիսանան, նշանակում է պիտի քանդե՞ն Օպերան»,-նշեց  Նարեկ Աշուղաթոյանը:

Նարեկ Աշուղաթոյանը բերեց այն իրավական հիմքը, որով Աֆրիկյանների շենքի ապամոնտաժումը համարվում է անօրինական. մասնավորապես՝ 2009թ.-ին ԱԺ-ում վավերացվել է Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահանության մասին կոնվենցին, որի 5-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր կողմ պարտավորվում է արգելել պահպանվող յուրաքանչյուր հուշարձանի ամբողջական կամ մասնակի տեղափոխումը՝ բացի այն դեպքերից, երբ այդ հուշարձանների նյութական պահպանությունը հրամայաբար պահանջում է այն տեղափոխել:Օրենսդրության շրջանակներում միջազգային կոնվենցիան ներպետական ավելի բարձր ուժ ունեցող ակտ է, որ հստակ արգելում է հուշարձանների տեղափոխումը:  Այս կոնվենցիան Օրենսդրության անբաժանելի մասն է, իսկ բացառությունները տվյալ շանքերին չեն առնչվում:

«Հին Երևան»  նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը նշեց, որ 1975 թվականից մինչ այսօր ընթանում է այս գործընթացը և դեռ Խորհրդային տարիներից է սկսվել: Ըստ նրա՝ սա ոչ սիրողական մակարդակի, այլ լուրջ մասնագիտական-ճարտարապետական քննարկման խնդիր է, իսկ Աֆրիկյանների տունը գտնվում է կառուցապատման կարմիր գծից 4 մետր երթևեկելի մասում: «Տերյան 11-ը միակ հուշարձան-շենքն է, որի ապամոնտաժման գործից սկսած բոլոր փաստաթղթերը լիովին տեղում են»,-ասաց  Լևոն Վարդանյանը :

Իսկ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը Լևոն Վարդանյանին խորհուրդ տվեց  ներկաներին չմեղադրել պատվեր կատարելու մեջ: «Իմ թշնամիներն են բոլոր նրանք, ովքեր հուշարձան են ոչնչացնում, ով էլ լինի, երբ էլ լինի: Ճոռոմ բաներ չեմ ասում. հուշարձան ոչնչացնողը պետության թշնամին է: Ճարտարագետ-մասնագետները թող կանգնեին Փակ Շուկայի քանդման օրերին ակտիվիստների կողքին, իսկ գիտե՞ք քանի ճարտարագետ է հերթ կանգնել  Շուկայի նոր դիզայնը անելու համար»,-նշեց Մանուկյանը: Այս չարիքի աղբյուրը, ըստ Արամ Մանուկյանի, դեռ 2001թ.-ից է գալիս, երբ ավելի բաց հարթակ հանդիսացող ԱԺ-ից հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը փոխանցվեց Կառավարությունը:

«Երբ էլ լինի Ռոբերտ Քոչարյանին դատի եմ տալու թեկուզ միայն նրա համար, որ հայկական շարժական հուշարձանների մեկ բեռնատար Թուրքիայով տեղափոխեց Գերմանիա. 11-րդ դարի ավետարաններ կային, ձեռագրեր և այլն»,-նշեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանը նշեց նաև, որ բացերը փակելու եղանակ կարող է լինել հուշարձանների ցուցակը հաստատելու իրավասությունը ԱԺ-ին վերադարձնելը:  Արամ Մանուկյանը խոստացավ լինել նախաձեռնողների կողքին, իրավիճակը փրկող յուրաքանչյուր նախագիծ քննության առնել հանձնաժողովում՝ կատակով ավելացնելով. «Այս առումով ես ձեր պատվերը կկատարեմ»:

Tags: , , , , ,